Ոչ մեկը մեզ չի կարող կասկածել եւ մեղադրել

Ոչ մեկը մեզ չի կարող կասկածել եւ մեղադրել

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը երեկ հայտարարեց ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Մենք անցած շաբաթ գրել էինք, որ ԲՀԿ-ից 3 պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, հավանաբար, չեն ընդգրկվի հաջորդ ընտրությունների ցուցակում, ուստի կարող է լքեն խմբակցությունը։ «․․․Ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը՝ փոխանցելով, որ դժգոհ է կուսակցության «անգործությունից»․ ինքը պետական շահն այս պահին վեր է դասում կուսակցական կաղապարվածությունից, այդ պատճառով է դուրս գալիս։ Ուշագրավ է, որ խմբակցության անդամներից շատերի համար Պետրոսյանի հայտարարությունն անսպասելի է եղել։

Հայտարարությունից հետո ԲՀԿ-ականներն ընդհատակ էին անցել։ Գյումրիից ընտրված Վարդեւան Գրիգորյանը մեզնից իմացավ նրա որոշման մասին։ «Ինձ համար անսպասելի է, խմբակցությունում որեւէ նման քննարկում չի եղել, որից կարելի էր մտածել, որ նման բան կլինի»,- ասաց նա։

- Գեւորգ Պետրոսյանը խոսում է հապաղելու մասին։ Խմբակցությունում վերջերս քննարկում եղե՞լ է ԲՀԿ-ի քայլերի վերաբերյալ, հնչե՞լ են դժգոհություններ, որ հապաղում ենք, կոշտ չենք եւ այլն։ Նա ակնարկում է, որ իրեն սաստել են կոշտ ելույթների համար, ուստի դուրս է գալիս, որ կաշկանդված չլինի։

- Նման որեւէ քննարկում չի եղել, եւ, ի վերջո, ես չեմ հասկանում՝ ի՞նչը չպիտի գոհացնի, որտե՞ղ է բացթողում եղել, որտե՞ղ ենք դանդաղել, որտե՞ղ ինչ-որ բան այն չենք արել։

- Օրինակ, Գագիկ Ծառուկյանը միայն 1-2 անգամ է մասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, ողջ ռեսուրսները չի մոբիլիզացնում, անգամ բանակցում է Փաշինյանի հետ, հնարավոր է համագործակցի․․․

- Ծառուկյանի չմասնակցելը պայմանավորված էր ԱԱԾ հրավիրելով։ Բոլորդ եք տեսել, որ միտինգներից 30 րոպե առաջ իրեն ԱԱԾ էին հրավիրում։

- Նույնիսկ Սերժ Սարգսյանն այցելեց Հայրենիքի փրկության շարժման վրան, բայց Ծառուկյանը կարծես մի կողմ է քաշվել։

- Ես որքան հիշում եմ, նրան ԱԱԾ կանչելու ժամանակ հավաքներ չեն եղել։ Իսկ Հանրապետության հրապարակում կուսակցությունների հերթապահության ժամանակ մենք նորմալ հերթապահել ենք, ես անձամբ Միքայել Մելքումյանի հետ մասնակցել եմ նույնիսկ գիշերը։ Ես չգիտեմ՝ ինչ խնդիր կարող էր առաջանալ։

Ինչ վերաբերում է ռեսուրսներին, դուք չգիտե՞ք, թե մարդիկ ինչու փողոց դուրս չեն գալիս, պասիվ են։ Պատճառը սթրեսն է, ժողովուրդն ուշքի չի գալիս, եղանակներն են, հազար պատճառ կա։ Դուք լավ գիտեք, որ ժողովրդի մոտեցումներն իմքայլականների հանդեպ 180 աստիճանով փոխվել է դեպի վատը։ Եթե ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, դա չի նշանակում, թե ճիշտ էր։ 5 հազար երիտասարդ զոհվեցին, 12 հազար երիտասարդից ավելի վիրավոր են, այսօր գերեվարվածներ կան՝ անհայտ ճակատագրով, կամ, ասենք, հայրենիքի 75 տոկոսը տվեցին։

- Պետրոսյանը հայտարարում է․ «Երկրում տեւական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը եւ իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը»: 

- Անձամբ ինձ մոտ Գեւորգ Պետրոսյանը երբեք անհանգստություն չի առաջացրել իր դիրքորոշումներով։ Ավելին, կարծում եմ՝ մերոնք միշտ արձագանքել են բոլոր իրադարձություններին, ե՛ւ հարցուպատասխանների, ե՛ւ հայտարարությունների ժամանակ ֆրակցիայի դիրքորոշումը միշտ է ասվել շատ հստակ։ Ոչ մեկ մեզ չի կարող կասկածել ու մեղադրել, դա հեքիաթի ժանրից է։ Մի քանի օր առաջ Ծառուկյանը ձեզ է հարցազրույց տվել, կասե՞ք ինչն էր փոխվել իր դիրքորոշումներում։ Կրկնեց այն, ինչ ասվում է ֆրակցիայի մյուս անդամների կողմից։

- Իսկ գուցե Պետրոսյանն ուզում է ավելի կոշտ քայլերի գնալ, նման առաջարկ արե՞լ է խմբակցությանը։

- Կոշտ քայլերը որո՞նք են՝ հակասահմանադրական քայլե՞րը։ Պատգամավորները գնան նման քայլերի, որ ի՞նչ անեն, գրավեն կառավարության շե՞նքը։

- Մոռացե՞լ եք՝ Փաշինյանը հեղափոխությունից հետո անգամ պաշարեց ԱԺ շենքը ու հասավ իր ուզածին։ Որեւէ պատգամավորի մազը չծռվեց, չէ՞։

- Հիմա էլ են մարդիկ գալիս, մինչեւ վերջին քառօրյան գալիս էին, բայց ի՞նչ։

- Տեղեկություններ կան, որ Ծառուկյանը մտադիր է որոշ պատգամավորների հաջորդ ընտրացուցակում չընդգրկել, այդ թվում՝ Գեւորգ Պետրոսյանին, հնարավո՞ր է՝ նեղացել է ու դրա համար է դուրս գալիս։

- Իսկ ո՞վ է ասել՝ լինելու են ցուցակում, թե ոչ։ Ընտրություններից իշխանությունը հրաժարվեց, չգիտեմ ինչ պետք է լինի, որ նորից վերադառնան այդ օրակարգին։ Տեսանք, որ ընդդիմադիրները հայտարարեցին, որ իր վարչապետության պարագայում անիմաստ է ընտրություններ անցկացնել, որովհետեւ բոլորը վստահ են, որ դրանք կեղծվելու են։ Այսինքն, դեռ ո՛չ արտահերթի խնդիրը կա, ո՛չ ցուցակների, բայց Դուք ասում եք՝ Նառան չպիտի լինի, Մելքումյանը, Գեւորգը, մեկ ուրիշը։

- Կյանքը ցույց է տալիս, որ մեր աղբյուրներն ավելի շուտ են մեզ ինֆորմացնում, քան դուք եք իմանում։

- (Ծիծաղում է) Եվ հետո՝ դեռ ընտրակարգը չի որոշվել, խոսակցություններ կան, որ բաց համամասնական ընտրակարգով է լինելու, այսինքն՝ ողջ հանրապետության տարածքով է ռեյտինգայինը գործելու, իսկ դա կարող է փոխել իրավիճակը։