Հանգիստ նստեք տեղներդ՝ մի պառակտեք Սփյուռքը

Հանգիստ նստեք տեղներդ՝ մի պառակտեք Սփյուռքը

Թե որն է «գլխավոր հանձնակատարի» «տիտղոսը» ստացած Զարեհ Սինանյանի դերը Հայաստանում եւ իր պաշտոնում, այդպես էլ չհասկացանք: Մի բան, սակայն, հստակ է, որ Սինանյանն իր գրեթե քառամյա գործունեության ընթացքում հաջողությամբ պառակտեց Հայաստանն ու սփյուռքը: Նա պառակտիչ «փայլուն» օպերացիա է իրականացնում նաեւ հենց սփյուռքի ներսում: Գուցե հենց դա էլ եղել է նրա գլխավոր «հանձնառությունը»: Ու դրա դիմաց Սինանյանն աշխատավարձ է ստանում, աշխատողներ ունի եւ, ամենակարեւորը՝ շրջագայում է աշխարհով մեկ, տուրերի է մեկնում, այցելում պատմամշակութային տարբեր կոթողներ: 
Օրերս Սինանյանը մեկնել էր ԱՄՆ: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ այցն աշխատանքային է: Ըստ պաշտոնական լրատվության, Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում նա հանդիպել է երեք անձի հետ, որոնց հետ էլ քննարկել է Հայաստան-սփյուռք համագործակցության եւ հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր: Ձեռքի հետ էլ Սինանյանը գեղագիտական ու պատմաճանաչողական էքսկուրս է արել։

«Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել համայնքի հայկական եկեղեցում, որը կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձեւ եզակի պատկերակներից եւ հնագույն ճարտարապետական ձեւերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Ի դեպ, եկեղեցին հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ. «Տարվա կառույց» անվանակարգում»,- նշում է պաշտոնական լրատվությունը՝ ընդգծելով, որ Սինանյանը պաշտոնական այցի ժամանակ մասնակցել է կիրակնօրյա պատարագի: Գուցե նաեւ՝ պատարագի ժամանակ «հանձնակատարն» աղոթել է իր աշխարհիկ, հոգեւոր, ինչու չէ՝ նաեւ մարմնական մեղքերի համար եւ թողություն խնդրել բարձրյալից: Այդ մասին պաշտոնական լրատվությունը լռում է:

Որպես հայկական համայնքի հետ «պատմական» հանդիպման իրեղեն ապացույց՝ ներկայացվում է մոտ մեկ տասնյակ անձանց հետ լուսանկար: Փաստորեն, Սինանյանը Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդում է այսքան փոքրաթիվ մարդկանց հետ: Իսկ թե այդ անպտուղ այցն ԱՄՆ մեր բյուջեի վրա որքան է նստել, պաշտոնական լրատվությունը ոչինչ չի ասում: Չի ասում նաեւ, որ Սինանյանը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում՝ գուցե կարոտել է իր երկրորդ հայրենիքը, եւ այս այցը կարոտն առնելու, մտերիմներին այցելելու նպատակ ունի։

Անհասկանալի շրջագայությունների մեջ է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Գնում է, գալիս, տարբեր անձանց ձեռքը սեղմում, ժպտում, սուրճ խմում, բայց… Հայաստանը դիվանագիտական դաշտում մնացել է մենակ՝ «իզգոյ» երկիր, որին Թուրքիան սկսել է ուղղորդել՝ իր ուզած ճանապարհով… Փետրվարի 23-ին Միրզոյանը ժամանել է Հալեպ, որտեղ նրան դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: Ի տարբերություն Սինանյանի, Միրզոյանը Սիրիա է այցելել ոչ թե պատմամշակութային կոթողներ տեսնելու եւ պատարագի մասնակցելու, այլ՝ ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու հումանիտար նպատակով: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Միրզոյանն այստեղ ցանկացել է հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչներին, սակայն, ըստ այդ աղբյուրների, մերժվել է տեղի համայնքի կողմից: Մարդիկ նրա հետ հանդիպելու ո՛չ սիրտ, ո՛չ էլ ցանկություն են ունեցել: Նրան մնացել է միայն հանդիպել Հայաստանից Սիրիա մեկնած հայ փրկարարների հետ, նրանցից ստանալ իրավիճակի մասին ինֆորմացիա: Ու Միրզոյանը կոտրված սրտով վերադարձել է Հայաստան:

ՀՀ պաշտոնյաների անպտուղ ու անիմաստ շրջագայությունները բուռն զայրույթ են առաջացնում սփյուռքահայերի մոտ: Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Սինանյանը կամ մյուսներն այցելում են ԱՄՆ, որտեղ կան առաքելական աթոռը, կիլիկյան աթոռը, ՀՕՄ-ը, Հայ դատի գրասենյակը, ՀՄԸՄ-ն, կա մեծ համայնք: Մարդը չի հանդիպել նրանցից ոչ մեկին, ջանք չի գործադրել նրանց տեսակցելու որեւէ ուղի գտնելու, այլ հանդիպել է մի երեք անհայտ մարդկանց, լուսանկարվել ու տարածել, թե իբր հանդիպում է տեղի ունեցել համայնքի հետ: Այդ մարդիկ իրենց այցերով պառակտում են հայկական գաղութները: Ճիշտ է՝ այդ մարդիկ ՔՊ-ական երեխաներին տեսնելու հավես ու սիրտ չունեն, բայց թող իրենք ուղիներ գտնեն տեսակցելու, իսկ եթե չեն գտնում այդ ուղիները, ապա այդ գնալ-գալերն իմաստ չունեն, նախընտրելի է, որ չգան: Բյուջեն մսխում են, անիմաստ շրջագայում, որի արդյունքում ավելի են սեպ խրում Հայաստանի ու սփյուռքի միջեւ, պառակտում են, զայրացնում, հիասթափեցնում: Ուստի նրանց կոչ եմ անում՝ հանգիստ նստե՛ք տեղներդ ու մի՛ պառակտեք Հայաստանն ու սփյուռքը…»: