Ալեն Սիմոնյանի առաջարկածը խոսքի ազատության դեմ ուղղված նախագիծ է

Ալեն Սիմոնյանի առաջարկածը խոսքի ազատության դեմ ուղղված նախագիծ է

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է վիրավորանքի համար սահմանել մինչեւ 5 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 1 միլիոնի փոխարեն, զրպարտության համար` մինչեւ 10 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 2-ի փոխարեն: Նա փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նախագծի քննարկման ժամանակ առաջարկել է Սիմոնյանին՝ վերանայել ավելացվող դրույքաչափը։ Դանիելյանի խոսքով` ներպետական փորձը ցույց է տալիս, որ անգամ 2 միլիոն տուգանքի չափը մեզանում չի կիրառվել, այլ 50-150 հազար դրամ է եղել դատարանների սահմանած փոխհատուցման առավելագույն չափը: «Առաջարկում ենք, որ ողջամիտ հարաբերակցություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների` խոսքի ազատության, ինչպես նաեւ պատվի ու արժանապատվության միջեւ»,- ասել է փոխնախարարը` առաջարկելով վիրավորանքի դեպքում 2 միլիոն դրամ, իսկ զրպարտության դեպքում` 3 միլիոն առավելագույն շեմը:

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հակված չէ ընդունել կառավարության առաջարկը։ Բնականաբար, որովհետեւ նպատակը լրատվամիջոցներին ֆինանսապես ճնշելն է, այլ ոչ թե խելամիտ ու հանրօգուտ օրենսդրական առաջարկ անելը։ Արդյունքում առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունվեց առանց փոփոխությունների՝ Ալեն Սիմոնյանի տարբերակով։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել՝ մինչեւ 2-րդ ընթերցումը փոփոխություններ կարվե՞ն։ «Կառավարության դիրքորոշումը, որը ներկայացվել է առաջին ընթերցման ժամանակ, մնում է նույնը։ Մինչեւ երկրորդ ընթերցում կներկայացնենք նաեւ նախագծին վերաբերելի այլ առաջարկներ»։

Ազատ մամուլի դեմ ուղղված իշխանական այս քայլին դեմ են ոչ միայն ԶԼՄ ներկայացուցիչները, այլեւ իրավաբանական հանրությունը։ Նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախագիծն ընդհանրապես տրամաբանությունից դուրս է։ «Այդ նախագծում որեւէ չափանիշ հաշվի առնված չէ,  դա պարզապես պատժելու համար է…  իմ կարծիքով՝ սա ոչ մի չափանիշի էլ չի համապատասխանում, ուղղակի զսպելու, մարդկանց արած արտահայտություններն ավելի վերահսկելի դարձնելու եւ մարդուն ստիպելու, որ ավելորդ բառեր չասի․ ահա, այս նպատակն է հետապնդում։ Այս նախագիծն ընդհանրապես տրամաբանությունից դուրս է, նախկինն էլ պակասը չէր․ մինչեւ 2 միլիոն դրամը քիչ գումար չէ, եթե մեր կենսապայմանները, մեր սոցիալական վիճակը հաշվի առնենք, հատկապես լրագրողի համար 1-2 միլիոնը բավականին մեծ գումար է, հիմա դա դարձնել 5 միլիո՞ն։ Ես դատավորի աչքերով եմ նայում, այնպես չէ, որ ազատ թողնես, ով ում ինչ ուզենա, ասի, դա էլ ճիշտ չէ, բայց պետք է ողջամիտ լինի այդ հարաբերակցությունը՝ կատարված արտահայտության եւ դրա համար քաղաքացուն քաղաքացիաիրավական առումով պատժի ենթարկելու։ Ես այդ 5 միլիոնը համարում եմ, որ ողջամիտ չէ, բայց կողմ էլ չեմ, որ ընդհանրապես պատիժ չլինի, մի քիչ տարերային վիճակի կվերածվի, որ ով ում ինչ ուզենա, ասի»,- ասաց նախկին դատավորը։

Ավետիսյանին հարցրինք՝ ինչո՞վ են առաջնորդվել դատավորները տուգանք նշանակելիս, եւ արդյոք կսկսե՞ն էլ ավելի մեծ տուգանքներ սահմանել, եթե առավելագույն շեմը հասցվի 5 եւ 10 միլիոն դրամի։ «Այո, ողջամտության սահմաններում են եղել՝ 100, 200 հազար, գուցե նաեւ՝ 400 հազար, բայց ոչ թե 2 միլիոն։ Բնականաբար, փոփոխություն կլինի, բազմաթիվ գործեր եղել են, որ մինիմալ եւ մաքսիմալ շեմերի հարաբերակցությունն ենք հաշվի առել։ 5 միլիոն վերին շեմի դեպքում 150 հազարը․․․ ճիշտ է, արդարացի կլինի, բայց կստացվի, որ օրենքի ողջամտության սահմաններից դուրս ես եկել։ Ես Ձեր հարցը հասկացա, այո, որոշակի փոխություն կլինի, բայց այսօր ոչ մի դատավոր տրամադրված չէ, որ մաքսիմալ գումարի չափ սահմանի... ինչ-որ չափով կտարբերվի»,- պատասխանեց Ավետիսյանը։

Զրուցեցինք նաեւ փաստաբան Իրինա Մանուկյանի հետ։ Նա կարծում է, որ այս նախագծի թիվ 1 թիրախը լրատվամիջոցներն են։ «Ընդհանրապես դրույքաչափը, որը սահմանվել է օրենքով, ունի տրամաբանական մոտեցումներ, դա սահմանել են՝ ելնելով նվազագույն աշխատավարձից, քաղաքացիական շրջանառությունից, մեր երկրի տնտեսական վիճակից, քաղաքացու ապահովվածության աստիճանից եւ շատ այլ հանգամանքներից։ 1 ու 2 միլիոնը մեր հասարակության մեջ այսօր իրենց զսպող դերը կատարում են, իսկ այդ 5 միլիոնն ու 10 միլիոնը, որն իրենք են նախագծով առաջարկում, ուղղակի միտում ունի սպասարկելու միմիայն իրենց շահերը, որովհետեւ իրենք իրենց վարքագծով քննադատության կիզակետում են հայտնվել։ Դա Ձեր՝ լրատվամիջոցների դեմ ուղղված քայլ է, այնպես են անում, որ թերթի մեկ համարից հետո դատական հայց ներկայացնեն ու հասնեն թերթի լուծարմանը։ Ես այդպես եմ պատկերացնում։ Ես ձեր թերթն ամեն օր եմ կարդում, նյութերում հնչող խոսքը մեծ մասամբ հաճո չէ իշխանություններին, եւ, բնականաբար, դուք եւ ձեզ պես մյուս մեդիաները կհայտնվեն թիրախում եւ դատարաններից դուրս չեն գա։ Իհարկե, ամեն նյութի համար չէ, որ դատարանը ձեզ կպարտավորեցնի վճարել այդ տուգանքը, բայց միայն այն հանգամանքը, որ այդ 5 եւ 10 միլիոնը... ինչո՞ւ հիմա, այս իրավիճակում, ինչո՞վ է պայմանավորված այդ նախագծի արդիականությունը։ Եթե մենք նախագծի խորքային բովանդակությանն ենք նայում, ապա այն պարունակում է քաղաքական ենթատեքստ, միմիայն նպատակ է հետապնդում ԶԼՄ-ներին զրկել այնպիսի տեղեկություն տարածելու հնարավորությունից, որն այս կամ այն կերպ կարող է վարկաբեկել իշխանությանը։

Սա միանշանակ ժողովրդավարության ճգնաժամ է։ Եթե խոսում ենք սակագների բարձրացման մասին, ապա պետք է ունենանք հստակ հասարակական պահանջ, երբ ես կարդում եմ իրենց բերած հիմնավորումները, իրենք ոչինչ չեն ներկայացրել, թե ինչով է հիմնավորված այդ փոփոխության պահանջը։ Այսօր մենք վիրավորանքի եւ զրպարտանքի գործերով բավականին շատ դատական պրակտիկա ունենք, եւ դրանք բավականին գործող միջոցներ են, չկա հասարակությունում ձեւավորված պահանջ, որ արդարացներ այդ փոփոխությունները։ Ես դա կապում եմ վերջին իրադարձությունների եւ մեր իշխանության անհասկանալի վարքագծի հետ։ Այսօր մամուլի ինստիտուտը, որպես 4-րդ իշխանություն, մեր երկրում կայացել է, եւ ինչպես փորձը ցույց է տալիս, այսօր ամենաարդյունավետ իշխանությունը 4-րդ իշխանությունն է, դրա համար էլ այսօր դուք եք հայտնվել թիրախում։ Մեր սուրբ պարտքն էլ ձեզ պաշտպանելն է։ Այս նախագծի նպատակը իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է ինֆորմացիոն դաշտում»,- ասաց Մանուկյանը։

Իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանն էլ ասաց, որ եթե գնում են պատիժների խստացման, ապա սա խոսում է դեպի բռնապետության գնալու մասին։ «Մեր երկրում շարունակվում է միտումը, որ քաղաքականությամբ է կարգավորվում իրավունքը, այլ ոչ թե իրավունքով՝ քաղաքականությունը, եւ օրենքի նախագծեր ներկայացնելիս շարժվում են ինչ-որ բան ներկայացնելու սկզբունքով, այլ ոչ դատական պրակտիկան հաշվի առնելով։ Օրինակ, հաշվե՞լ են, թե քանի անձի նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, եւ կատարվե՞լ են դրանք, թե՞ ոչ։ Այսօրվա տնտեսական անկման պայմաններում եւ սոցիալական այս ծանր իրավիճակում խոսել մարդու արժանապատվության ինչ-որ գնի չափի մասին... այն մարդիկ են խոսում, որոնք մինչ այժմ չեն հասկացել արժանապատվության արժեքը։ Դատարանն իր հայեցողությամբ պիտի որոշի գումարի չափը, ոչ թե օրենսդիրն ինչ-որ շեմ սահմանի՝ առանց հաշվի առնելու շատ առանձնահատկություններ։ Ասում են՝ 5-ից 10 միլիոն... շատ մարդիկ ի վիճակի չեն այդ վճիռը կատարելու, հետեւաբար, սա վերաբերում է ԶԼՄ-ներին, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ եւ իրենց գույքով պետք է վճարեն կամ լուծարվեն։ Սա ուղղակի միջոց է, որ շարքից հանեն ԶԼՄ-ներին»,- ասաց Ազարյանը։