ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Թուրքիայի ներգրավմանը ԼՂՀ պատերազմում

ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Թուրքիայի ներգրավմանը ԼՂՀ պատերազմում

Հուլիսի տավուշյան բախումների օրերին այնպես ստացվեց, որ ԱՄՆ Պետդեպի Բրյուսելի մամլո կենտրոնում (Brussels Media Hub) հերթական ասուլիսն էր, հյուրն ԱՄՆ բանակային ուժերի քարտուղար (US Secretary of Army) Ռայան ՄըքՔարֆին էր: Երկու հարց ուղարկեցի, որոնցից մեկին պրն ՄըքՔարֆին ասուլիսում պատասխանեց, այդ մասին հոդվածը «Հրապարկում» տպագրեցինք «ԱՄՆ բանակային ուժերի նախարարի պատասխանը» վերտառությամբ, 17 հուլիսի 2020թ. ։
Սակայն, ինչպեսեւ այդ հոդվածում եմ գրել, իմ ուղարկած երկու հարցերից առավել հետաքրքիր ու գոնե արդիական էր այն հարցը, որին ասուլիսում անդրադարձ չեղավ: Այդ հարցը ձեւակերպված էր հետեւյալ կերպ․ «Պրն քարտուղար, ինչպես, հավանաբար, տեղյակ եք, վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումներ էին ընթանում, եւ զարմանալիորեն Թուրքիայից որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ պատրաստակամություն են հայտնել հանուն Ադրբեջանի զոհվելու: Հարցեր չկան, եթե դա զգացմունքային ճիչ է, բայց կա՞ արդյոք իրատեսական հնարավորություն, որ ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան զինված միջամտի որեւէ հակամարտության Հարավային Կովկասում»: 

Հասկանալի է, որ հարցը հնչեցնել, որը` ոչ, որոշել էր ասուլիսը վարող անձը, ոչ քարտուղար ՄըքՔարֆին, բայց հարցն ինձ հետաքրքիր էր, եւ, կարծեմ, հաջորդ օրը, երբ Բրյուսելի մամլո կենտրոնից ծանուցում եկավ, որ մի քանի ժամ հետո պետքարտուղար Մայք Պոմպեոյի ճեպազրույցը կլինի Վաշինգտոնում, նույն հարցն ուղարկեցի Պոմպեոյի ճեպազրույցը կազմակերպող Պետդեպի ծառայությանը: Այնտեղից պատասխանեցին, որ իր բացման խոսքում Պոմպեոն անդրադառնալու է հայ-ադրբեջանական սահմանային բախմանը, պետք է ուղղակի հետեւել ճեպազրույցին: Այսինքն՝ դարձյալ հարցը չէր հնչի:

Այդ դեպքում որոշեցի վերջին հնարավորությանը դիմել, գրեցի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ խնդրեցի, որ հարցս փոխանցեն Պետդեպի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյին: Հարցը սիրով ուղարկեցին, եւ մի երկու ժամում Վաշինգտոնից եկավ պատասխան, որում ասվում էր, որ այդ պահին ոչինչ չունեն ավելացնելու, կարող են միայն կրկնել Պետդեպի խոսնակի հայտարարությունը: Այն էր. 

«Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է բռնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին: Մենք կողմերին կոչ ենք անում՝ անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, իրենց միջեւ առկա անմիջական հաղորդակցության խողովակներն օգտագործել հետագա սրացումը կանխելու համար եւ խստիվ պահպանել հրադադարը: 

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական, խաղաղ հանգուցալուծման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Մենք ակտիվորեն ներգրավված ենք մնալու այդ նպատակին հասնելու ջանքերին:
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կողմերին կոչ անելով որքան հնարավոր է արագ վերսկսել առարկայական բանակցությունները, եւ ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների` տարածաշրջան վերադառնալու կարեւորությունը, երբ հանգամանքները թույլատրեն»: Այլ կերպ ասած՝ դարձյալ իմ հարցին չհնչեց պատասխան: 
Արդյունքում, ամբողջ երկու օր, բոլոր հնարավոր խողովակները փորձելով՝ ես չկարողացա ԱՄՆ-ից պատասխան ստանալ այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան զինված միջամտի որեւէ հակամարտության Հարավային Կովկասում: 

Ոչ ամբողջ ճշմարտությունը, սակայն միշտ ճշմարտությունը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, որին արդեն ոչ միայն հռետորաբանությամբ, հանուն Ադրբեջանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարություններով, այլեւ սպառազինությամբ, ռազմական մասնագետներով եւ Մերձավոր Արեւելքից տեղափոխվող զինյալներով որոշակիորեն խառնվեց Թուրքիան: Փաստացի իրողության դարձավ այն, ինչի մասին հուլիսին հարցնում էի ԱՄՆ պատկան ատյաններին եւ պատասխան չէի ստանում, ինչից էլ եզրակացրել ու հոդվածում գրել էի. «Արդյո՞ք Թուրքիայից նախարար Չավուշօղլուի եւ մյուսների զոհվելու պատրաստակամությունն այնքան է զգացմունքային եւ անլուրջ, որ մեկնաբանել հնարավոր չէ: Երեւի այդպես է, եթե ԱՄՆ-ից հետեւողականորեն չեն ցանկանում մեկնաբանել»: 
Այժմ, ընթացիկ չորեքշաբթի նույն Բրյուսելի մամլո կենտրոնում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովին ընդառաջ առցանց ասուլիս էր կազմակերպվում ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի հետ: Բնականաբար, արդեն այսպիսի հարց ուղարկեցի Բրյուսել.
«Հարգելի տիկին դեսպան
Մեկ-երկու ամիս առաջ՝ հուլիսին, Բրյուսելի մեդիա կենտրոնում ԱՄՆ բանակային ուժերի քարտուղար Ռայան ՄըքՔարֆիին ասուլիսի ժամանակ ես այսպիսի հարց էի ուղարկել․ «Պրն քարտուղար, ինչպես, հավանաբար, տեղյակ եք, վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումներ էին ընթանում, եւ զարմանալիորեն Թուրքիայից որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ պատրաստակամություն են հայտնել հանուն Ադրբեջանի զոհվելու: Հարցեր չկան, եթե դա զգացմունքային ճիչ է, բայց կա՞ արդյոք իրական հնարավորություն, որ ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան զինված միջամտի որեւէ հակամարտության Հարավային Կովկասում»: 
Պրն ՄըքՔարֆին պատասխանեց իմ մեկ այլ հարցի, ո՛չ այս հարցին: Հետո նույն հարցն ուղարկեցի Պետդեպի լրատվական ծառայություն, այնուհետ՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրո, բայց ստացված պատասխաններն իրավիճակի վերաբերյալ ընդհանուր հայտարարություններ էին, որտեղ չկար պատասխան իմ հարցին: 
Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը բռնկված է, եւ Թուրքիան զգալիորեն մասնակցում է այդ պատերազմին ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ սպառազինությամբ եւ ռազմական մասնագետներով, ես հետահայաց մտածում եմ՝ հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: 
Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել: Շնորհակալություն»:
Եթե ամերիկյան կողմը չցանկանար պատասխանել՝ տեղյակ եղել են, թե ոչ, ինքնաբերաբար հարցի հնչեցվելու հավանականությունն էլ փոքր կլիներ: Հարցը չհնչեց, եւ, հետեւաբար, ինձ մնում էր մեկ գործնական քայլ` նույն հարցն ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հինգշաբթի օրն ուղարկեցի եւ խնդրեցի՝ եթե հնարավոր է, նույն օրը պատասխանել։ Դեսպանատնից պատասխանը եկավ, եւ այն հետեւյալն էր, որ այս պահին լրացուցիչ ոչինչ չունեն ավելացնելու այն հայտարարությանը, որ ես ստացել էի հուլիսին Վաշինգտոնից եւ վերը մեջբերել եմ: 
Արդյունքում ոչ միայն ուղիղ տված հարցին «Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմը հուլիսին տեղյակ չի եղել, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում», ԱՄՆ-ից տեղյակ լինելը չեն հերքում, այլեւ հղում անելով հուլիսյան հայտարարությանը, ըստ էության, ասվում է, որ հանգամանքները նույնն են այսօր եւ հուլիսին` Թուրքիայի մասնակցությանն առնչվող մասով: 

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները չի կանգնեցրել Թուրքիային

Եթե բացարձակապես չի հերքվում եւ, հետեւաբար, հաստատվում է, որ Միացյալ Նահանգներում դեռ հուլիսից տեղյակ են եղել, որ Թուրքիան կարող է ներգրավվել հնարավոր պատերազմում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, բնականաբար, հառնում է հարցը, թե ինչու Միացյալ Նահանգներից չեն կանգնեցրել Թուրքիային: Ամենքն էլ գիտակցում են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստան չէ, որ Թուրքիայի վրա անմիջական ազդեցության լծակներ չունենա: Հետեւաբար, եթե ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել, կնշանակի որոշակի շահագրգռություն է ունեցել: 
Ի՞նչ շահագրգռություն կարող էր ունենալ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումներում: Իմ խորին համոզմամբ` մեկ ուղղակի շահ եւ հետաքրքրություն` Իրանի սահմանը: Իրանն անվերջ թվով երկրների հետ ունի սահմաններ, բայց անցած երկու տասնամյակներին իր սահմանների ողջ պարագծով al-Quds-ի ամպհովանու ներքո գործող զինյալ խմբավորումներով այնպիսի ցանց է հյուսել, որ հակառակորդ երկրների համար Իրանի ցամաքային սահմանին ֆիզիկապես հասնելը հետախուզության եւ այլ նպատակներով ամենեւին դյուրին չէ:  Իսկ Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջաններն այդ առումով Էլդորադո են: 
Ես ենթադրում եմ, որ նախնական իդեան եղել է, եւ Թուրքիայի խառնվելն էլ անհրաժեշտ է համարվել, որպեսզի բախումները տեւեն մեկ-երկու-երեք օր, այդ ընթացքում Ֆիզուլին եւ Ջեբրաիլն անցնեն Ադրբեջանի հսկողության տակ, եւ հաստատվի հրադադար: Մեկ-երկու օրում պիտի որ մի քանի տասնյակից ավելի կորուստ չլիներ, հստակ գործողություններով Ֆիզուլին եւ Ջեբրաիլը գրավվեին, եւ հաստատվեր հրադադար: Հաշվի առնելով Թրամփի մտածողությունը կամ մտածողության բացակայությունը՝ նրան պիտի որ դժվար չլիներ համոզել, թե մի փոքր բախումով երկու նապաստակ կլինի բռնել․ գլխավորը` Իրանի սահմանին հասնել, երկրորդ` ԼՂՀ շուրջ հաստատված ստատուս-քվոն խախտել եւ 30-ամյա ճահճացած բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժել: 
Բայց մարդիկ ծրագրում են, Աստված՝ տնօրինում: ԼՂՀ-ում ոչ թե սահմանային բախում ստացվեց, այլ՝ անպատկերացնելի արյունահեղություն: Ալիեւն այնքան Արաքսի ափին ձգտեց ու այդ ուղղությամբ մարտերը կենտրոնացրեց, որ բոլորը հասկացան՝ խնդիր ունի Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելու, ու դժվար թե շատ լինեն չհասկացողները, թե ինչու: Իրանի համար բոլոր քարտերն արդեն բաց են, զինված ստորաբաժանումներ է մոտեցրել սահմանին, եւ եթե Սիրիայից բերված ահաբեկիչների քողի ներքո Իրանի սահմանին հասած հետախուզական ծառայությունների գործակալներ ակտիվանան, Իրանը սահմանը հատելու է եւ ուժ կիրառի: Ալիեւն ու Ադրբեջանը ցույց տվեցին, որ ընդունակ չեն արյունահեղությունից բացի ուրիշ խնդիր լուծելու: Թուրքիան էլ՝ իրենց հետ: 
Այժմ պատահական չէ, որ Միացյալ Նահանգներից կրկնում են, որ Թուրքիան պետք է դուրս գա ղարաբաղյան թատերաբեմից, Իրանն էլ չխառնվի: Իրանին` ոչ, բայց Թուրքիային թատերաբեմից հանելը միանգամայն լուծելի հարց է Վաշինգտոնի համար, եւ կարծում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպումների մի արդյունքը հենց Թուրքիայի չեզոքացումը պետք է լինի ղարաբաղյան թատերաբեմից: 
Երկրորդը պետք է լինի հրադադարը, որովհետեւ, այսպես թե այնպես, Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի տարածքների որոշ մասի նկատմամբ վերահսկողությունն անցավ Ադրբեջանին: Դրանք դժվար թե այլեւս արդյունավետ ծառայեն որպես Իրանի դեմ ռազմահետախուզական գործողությունների ֆորպոստ, բայց դա արդեն այլ հարց է: Ներկա պահին Ադրբեջանի ինքնագործունեությունը՝ նոր տարածքներ գրավելու ուղղությամբ, որեւէ մեկին հետաքրքրել չի կարող, հետեւաբար, բոլորին հետաքրքողն այլեւս կանգ առնելն ու հրադադարն է: Տեսնենք, թե Վաշինգտոնում այդ ուղղությամբ ինչ կարվի: