Սա ժողովրդին մոլորեցնելու գործընթաց չի՞․․․

Սա ժողովրդին մոլորեցնելու գործընթաց չի՞․․․

Անգամ շարքային աշխատողին, մի փոքրիկ կազմակերպության տնօրենին, երբ աշխատանքից ազատում են, իրավական տեսանկյունից պիտի հիմնավորվի։ Դրա համար կա աշխատանքային օրենսգիրք։ Պատկերացրեք, որ նոր տնօրենը գա և ասի՝ հներին բոլորին ազատում և իմ մարդկանց եմ բերում։ Ո՞նց կընդունեք։ Սվիններով։ Հենց դրա համար էլ օրենքը շրջանցելու բազմաթիվ ձևեր են գտել ղեկավարները։ Կանչում, ասում են՝ դիմում գրի, մեկ է՝ ազատելու եմ, «վրեդ գործ եմ սարքելու»։ Հիմա «գործ սարքելը» դառել է թխվածք թխելու պես մի բան։  Համբերատար մի երկու նկատողություն են անում, հետո ազատում աշխատանքից։ Ձևեր շատ կան։ Պաշտոնյաներից մեկը պատմում էր, որ աշխատանքի ընդունման հետ միաժամանակ ղեկավարին գրում են նաև աշխատանքից ազատման դիմումը, որ հետո քաշքշուկ չլինի։

․․․ Երբ խոսքը վերաբերվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի և  նախագահի լիազորությունները դադարեցնելուն, հարցը առավել քան լրջանում է։ Իրավական հիմնավորումը առավել քան լուրջ պիտի լինի։ Մամուլում շրջանառվում էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր և նախագահ Հրայր Թովմասյանին «հին ադաթով» առաջարկել են, որ հրաժարականի դիմում գրի։ Չի գրել։ «Հին ադաթով գործ սարքելով են վախեցրել», էլի չի ընկրկել։ Դատարանները ցրելու տխրահռչակ փորձից հասկացել են, որ հարցին պիտի իրավական լուծում տրվի, ի վերջո ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Այն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: Որոշել են ՍԴ դատավոր և նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի խորհրդարանական քննարկման գործընթաց սկսել։ Հիմքը՝ կարգապահական խախտումն է։ Թե ինչ կապ ունի կարգապահական խախտումը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ուղղված բողոքի քննության և որոշման կայացման ընթացքում, չի հասկացվում։ Ռոբերտ Քոչարյանի գործով եթե կասկածում էին , որ Հրայր Թովմասյանն անկողմնակալ չէ, ապա երկշաբաթյա ժամկետում պետք է սկսվեր լիազորությունների կասեցման գործընթացը։ Քնել, արթնացել, նոր հիշել են։ Գործընթացը պիտի սկսեին հունիսին, երբ ՍԴ-ի աշխատակարգային որոշումը հրապարակվել էր։

Կարգապահական խախտման դեպքում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 82 հոդվածի 10-րդ մասը նախատեսում է․

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

Եթե կարգապահական խախտում է, նման կետեր կան՝ մանրամասն բացատրված։  Եթե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործով է, նշեցի, սահմանված ժամկետում պետք է սկսվեր լիազորությունների կասեցման գործընթացը։ Կարծում եմ համապատասխան մասնագետները կային՝ հուշելու այդ տարրական բանը։ Դա չի՞ ենթադրում, որ Սահմանադրական դատարանի հետ կապված ավելի լուրջ, խորքային հարցեր կան, քան այն, որ անընդհատ թմբկահարվում է, ու Քոչարյանի անունը պարզապես շրջանառվում է՝ խորքային հարցերին չանդրադառնալու համար։ Սա նոր իշխանությունների կողմից ժողովրդին մոլորեցնելու գործընթաց չի՞․․․