Ռեկտորներ փոխելով հաջողության չենք հասնի

Ռեկտորներ փոխելով հաջողության չենք հասնի

Քաղաքագետ, Երեւանի Վ․ Բրյուսովի անվան  պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այժմ զբաղվում է գիտությամբ, աշխատում է ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտում որպես գիտաշխատող,  ասում է, որ շատ ուրախ է, որ իրեն չեն խանգարում ո՛չ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ո՛չ Բարձրագույն որակավորման կոմիտեն։
Սուրեն Զոլյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։

-Նախկինում  ԿԳՆ-ն, ԲՈԿ-ը խանգարո՞ւմ էին Ձեզ։

-Այո՛։ 

-Ինչո՞վ էին խանգարում։

-Ճիշտն ասած՝ հիմա իմաստ չունի խորանալ դրա մեջ, հետաքրքիր չէ։

-Ըստ Ձեզ՝ բուհերում ի՞նչ բարեփոխումներ է պետք անել։

-Չգիտեմ, ես միայն հաջողություն կարող եմ մաղթել։

-Որոշ բուհերում փոխվեցին ռեկտորները։

-Գիտեք, դա երրորդական-չորրորդական խնդիր է։ Այս առումով շատ ավելի բարդ է վիճակը, սկզբունքային հարցեր կան լուծելու։ Հայաստանը բավականին հետ է մնում, եւ ռեկտորներ փոխելով հաջողության հասնել հնարավոր չէ։ Գոյություն ունեն համալսարանական ռեյտինգներ, Հայաստանն այդ ռեյտինգներում առհասարակ գոյություն չունի։ Դրանից պետք է սկսել, դա ցուցանիշ է։ Իսկ ռեկտորների փոփոխությունը մակերեսային փոփոխություն է։ Այդ ռեյտինգներին  մոտ  70 տոկոսը տալիս է գիտությունը,  35 տոկոսը գիտական հրապարակումները, որոնք Հայաստանում գոյություն չունեն, 30 տոկոս տալիս են հղումները։ Այսինքն՝ մոտ 70 տոկոս տալիս է գիտությունը, որը մեր բուհերում գոյություն չունի, իսկ մյուս 35 տոկոսը տալիս են ուսումնական ծրագրերը, շրջանավարտների հետ միջազգային կապերը։ Այս բոլոր ցուցանիշներում, ինչպես տեսնում եք, շատ դժվար է վիճակը շտկելը։ Եվ եթե այդ բոլոր ռեյտինգներում Հայաստանը չի երեւում, դա պատահականություն չէ, երեւալու համար պետք է հսկայական աշխատանք կատարել։ Իսկ վիճակը շտկելու համար նախ եւ առաջ դասախոսները պետք է զբաղվեն գիտությամբ։ Համարվում է, որ եթե բուհի աշխատակիցը չի տպագրվում աշխարհի առաջատար հանդեսներում, այլեւս հնարավոր չէ խոսել այն մասին, որ տվյալ համալսարանը կմտնի ռեյտինգների մեջ, անգամ եթե ունենա փայլուն դասախոսներ։ Կրթական ծրագրերն էլ են փոխվում, եւ պետք է ի վիճակի լինել ապահովելու պատշաճ մակարդակ։ Ոչ թե անցյալ դարի 70-ականների մակարդակ, այլ՝ նորարական։ Իսկ դա անդրադառնալու է միջազգային կապերի, համագործակցության վրա։ Եվ այդ առումով ոչ թե պետք է տուրիստական այցեր կատարել, այլ իրականացնել համատեղ ծրագրեր։ 

-Ո՞ր երկրների հետ Հայաստանը կարող է համեմատվել իր կրթական, գիտական  համակարգով։

-Ես չեմ կարող ասել, պետք է նայել ցուցանիշները։ Հատուկ պետական ծրագիր է իրականացվում Ռուսաստանում, որի շատ  բուհեր մտնում են առաջին հարյուրյակների մեջ։ Այդ ծրագիրը բավականին լուրջ ֆինանսավորվում է։ Ղազախստանն էլ է լուրջ ծրագիր իրականացնում։