Մի ամբողջ սերունդ կորցնելուց հետո նահանջելու տեղ այլեւս չունենք

Մի ամբողջ սերունդ կորցնելուց հետո նահանջելու տեղ այլեւս չունենք

Ֆրանսաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին, Հայաստանի ներուժին, Թուրքիայի նկրտումներին, արվեստի ուժին ու քաղաքականությանը։ Իր խոսքում նա մասնավորապես նկատել է, որ ճակատագրական պահերին հայերի ինքնապաշտպանական բնազը վերածվում է գերուժի․ 

«Թուրքիայի վաղեմի երազանքն է՝ վերջնականապես վերացնել Հայաստանը։ Որոշ արեւմտյան երկրներ թե՛ 1915-ին, թե՛ այսօր աշխատում են նույն ուղղությամբ՝ թուրքերի ձեռամբ։ Ֆրանսիայի հայ համայնքը շատ ակտիվ է, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին տրամադրվող մարդասիրական օգնությանը։ Ցավոք, քաղաքական դաշտում մեծ ազդեցություն չունեն։ Ինչպես տեսնում եք, նախագահ Մակրոնը, բացի հայամետ կոչերից, մինչ օրս ոչ մի ստույգ ճնշում չի կիրառում Թուրքիայի դեմ, անգամ տնտեսական պատժամիջոց կիրառելու որոշում չի ընդունվել։ Ինչ վերաբերում է աշխարհասփյուռ հայերին, նրանք անում են եւ կանեն հնարավորն ու անհնարը, քանզի դա նաեւ իրենց գոյատեւման խնդիրն է։ Առանց Մայր Հայաստանի հայը գոյություն ունենալ չի կարող։ Սա համազգային կենաց-մահու կռիվ է։ Մենք ընտրյալ ազգ ենք, եւ ճակատագրական պահերին մեր ինքնապաշտպանական բնազը վերածվում է գերուժի։ Դրսի հանրությանը հիացնում է մեր երիտասարդ զինվորների մարտական ոգին, ոգի, որ մեր թշնամիները չեն կարող գնել ոչ մի գնով։ Պետք է միասնական լինել, հատկապես, երբ հարաբերական անդորր է։ Տաղանդավոր ազգ ենք, բայց այս առումով թերանում ենք։ Մենք մի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո նահանջելու տեղ այլեւս չունենք։ Պետք է Արցախի անկախությունը միջազգային մակարդակով ճանաչվի եւ շուտափույթ ընդգրկվի Հայաստանի կազմի մեջ։ Լավագույն տարբերակը կլիներ մեր համար այն, որ Ադրբեջանում հեղաշրջում սկսվեր»։