Հայտարարության «թղթով» Բայրաքթար չես չեզոքացնի
«Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է մեր հասարակությունը արձագանքում այն գոյաբանական վտանգներին, որոնք այս իշխանության թեթև ձեռքով՝ այսինքն, զրոյական մակարդակի ռիսկերի գնահատման և արձագանքման իշխանության «տաղանդի» ներքո, սպառնում են առհասարակ երկրի գոյությանը։ Հասարակության մեջ գոյություն ունի ստեղծված իրավիճակի թյուր գնահատում, ըստ որի, չգիտես ինչու, հայ հասարակությունը «որոշել է», որ մեզ անպայման պետք է կամ ամերիկացիները, կամ իրանցիները «գան ու փրկեն»։ Իհարկե, այս կարգի կարծիքը «լինելու» իրավունք ունի, սակայն սա նաև ցույց է տալիս մեր հասարակության վերլուծական մտքի ճգնաժամը։ Ուրեմն ստիպված եմ հիասթափեցնել բոլորին․ հիշեք, ԱՄՆ-ն ունի Ադրբեջանում լրջագույն հետաքրքրություններ դեպի Արևմուտք՝ նավթագազային մատակարարումների հետ կապված։ Բացի դրանից դիտարկում է Ադրբեջանին՝ որպես «զուսպ» հակառուսական ուղղվածության տարածաշրջանային խաղացող»,-այս մասին «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Ըստ Աբովյանի՝ ամերիկացիները դիտարկում են Բաքվին որպես շատ հարմար ճնշման գործիք Իրանի ուղղությամբ։ Իմիջիայլոց, ամերիկացի ռազմական մասնագետները շատ ակտիվ ներգրավված են ադրբեջանական բանակին՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բարեփոխումների գործընթացում։ Դիվանագիտական ոլորտում նույնպես ամերիկացիները շատ ակտիվ համագործակցում են Ադրբեջանի հետ Պակիստանի, Չինաստանի և Կասպից ծովում ռազմական ենթակառուցվածքներ կառուցելու համար։
«Զուգահեռ հիշեք մի բան․ քանի դեռ Թուրքիայի տարածքում գտնվում են ամերիկյան բազաները, ամերիկացիները չեն գնա ռազմական առճակատման՝ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի դեմ։ Իհարկե, ամերիկացիները հիմա ավելի ուղիղ, արդարացի և կոշտ գնահատականներ են տալիս Ադրբեջանին, սակայն դա բնավ չի նշանակում, որ իրենք հարկ եղած դեպքում կգործեն ավելի առարկայական` Ադրբեջանին պատժելու համար։ Ավելի ճիշտ, եթե կրկին լինի սրացում ադրբեջանցիների կողմից, ապա կարծում եմ, որ ամեն ինչ կավարտվի շատ ջղայն հայտարարությունների մակարդակով Ադրբեջանի ղեկավարության հասցեին։ Մոռացեք, որ ԱՄՆ-ն կգործի «ուկրաինական» սցենարով և կտրամադրի մեզ զենք: Ի՞նչու նկարագրեցի վերևում։
Ինչևիցե, Աբովյանը գտնում է, որ խորին երախտապարտությամբ պետք է վերաբերվել մեր ամերիկյան գործընկերների հայամետ հայտարարություններին, սակայն ընդգծում է՝ հայտարարության «թղթով» Բայրաքթար չես չեզոքացնի։
«Հիշեք՝ մեր հույսը միայն մենք ենք։ Վերջ, հերիք է աշխարհով մեկ երկիրներ փնտրել, ի վերջո, գոյություն ունի ռացիոնալիզմի և սթափ սպասումների սանդղակ, որը մեր հասարակությունը ուղղակի չի ցանկանում տեսնել։ Մենք՝ ինքներս, մեզ համար ինչ-որ անիրատեսական «բաներում» սպասելիքներ ենք ձևավորում, հետո նեղանում ենք, որ մեր տեղը չկռվեցին»,-եզրափակեց վերլուծաբանը։
Կարծիքներ