Կարելի է հպարտանալ արցախյան էլիտայով՝ բանտում անգամ նրանք գլուխները բարձր են պահում

Կարելի է հպարտանալ արցախյան էլիտայով՝ բանտում անգամ նրանք գլուխները բարձր են պահում

Մշտական կապի մեջ եմ արցախցիների հետ, ինչպես Արցախում, նույնն էլ շարունակում եմ Հայաստանի Հանարպետությունում, ասում է հասարական գործիչ, վերլուծաբան Արշակ Աբրահամյանը։

«Փորձում եմ հավաքագրել օգնություն տրամադրող կազմակերպությունների, պետական գերատեսչությունների վերաբերյալ բոլոր տվյալներն ու դրանք տրամադրել, հասանելի դարձնել արցախցիների համար, փորձում եմ համակարգել, որքանով որ ստացվում է, որովհետև տեղ կա, որ պետք է գնան՝ նոր ստանան օգնություն, տեղ կա, որ զանգում են և առաքումով ստանում են աջակցությունը»,-ասաց Աբրահամյանը։

Նա փորձում է ազատ բնակարաններ գտնել, համացանցում տեղադրել, որ արցախցիները կարողանան տեսնել, թե Հայաստանի տարածքում որտեղ, ինչ բնակարաններ կան։ 

«Փոքր շրջայց եմ փորձել կատարել բանկերում, որպեսզի հասկանամ, թե ինչպիսի իրավիճակ է, արցախցիները հիմնականում դիմում են երկու խնդրով՝ նոր քարտեր պետք է ձեռք բերեն և նոր հաշվեհամարներ են բացում՝ ֆինանսական գործարքներ կատարելու համար։ Այս պահի դրությամբ փորձում ենք կապը պահել միմյանց հետ ու ժողովրդի հետ փորձում ենք ամենահրատապ հարցերին լուծում տալ, այսինքն, գիշերակացն է, որ մարդիկ փողոցներում չմնան, առաջին անհրաժեշտության սնունդն է և դեղերն ու այլ պարագաները, մինչև մարդկանց խնդիրները կարգավորվեն»,- նշեց վերջինս։

Իսկ շա՞տ են այն արցախցիները, որոնք ստիպված են գիշերել այգիներում, որովհետև բացի անձնագրից ու մի քանի հագուստից չեն կարողացել որևէ բան վերցնել իրենց հետ։ Ասաց, որ ովքեր մեքենա ունեն՝ գիշերում են մեքենաների մեջ։ Առկա ազատ տների ու բնակարանների հասցեները հավաքագրելու ու մի տեղում ներկայացնելու գաղափարն առաջին հերթին այդ հարցը լուծելուն է միտված եղել։ Չնայած այդ աշխատանքը պետք է կատարի պետությունը։
«Բնակարանների չափազանց բարձր վճարը գնահատում եմ անմարդկային, որովհետև չեմ պատկերացնում տուն-տեղ, հայրենիք կորցրած մարդուն ինչի պետք է մեկ կամ երկու սենյականոց բնակարանը վարձով տան մի քանի հարյուր հազար դրամ վարձավճարով։ Պետական վերահսկողության պատճառ երևի կա ու ոչ մի ռեսուրս չի կիրառվում դրա դեմն առնելու համար ու հիմնական բողոքները հենց տան վարձերի հետ են կապված, արցախցիները, որ դիմում են, ասում են, որ աստղաբաշխական գներ են՝ իրենց ձեռքին գումար չկա։ Դեռ չեն ստացել այդ 100 հազարական կամ 50-հազարականները՝ սոցիալական աջակցության, որ պետք է տրվեն, դեռ փաստաթղթային որոշակի աշխատանքներ պետք է տարվեն, որ մարդիկ կարողանան ստանալ»,-ասաց Աբրահամյանը։

Այս պահին մարդիկ մաքսիմալ դիսկոմֆորտի մեջ են, հոգեբանական շոկի ու չգիտեն էլ, թե իրենց ինչ է սպասվում։ Ցանկալի կլիներ, որ այս հարցերը հնարավորինս շուտափույթ լուծում ստանային։ Սակայն հասկանալի է, որ ամեն ինչից զրկված մարդիկ դեռևս շատ դժվարությունների միջով են անցնելու։ Իսկ կա՞ն արցախցիներ, որոնք ուզում են հետ վերադառնալ Արցախ, քանի որ չեն պատկերացնում իրենց կյանքն Արցախից դուրս, ասաց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակով են Արցախ վերադառնալու։

«Եթե Արցախը լինի ազատ և անկախ պետություն, բնականաբար, չեմ կարծում միայն արցախցիները, այլև աշխարհասփյուռ հայությունից բազմաթիվ մարդիկ կվերադառնան Արցախ։ Այս իրավիճակում, ես դեռ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր ցանկություն կունենան գնալ և ապրել Ադրբեջանի տիրապետության տակ։ Եթե ցանկանային, ապա ինչո՞ւ էին հեռանում տներից, կմնային և կենթարկվեին։ 120 հազարանոց արցախահայությունն ապացուցեց ողջ աշխարհին, նաև հակաարցախյան թեզեր հնչեցնող անհատներին, որ արցախահայությունը մինչև վերջին մարդը ինտեգրվում է Մայր Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին, մինչև վերջին մարդը նրանք գերադասեցին դուրս գալ Հայաստան, մնալ փողոցներում ու մեքենաների մեջ, բայց չենթարկվել Ադրբեջանի բռնապետական ճնշումներին և նրանց տիրապետության տակ գոյատևել Արցախում։ Սա շատ կարևոր դիվանագիտական շեշտադրում է, որը հետագայում մեր դիվանագիտական կորպուսը պետք է օգտագործի բանակցային գործընթացի ժամանակ»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը։ Սա նաեւ հստակ մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին, և հակարցախյան թեզեր հնչեցնողներին ու ողջ աշխարհին, կարծում է Աբրահամյանը։

Անդրադառնալով Արցախի նախկին նախագահների, ԱԺ նախագահի, Դավիթ Բաբայանի, գեներալների, Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը, նա ասում է, որ Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պահվածքն այնքան գովելի էր ու արժանապատիվ, որ միայն հպարտություն է զգացնել։

«Պարզապես կարելի է հպարտանալ մեր էլիտայով, նրանցից ոչ մեկը գլուխը կախ չէ, նրանք գիտակցում են, ինչ իրավիճակում են, սակայն գլուխները բարձր՝ նախկին նախագահները, Դավիթը Իշխանյան, Ռուբենը Վարդանյան, Դավիթը Մանուկյան։ Մենք տեսնում ենք, որ նրանք ձերբակալված են, սակայն իրենց կեցվածքով մեսիջներ են ուղարկում, որ մենք պայքարը պետք է շարունակենք։ Թշնամին բազմաթիվ անգամներ փորձել է գլխատել հայ ազգին, որ հայ ազգը չզարթնի, չպայքարի, որ պայքարի ոգին մարի, սակայն հայ ազգը միշտ իր մեջ ուժ է գտել, փրկել է իր առաջնորդներին և ավելի մեծ թափ է հաղորդել ազատագրական պայքարին։ Ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ էլ այս դժվարությունները պատվով հաղթահարելու ենք և ոչ միայն վերադարձնելու ենք Արցախը, այլ բազմաթիվ այլ հաղթանակներ էլ ենք կերտելու։ Կարծում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, պարզապես պետք է դիմանալ»,- եզրափակեց Աբրահամյանը։