Քաղաքականություն

«Հրապարակ». ՍԴ դատավորների դեպքում լռեցին, հերթը հասավ իրենց

«Հրապարակ». ՍԴ դատավորների դեպքում լռեցին, հերթը հասավ իրենց

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, շարունակում է դատական համակարգը հնազանդեցնելու գործընթացը՝ փորձառու դատավորներին հեռացնելով։ Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց Երեւանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Պատճառն այն էր, որ Նախշքարյանը քննադատել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը։ Մինչ այդ էլ ԲԴԽ-ն դադարեցրել էր Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։ Նշենք, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները հարուցում է արդարադատության նախարարությունը, այսինքն՝ երկու ընկեր՝ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը, «պասերով» ազատվում են իշխանության համար անցանկալի դատավորներից։

Արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արամ Օրբելյանը մեզ հետ զրույցում այս գործընթացը դիտարկում է նախկինում իշխանության կողմից արված հայտարարությունների ֆոնին եւ իրավիճակն անհանգստացնող է որակում․ «Թե ինչ է կատարվում, կդժվարանամ ասել։ Ըստ էության, դա պետք է դիտարկել նախկինում արված հայտարարությունների լույսի ներքո՝ վեթինգի ինչ-որ այլընտրանքային գործընթաց, բայց ակնհայտորեն խիստ անհանգստացնող գործընթաց։ «Անհանգստացնողն» ընկալեք որպես իրավունքի խախտում դիտարկվող երեւույթ, որովհետեւ դատավորների կարգապահական պատասխանատվությունների այս տարափը, որոշ դեպքերում՝ բավականին անհասկանալի պայմաններում, երկրորդը՝ այն անձանց իրավունքները, որոնց՝ բավականին երկար տեւած գործերը վերամակագրվում են, առաջացնում է լուրջ մտահոգություններ։ Այսինքն՝ ինքնին այս խնդիրը նորմալ չի կարող լինել, արտառոց պրոցես է, որին պետք է իրականում գնահատական տրվի, առանձին-առանձին դիտարկվի, բայց այնքանով, ինչքանով կարող ենք դիտել, խնդրահարույց է»։
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ, մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ ոչ հնազանդ դատավորներից ազատվելու գործընթաց է սա․ «Դժվար է ամբողջական գնահատական հնչեցնել, ամեն դեպքում՝ կարգապահական վարույթները երբ հարուցում են, մինչեւ լիազորությունների դադարեցումը կան կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ նույնպես, ես ենթադրում եմ, որ եթե որեւէ դիտավորություն չկա լիազորությունները դադարեցնելու առումով, ապա կարգապահական խախտման փաստը հաստատելու դեպքում հնարավոր է այդ միջոցներից որեւէ մեկը ձեռնարկել եւ արդեն հաջորդ խախտման դեպքում մտածել լիազորությունները դադարեցնելու մասին։ Նկատի ունենալով այն ընդհանուր շարժումը, մոտեցումը, որ կար դատարանների նկատմամբ՝ սկսած 2018 թվականից, եթե տեղավորում ենք այդ ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա թերեւս կարող ենք ասել, որ ինչ-որ մի ձեւով փորձ է արվում ազատվել ոչ հնազանդ դատավորներից»։

Գյուլումյանին հարցրինք՝ իսկ ինչո՞ւ են դատավորները լուռ, ինչո՞ւ համայնքը չի դիմադրում, չէ՞ որ մի օր այդ նույն ուղտն իրենց դռանն էլ կչոքի։ «Մեզ մոտ դատավորների համայնքը, ըստ էության, պասիվ է, որովհետեւ՝ առաջինը, երբ սկսվեցին հարձակումները Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, համայնքն այդ ժամանակ պիտի իր ձայնը բարձրացներ, բայց Դուք տեսաք, թե ինչպիսի լռություն էր։ Այսինքն, ի՞նչ է նշանակում․ երբ ժամանակին մեկ ուրիշի նկատմամբ էին դա անում, ընդ որում՝ ՍԴ դատավորների դեպքում նաեւ իրավական դաշտում էին ինչ-որ բաներ անում, գոնե այդ իրավական նորմերի վերաբերյալ կարող էին կարծիք հայտնել, սակայն քար լռություն էր, ավելին՝ նույնիսկ եղան իրավաբաններ, դատավորներ, որ նույնիսկ համաձայնեցին հակասահմանադրական ճանապարհով հեռացված դատավորների փոխարեն իրենց թեկնածությունն առաջադրել»,- պատասխանեց Գյուլումյանը։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանն էլ է կարծում, որ իշխանությունները փորձում են դատական համակարգն իրենց ենթարկեցնել։ «Բնականաբար, երբ դատավորի լիազորություն է դադարեցվում, այդ հարցը չի կարող չանհանգստացնել փաստաբանական համայնքին, որովհետեւ փաստաբանական համայնքը երազում է ունենալ անկախ, ուժեղ դատական համակարգ, եւ եթե այդ առումով կա խնդիր, ապա, բնականաբար, առաջին վնաս կրողները մենք ենք։ Մեր խնդիրն այսօր այն է, որ գործադիր իշխանությունը չկարողանա դատական իշխանությունն իրեն ենթարկեցնել, եւ այս առումով նման գործիքները, որոնք այսօր կիրառվում են դատավորների նկատմամբ, իրոք կարող են նման թաքնված նպատակ հետապնդել։ Քաղաքական տեսակետից, կարծում եմ, հենց այդ նպատակն էլ հետապնդում են։ Բնական է, որ երբ դատավորների նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում են, եւ երբ որոշումները կարդում ենք, առերեւույթ կան այդ հիմքերը, որ նման միջոց են կիրառում, բայց հարցը հետեւյալն է, թե արդյոք այդ նույն մոտեցումը կիրառվո՞ւմ է բոլոր դատավորների նկատմամբ։ Օրինակ, եթե դատավորը դատական ակտ է ուշացնում, իսկ մենք գիտենք, որ դա ծանրաբեռնվածությունից ելնելով համատարած բնույթ է կրում, արդյոք բոլո՞ր դատավորներն են այդ տույժը կրում, ուրեմն բոլորն էլ պետք է հեռացվեն, եւ այդ դեպքում քանի՞ դատավոր կմնա ընդհանրապես։ Եթե ընտրողական է դա կիրառվում, ուրեմն արդեն անհանգստացնող է, եւ այստեղ, կարծում եմ, բոլորս անելիքներ ունենք՝ ե՛ւ լրագրողները, ե՛ւ փաստաբանները»,- պատասխանեց Զոհրաբյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image