Հաղթել՝ չկռվելով. ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի կապակցությամբ

Հաղթել՝ չկռվելով. ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի կապակցությամբ

Մեկ տարի առաջ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ իր զորքերը մտցնելով Ուկրաինա: Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ իրենց նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումն է: Առաջին օրերին ռուսական բանակի չարդարացված կորուստները եւ հետագա նահանջը՝ արդեն զբաղեցրած տարածքներից, ցույց տվեց, որ Ռուսաստանը պատրաստ չէր Ուկրաինայի լուրջ դիմադրությանը, Ռուսաստանի ռազմական, լոգիստիկ եւ տեխնիկական հնարավորությունները բավարար չէին այդ մասշտաբի պատերազմ վարելու համար: Ռուսաստանը հիմա մեծ ցանկություն ունի՝ դուրս գալու պատերազմից, բայց՝ սեփական դեմքը պահելով. գոնե այս պահին իր վերահսկողության տակ գտնվող տարածքների կամ առնվազն դրա մի մասի նկատմամբ վերահսկողությունը պահպանելով, Ուկրաինան հրաժարվում է որեւէ բանակցությունից՝ որպես նախապայման առաջ քաշելով ռուսական զորքերի հետնահանջը՝ մինչեւ 2014 թ․ մարտի սահմաններ։ Այսինքն, նաեւ Ղրիմի հանձնում, որը կնշանակի Պուտինի իշխանության վերջնական ջախջախում: Քանի որ կողմերի դիրքորոշումները փոխբացառող են, պատերազմը շարունակվում է, որը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային, բայց ձեռնտու է ռուս-ուկրաինական պատերազմում ներգրավված այլ երկրների:

Առաջին հայացքից պատերազմի սկսման համար մեղավորը եւ պատասխանատուն Ռուսաստանի նախագահն է, որը 2022-ի փետրվարի 24-ին հրաման տվեց իր զորքերին՝ անցնել ռուս-ուկրաինական սահմանը եւ շարժվել դեպի Կիեւ, բայց հաճախ երկրների կամ, ավելի ճիշտ՝ նրանց քաղաքական ղեկավարության պահվածքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղորդվում է: Ռուսաստանը 2014 թվականից փաստացի պատերազմի մեջ էր Ուկրաինայի հետ` Դոնբասում, չնայած պաշտոնապես հրաժարվում էր հաստատել իր մասնակցությունը՝ ասելով, որ Դոնբասում ընթացող պատերազմը քաղաքացիական է՝ իրար դեմ կռվում են, մի կողմից, Ուկրաինայում 2014-ին իշխանության եկած ուժերի կողմնակիցները, իսկ մյուս կողմից՝ այդ իշխանափոխության հակառակորդները: Ռուսաստանը հսկայական ֆինանսական եւ հեղինակության կորուստներ էր կրում այդ քաղաքացիական պատերազմը սպասարկելու համար, եւ հնարավոր է, որ ինչ-որ պահի որոշեց, որ եթե հնարավոր է մի քանի օրում գրավել Կիեւը եւ այնտեղ նշանակել իրեն ենթակա իշխանություն, արագ ավարտելով պատերազմը, ինչո՞ւ տարիներով ձգել այն: Մյուս կողմից էլ՝ Արեւմուտքին ցույց կտա, թե ով է իրականում այդ տարածքում հարցեր որոշողը: Արդյունքում ստացավ ավելի մեծ մասշտաբների ու անհամեմատ ավելի շատ ռեսուրսներ խլող պատերազմ:

Մինչեւ պատերազմի սկիզբը Արեւմուտքը չէր էլ թաքցնում, որ Ռուսաստանի համար նախապատրաստում է նոր Աֆղանստան: 90-ականների տնտեսական անկումից եւ քաոսից հետո Ռուսաստանը, շնորհիվ նավթի ու գազի գների աճից ստացվող եկամուտների, երկրում քաղաքական կայունության եւ ներքին խնդիրներից մասամբ ձերբազատվելու կարողության, հնարավորություն էր ստացել՝ կրկին ոտքի կանգնել եւ իրեն ուժեղ զգալ՝ այնքան, որ համարձակություն ուներ հայտարարել իր աշխարհաքաղաքական շահերի եւ դրանք հետապնդելու կարողությունների մասին: Ռուսաստանը նախ 2008-ին պատերազմ սկսեց Վրաստանի դեմ՝ փաստացի իրենով անելով Աբխազիան եւ Հարավային Օսիան, 2014-ին իրեն միացրեց Ղրիմը, 2015 թ․ ռազմական գործողություն սկսեց Սիրիայում՝ հնարավորություն ստանալով պահել միջերկրածովյան Տարտուսի ռազմածովային բազան, իսկ Հմեյմիում էլ կառուցելով ռազմաօդային ուժերի բազա: Ռուսաստանը սկսեց միջամտել աֆրիկյան մայրցամաքում ընթացող հակամարտություններին՝ ակտիվ դերակատարում ստանձնելով Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմում, ապա, ըստ էության, Մալիից դուրս մղեց ֆրանսիացիներին, Միացյալ Նահանգների քթի տակ կարողացավ պահել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը, 2016-ին օգնեց Էրդողանին՝ ճնշելու ռազմական հեղաշրջման փորձը: Յուրաքանչյուր հաջողված ռազմական գործողություն, յուրաքանչյուր նոր ձեռքբերում ավելի էին մեծացնում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակը, ամրապնդում հավատը սեփական ուժերի նկատմամբ: Պետք էր կանգնեցնել Ռուսաստանին, սպառել այդ ախորժակը, իսկ դա հնարավոր էր միայն մի այնպիսի կերակուր մատուցելով, որը նրա ստամոքսը չէր կարող մարսել:

Նախ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ապա Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն խոստովանեցին, որ 2014 թվականին կնքված Մինսկի համաձայնագրերը ոչ թե Դոնբասում խաղաղության հասնելու, այլ Ուկրաինայի բանակը Ռուսաստանի բանակի դեմ կռվելուն նախապատրաստելու համար էին: Այդ 8 տարիները բավարար էին պարտված եւ բարոյալքված բանակից խիստ մոտիվացված եւ մարտունակ բանակ ստեղծելու համար, որը զինված էր արեւմտյան պաշտպանական նշանակության ժամանակակից տեսակներով: Արեւմուտքն իր ամբողջ զինանոցը չէր տրամադրել Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանին հեշտ հաղթանակի հասնելու իմիտացիա ստեղծի: Եղած զինանոցը բավարար էր ռուսական բանակի առաջին հարձակումը կասեցնելու համար, հետո արդեն, ըստ անհրաժեշտության, սկսեցին տրամադրել ավելի խոշոր տրամաչափի եւ ավելի արդիական զինատեսակներ: Ռուսաստանի դեմ ձեւավորվեց մոտ 50 երկրներից կազմված կոալիցիա, իսկ մյուս երկրներն սպառնում են որեւէ կերպ չաջակցել Ռուսաստանին: Չինաստանը, Իրանը, Ռուսաստանի այլ կիսադաշնակիցներ ստիպված են անընդհատ արդարանալ, որ իրենք չեն օգնում Ռուսաստանին, բայց նրանց ազնվության նկատմամբ կասկածն անընդհատ մնում է:

Արեւմուտքը հայտարարում է, որ ոչ մի կերպ թույլ չի տալու Ռուսաստանի հաղթանակը, Ռուսաստանը սպառնում է, որ իր պարտությունը կվերածվի միջուկային աղետի: Արեւմտյան երկրները համոզված են, որ Ռուսաստանը չի գնա միջուկային շանտաժի իրականացման եւ անգամ պարտության դեպքում չի դիմի միջուկային զենքի: Իսկ եթե անգամ դիմի էլ, դա կարող է լինել մարտավարական միջուկային զենքի կիրառման տեսքով, որը, օրինակ, Միացյալ Նահանգներին եւ Բրիտանիային չի սպառնում: Այդպիսի զենքի կիրառումը կմոռացնի ճապոնական քաղաքների ամերիկյան ռմբահարումների հիշողությունը եւ հավերժ անեծքի տակ կթողնի Ռուսաստանին, ինչի պատճառով Ռուսաստանը նման քայլի չի գնա, որքան էլ որ որոշ երկրներ շահագրգռված լինեն նման սցենարի իրականացմամբ: Արեւմտյան դաշինքի ներսում էլ կան ենթադաշինքներ, որոնք փորձում են ոչ միայն հնարավորինս թուլացնել իրենց թշնամի Ռուսաստանին, այլեւ իրենց որոշ բարեկամների: Բրիտանիա-Արեւելյան Եվրոպայի երկրներ դաշինքը ցանկանում է՝ որքան հնարավոր է, թուլացնել Գերմանիա-Ֆրանսիա զույգին՝ նրան զրկելով Եվրոպայում ունեցած առաջնորդող դերից, իսկ այս երկուսն էլ փորձում են պահպանել իրենց դիրքերը եւ զսպել առաջնորդության հավակնություններ դրսեւորող Լեհաստանին եւ ցամաքային Եվրոպայի գործերին անընդմեջ միջամտող եւ բոլորին իրար դեմ լարող Բրիտանիային:

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հնարավոր չէ կանխորոշել, այն կախված չէ ո՛չ Ռուսաստանից եւ առավել եւս՝ Ուկրաինայից: Այդ որոշումը կայացվելու է ԱՄՆ-ում. երբ ԱՄՆ-ն որոշի դադարեցնել զենքի եւ ֆինանսների մատակարարումն Ուկրաինային, պատերազմը կավարտվի: Թերեւս Ռուսաստանը պատրաստ է մաքսիմալ զիջումների, միայն թե կարողանա պահպանել իր դեմքը, բայց երբ նրան դեմ են տվել պատին եւ ստիպում են կռվել, նա շարունակելու է դա անել, ինչպես գրեթե 10 տարի պատերազմում էր Աֆղանստանում: Պատերազմն ավարտվելու համար պետք է, որ Արեւմուտքը համարի, որ Ռուսաստանն արդեն այնքան թուլացած է, որ ինչ-որ ժամանակ այլեւս քիթը չի մտցնի մեծերի շահերի տիրույթ եւ կբավարարվի իր ներքին խնդիրների կարգավորմամբ, երբ գերմանական տնտեսությունը կդառնա ոչ մրցունակ, եւ գերմանական արդյունաբերության գիգանտները վերջնականապես կտեղափոխվեն ԱՄՆ: Առայժմ Արեւմուտքի, այսպես կոչված, որոշումների կայացման կենտրոններում այդպիսի զգացողություն չկա, Ռուսաստանը դեռ պնդում է, որ գնում է ուկրաինական պատերազմը հաղթանակով ավարտելուն, Գերմանիան շարունակում է սուբսիդավորել իր արդյունաբերությունը՝ այն մրցունակ պահելու նպատակով, եւ դրա համար պատերազմը շարունակվում է:

Ավետիս Բաբաջանյան