Ինքնամեկուսացվածները էլ նարդի են պատվիրում, էլ թղթախաղի քարտեր

Ինքնամեկուսացվածները էլ նարդի են պատվիրում, էլ թղթախաղի քարտեր

Կորոնավիրուսի պայմաններում տնաշխատների խնդիրների մասին անընդհատ բարձրաձայնվում է։ Մարդիկ ամենօրյա հաց վաստակելու խնդիր ունեն, և կորոնավիրուսն ու կարանտինն ամենաշատն այս սոցիալական խմբին են հարվածել։ Մարդիկ իրավացիորեն նշում են՝ նստենք տանը, բայց փող որտեղի՞ց։ «ԱՆԻ ՊԼՅՈՒՍ» ընկերությունն այս օրերին աշխատում է, ըստ որում՝ թե՛ տաքսի ծառայությունը, թե՛ առաքման։ «Հրապարակը» զրուցել է ընկերության տնօրեն Արթուր Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, ձեր ընկերությունն այս օրերին աշխատում է, բայց ինչ-որ սահմանափակումներ կա՞ն։

-Իհարկե, բոլորին զգուշացրել ենք, որ երկու հոգուց ավել, վարորդը՝ ներառյալ, չենք ընդունում։ Բացի այդ, վարորդներին ամեն առավոտ կանչում ենք գրասենյակ, ջերմաչափում ենք անում, որովհետև մեր վարորդները մի քիչ տարիքով են։ Դե, դիմակներ պարտադիր կրում են, նենց չէ, որ շատ գործ կա, բայց կազմակերպություններ կան, որոնց որ սպասարկում ենք, իրենք որ աշխատում են, իրենց աշխատակիցներին ենք տեղափոխում։

-Իսկ կա՞ն վարորդներ, որոնք հրաժարվում են աշխատել՝ վախենալով վարակվելուց։

-Ովքեր որ չեն ուզում աշխատել, ասում ենք՝ մի եկեք։ Կամ նրանց, ովքեր վատառողջ են կամ խրոնիկ հիվանդություններ ունեն, մենք ենք անգամ ասում՝ ավելի լավ է, մի աշխատեք։

-Բայց կան նաև այնպիսի մարդիկ, որ չեն ուզում աշխատել։

-Իհարկե, կան, որ չեն ուզում աշխատել հենց իրենց առողջության համար, կան, որ դուրսը էնքան մարդ չկա, որ չեն ուզում, որովհետև համ ռիսկի են դիմում, համ էլ էն գումարը չեն վաստակում, որ պիտի վաստակեին, գնացել են տուն։

-Ծառայության մեքենաներից քանի՞սն են այս ընթացքում աշխատում։

-Քիչ, մի երեսուն տոկոս` մաքսիմում։

-Կառավարությունը խոստանում է օգնել տնտեսվարողներին, Դուք ինչ-որ օգնություն ակնկալու՞մ եք։

-Բնականաբար, քանի որ Հայաստանում լիցենզավորված միակ տաքսի ծառայությունը մենք ենք մնացել, էսքան ժամանակ մենակ մենք ենք բարեխիղճ հարկ վճարել ու մենակ մենք ենք էսքան ժամանակ լիցենզիայի գումար վճարել, չի եղել մի օր, մի ժամ ուշացում։ Իսկ մյուս տաքսի ծառայություններն ի՞նչ արեցին, բոլորն ասացին՝ մենք անհատ ենք, վարձակալության պայմանագիր կնքեցին ու որպես անհատ` սաղ հարկերից ազատվեցին ու լիցենզիայի գումար չվճարեցին, ինչը որ շուկայում դեֆիցիտ առաջացրեց։ Բայց մենք մնացինք հավատարիմ էդ ամեն ինչին։ Ու փաստը մնում է փաստ, որ էսքան ժամանակ էդ դժվարությունները մենակ մենք ենք կրել ու չենք փորձել գտնել ճանապարհներ, որը որ ուրիշներն արել են։

- Չե՞ն լինում դեպքեր, որ ուղևորները փորձեն մեքենայում 2 և ավելի հոգով նստել։

-Չէ, մեզ մոտ պատվերն ընդունելիս ի սկզբանե զգուշացնում ենք։ Բացի դրանից էլ, մարդիկ գիտեն։ Բայց եղել են դեպքեր։

-Իսկ առաքման ծառայությամբ ի՞նչ եք առաքում՝ սնու՞նդ։

-Ամեն ինչ, ով ինչ պատվիրում է։ Կազմակերպություններ են, որ իրենց առաքումը չունեն կամ սկսում են առաքումով աշխատել, սպասարկում ենք։

-Բնականաբար, առաքման ծառայությունն ավելացել է։

-Հա, որ ասենք՝ եսիմինչ ձևի, չէ։ Ընդհանուր, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներն են, դիմակներ, ակլոգելեր։

-Եղե՞լ են զավեշտալի պատվերներ կամ հետաքրքիր դեպքեր` առաքումների հետ կապված։

-Դե, մարդիկ մնացել են տանը ու շատ անգամ բաներ են պատվիրում, որ հաստատ չէին պատվիրի, չգիտեմ՝ կարտեր, նարդի, զբաղվելու ինչ-որ բաներ։