Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն ու Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ Գյումրու փոխքաղաքապետեր

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն ու Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ Գյումրու փոխքաղաքապետեր

Մեր տեղեկություններով ՝ Գյումրու ավագանու առաջիկա նիստին կհայտարարվի փոխքաղաքապետի անունը, որը թափուր էր մնացել Դավիթ Առուշանյանի՝ ԱԺ գործուղվելուց հետո։ Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրելու է ընդամենը մի քանի ամիս առաջ ավագանու մանդատը վերցրած Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։ Վերջինս ավագանու անդամ դարձավ, երբ մանդատը վայր դրեց Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը։

Վահագն Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, եւ հենց նրանց տանն են հյուրընկալվում վարչապետն ու տիկինը, երբ Գյումրի են այցելում։ ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ այս կիրակի էլ վարչապետն ու տիկինը Գյումրիում էին, գուցե հենց այդ նպատակո՞վ էր, որպեսզի քննարկեին ու վերջնականապես որոշեին Վահագն Մկրտչյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։

«Դե, մորաքրոջ օջախ անպայման այցելում են, բայց երևաց, որ մարդիկ եկել էին հանգստանալու, հիմա թե էդ մասին իրար մեջ խոսել են, թե չեն խոսել, ես չեմ կարող ասել»։ Մի՞թե ՔՊ ավագանու կազմում առավել «ստաժավոր» եւ տարեց թեկնածու չկար․ «Կան, իհարկե, բայց Վահագնն էլ շատ կիրթ, համեստ տղա է, նրա թեկնածությունը միանգամից է ընդունվել»,-ասաց մեր զրուցակիցը։

«Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն էր՝ այդ պատճառո՞վ»։ «Վայ, դե, չէ էլի, ինքն արժանի է, բժիշկ տղա է․․․»,-հակադարձեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ փոխարինելով Դավիթ Առուշանյանին՝ Վահագն Մկրտչյանը կնշանակվի Գյումրու քաղաքապետի երկրորդ տեղակալ, իսկ առաջին տեղակալը՝ Արթուր Պապիկյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է։