«Հրապարակ». ՀՀ զորամասը 2022-ին վաճառել են Կիպրոսի քաղաքացուն եւ գցել նախկինների «գրպանը»

«Հրապարակ». ՀՀ զորամասը 2022-ին վաճառել են Կիպրոսի քաղաքացուն եւ գցել նախկինների «գրպանը»

Զինվորական դատախազությունը վերջերս մի սենսացիոն հաղորդագրություն տարածեց՝ նոր քրեական վարույթի մասին, որը, ըստ հաղորդագրության, վերաբերում է 10 տարի առաջվա դեպքերին։ Այն նախաձեռնել է Հակակոռուպցիոն կոմիտեն եւ վերաբերում է Գեղարքունիքի Բերդկունք համայնքում 5-րդ մայրուղի, նրբանցք 7 հասցեում գտնվող զորամասի մոտ 2 հեկտար տարածքների վաճառքին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՊՆ ենթակայության տակ գտնվող այդ տարածքները՝ զորանոցով, պահակատնով, շտաբով, էլեկտրական ենթակայանով, պոմպակայանով եւ այլն, վաճառվել են Կիպրոսի մի քաղաքացու։ Նախ, 2012 թվականին, եթե հավատանք դատախազությանը, տարածքն օտարվել է ՌԴ քաղաքացի Գ. Վ.-ին, հետո՝ արդեն կիպրոսցուն: Վաճառքի գինը եղել է 101 մլն դրամ, առքուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Ա․-ն: 

Իհարկե, զորամասը միանգամից չէր կարող վաճառվել, քանի որ հատուկ նշանակության հողատարածք է, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն։ Այդ հիմքով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախ մերժել է առաջնային գնորդին, բայց 1 տարի անց տարածքի նշանակությունը փոխվել է։ «Հատուկ նշանակության հողերի» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ դառնալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված): Իսկ արդեն 2022 թվականին, Գավառի համայնքապետի որոշմամբ, հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին: Խաղաղության դարաշրջանի ոգուն համապատասխան, զորամասը դարձել է հանգստի համար նախատեսված տարածք, զորանոցը՝ հյուրանոց, շտաբը՝ հյուրատուն։ Ռուսաստանցի  Գ. Վ.-ն, այս որոշումից 6 օր անց, նախկին զորամասն արդեն 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի քաղաքացի Է. Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությունն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է Հայաստանում սեփականության իրավունքով հող ունենալ:

Գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործարքից։ Պաշտպանության նախարարության կողմից վաճառքն իրականացրած լիազոր անձը եղել է Արմեն Վոլոդյայի Հակոբյանը, որը 2012-2013 թվականներին զբաղեցրել է ՊՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Արդյոք նա ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ, պարզել դեռ չի հաջողվում։ Առաջին գնորդը՝ ՌԴ քաղաքացի Գեղամ Վարդանյանը, հասկանալի է` միջանկյալ անձ է եղել, դրածո։ Զորամասը Գեղամ Վարդանյանին, փաստորեն, վաճառվել է 2013 թվականին, հողի կարգավիճակ է փոխվել, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նախկին իշխանության ժամանակ գործարքն ավարտին հասցնել չեն կարողացել։ Գործը գլուխ է եկել, եւ վաճառքը կայացել է միայն հեղափոխությունից հետո` ներկա իշխանության օրոք։ Սեփականության իրավունքի վկայականը ՌԴ քաղաքացի Գեղամ Վարդանյանը ստացել է միայն 2022 թվականի դեկտեմբերին։ Վկայականի երրորդ կետում առքուվաճառքի պայմանագիրն է նշվում: 

Հետաքրքիր է, որ դատախազության հաղորդագրության մեջ միայն մեկ նոտար է նշվում, որը 2012 թվականին առքուվաճառքի պայմանագիրն է վավերացրել՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Ա.-ն: Պարզեցինք, որ խոսքն Աիդա Աբրահամյանի մասին է, որն այժմ էլ նոտար է աշխատում։ Սակայն նոր գործարքը՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած վաճառքը վավերացրած նոտարի անունը որեւէ կերպ չի հիշատակվում։ Անգամ նրա անվան եւ ազգանվան առաջին տառերը չկան, թեեւ հենց նա է վերջնականապես ձեւակերպել, եւ նրա ստորագրությամբ ու կնիքով է ՀՀ զորամասը հանձնվել Կիպրոսի քաղաքացուն։ 

Մենք տեղեկացանք մեր աղբյուրից, որ այդ խորհրդավոր նոտարը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի  դուստր Քրիստինե Աշոտի Արսենյանն է։ Կիպրոսի քաղաքացին` երկրորդ գնորդը, Էմիլ Աղեկյանն է, որը Հայաստանում չի գտնվում, եւ նրա անունից գործարքն իրականացրել է նրա հայրը։ Էմիլ Աղեկյանը նախկին զորամասի համար վկայականը ստացել է 2023 թվականի հունվարի 3-ին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են գործարքը սկսել 2012 թվականին, իսկ ավարտել՝ 2023-ին։ Վկայականի երրորդ կետում որպես առքուվաճառքի վկայականի հիմք են նշվում 2012 թվականի առքուվաճառքի պայմանագիրը եւ 20․12․2022 թվականի համայնքի ղեկավարի որոշումը։ Այսինքն՝ 10 տարի այս փաստաթուղթն օդի մեջ է եղել, օրինական ուժ չի ստացել, ապօրինի գործարքն իրականացվել է միայն 2022 թվականին, բայց ուզում են նախկինների «գրպանը գցել»: 
Այսքանից հետո էլ ասում են, թե նախկիններն ինչ ուզել, արել են, իսկ ներկաներն աշխատում են օրենքով` մտորելու թեմա է։ 

ՀԳ․ Բոլոր փաստաթղթերը, որոնց վրա հղում է արվում, «Հրապարակի» տրամադրության տակ են։