Կրթության տեսչական մարմինը՝ Գյումրու թիվ 27 դպրոցում հայտնաբերված  չարաշահումների մասին 

Կրթության տեսչական մարմինը՝ Գյումրու թիվ 27 դպրոցում հայտնաբերված  չարաշահումների մասին 

Ինչպես հայտնի է, Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է միանգամից 2 քրեական գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ տնօրենին կասկածում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, բացի այդ՝ դպրոցում մի շարք առարկաներ չեն դասավանդվել, սակայն ուսուցիչներն աշխատավարձ են ստացել։ ՀՀ կրթության տեսչական մարմնին հարցում արեցինք՝ մասնավորապես հարցնելով, թե մարմինն այդ դպրոցում ինչ ստուգումներ է կատարել, և այդ ստուգումների արդյունքում ինչ է հայտնաբերվել։ Ներկայացնում ենք պատասխանը․

«Սույն թվականի փետրվարի 6-8-ը ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու Հ․ 27  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում՝ քաղաքացու կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարին հասցեագրված և ՀՀ տեսչական մարմնին վերահասցեագրված դիմումում ներկայացված՝ կրթության բնագավառին վերաբերող փաստարկների («Դասաբաշխումների կոպիտ խախտումներ», «Դասերի բաց ու թող վիճակ») իսկությունը պարզելու նպատակով։

Ստուգման ընթացքում  հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ։ Խախտումների հետևանքները վերացնելու նպատակով դպրոցի տնօրենին տրվել է հանձնարարական։ 

Դիմումում բարձրաձայնված առերևույթ ֆինանսական խախտումների փաստարկների ստուգումը տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից դուրս է եղել, դրանք վերահասցեագրվել են ՀՀ ոստիկանություն։ Ստուգման արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳ նախարարին և ՀՀ Շիրակի մարզպետին՝ վերջինիս առաջարկելով տնօրենի նկատմամբ կիրառել համապատասխան կարգապահական տույժ։ Դպրոցի տնօրենի ձերբակալության փաստի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։ Վստահ ենք, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա, իսկ մեղավորները պետք է սահմանված կարգով պատասխանատվություն կրեն»։