Խաղաղությունը՝ պետականաշինության միակ ճանապարհ

Խաղաղությունը՝ պետականաշինության միակ ճանապարհ

Հայ ազգի համար թավշյա հեղափոխությունն արեց այն, ինչը չի հաջողվել անել մեր քաղաքական, ռազմական ու պետական գործիչներին մեր պատմության վերջին 200 տարիների ընթացքում․ այն ստեղծեց նաեւ կայուն պետականաշինության անցնելու նախադրյալներ։ 

Մեր ժողովրդական թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ համաշխարհային պատերազմներն էլ կարելի է դհոլ-զուռնայով վարել ու հաղթած դուրս գալ։ Ահա թե ինչ մեծ տիեզերական ուժ ունեն բարին ու հանդուրժողականությունը մարդու մեջ։ Մենք, փոխանակ Աստծուց բան հարցնենք ու սովորենք, գնացել, Ռուսաստանից ենք կախվել։ Ոչ մեկը թող չմտածի, որ ես Ռուսաստանին թշնամի եմ համարում։ Ես ընդգծում եմ մեր քաղաքական ու դիվանագիտական սնանկությունը, որն ընկած է մեր ազգային հոգեբանության հիմքում։ 

Ազգային համակեցության ու հարմարվողականության սկզբունքների ու քաղաքական դինամիկ իրողությունների հետ պետք է հաշվի նստել։ Մեզ մոտ ռազմահայրենասիրության պակաս չի եղել երբեք։ Ռազմահայրենասիրության վրա միայն հույս դնելով՝ մենք մեր տունը քանդել ենք։ Այսօր Հայաստանում օգտագործվող շինարարական քիմիայի շուրջ 30 տոկոսը Թուրքիայից է ներկրվում։ Իսկ գիտե՞ք, թե ինչ ծավալի ապրանքներ մենք կարող ենք արտահանել մեզ սահմանակից հարեւան երկրներ։ Ինչքան ուզում ես, սպասի՝ ադրբեջանցին չինացի չի դառնա, ոչ էլ թուրքը՝ ֆրանսիացի։ Մենք մեր մեծ խնդիրներից պետք է ազատվենք՝ նրանց խաղաղ լուծում տալով։ Մենք արյուն ենք թափում, որոշումը Ռուսաստանն է կայացնում։ Իմ կարծիքով՝ ժամանակն է մեր հարեւան ադրբեջանցիների հետ հասարակական քննարկումներ անցկացնել, շփվել նրանց հետ, փոքր բիզնեսի մակարդակով ապրանք արտահանել, ներկրել եւ այլն։ Մեր միջեւ ստեղծված հոգեբանական լարվածությունը պետք է մեղմել, պետք է մոռանալ հին աշխարհը։ Ադրբեջանում նույնպես կոռուպցիան ու մենաշնորհային իշխանությունը գագաթնակետին են հասել։ Այդ երկրի հասարակությունը նույնպես բաց լինել չի կարող, եւ եթե այդպես շարունակվի, Ադրբեջանի հետ երկխոսելն անհնար կլինի։ 

Հաշտությունն ու խաղաղությունը աշխարհում մեծ ու բարդ բանաձեւեր երբեք չեն պահանջել։ Կարեւորը սադրանքներին չտրվելն է։ 1980-ականների վերջերին մենք խաղաղության գինը չիմացանք։ 70 տարիների կոմունիստական հիպնոսից դուրս չեկած՝ տեսակ-տեսակ շարժումներ սկսեցինք։ Զոռով մի բան մոգոնում-գտնում էինք, որ պետական կյանքում պահանջվածի դիրքեր ձեռք բերենք ու իշխանության գանք։ ՀՅԴ-ն մեր ժողովրդի ամենամեծ մեղքն ու սխալն է եղել ժամանակակից քաղաքական աշխարհում, եթե չխոսենք նրա հայակործան անցյալից։ Իրականում նրան ժողովուրդը չի սիրել, ձայն չի տվել, բայց նա շատ հաջող օգտագործվել է իշխանական կուսակցությունների կողմից՝ դառնալով նրանց հենասյուներից մեկը։ Հիմա էլ Արցախ խոպան է գնացել։ Այսինքն՝ մենք չենք ունեցել քաղաքական որեւէ ուժ, որն իշխանության հասնելուց ու երկիրը թալանելուց բացի այլ նպատակներ փայփայեր։ 

Ես հուսով եմ, որ մեր նորընտիր իշխանությունները խաղաղության ազգային ծրագիր կմշակեն՝ մեր բաց հասարակության, առաջավոր մտավորականության ու հայ եկեղեցու եւ հայկական սփյուռքի աջակցությամբ։ Այդ ծրագրի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի եւ նրա շրջակա աշխարհի միջեւ հարաբերությունների  նոր՝ խաղաղանպաստ հարթակների ստեղծման ծրագրային կոնցեպտը։

Մենք մինչեւ կյանքում՝ in vivo, մեր հարեւանների հետ մեր ամենացավոտ հարցերում ընդհանուր հայտարարի գալու նախադրյալներ չստեղծենք, դիվանագիտական հարթակներում, սրվակի մեջ՝  in vitro, շահավետ եղանակներով դրանց լուծման հասնելը քիչ հավանական է։ Չեմ վարանում ասել, որ այսօր կան շատ կառույցներ ու անհատներ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում, որոնք վախենում են կորցնել իրենց մի կտոր հացը՝ կրակելու գործը։ Եկեք վերընթերցենք Ակսել Բակունցի «Եղբայրության ընկուզենիները» եւ շարունակենք կառուցել մեր պետականությունն արդեն, Հովհ․ Թումանյանի խոսքերով ասած՝ նոր երգերով, նոր լույսով։ «Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։ Մեր ունեցածը վաճառականություն ու հոգեւորականություն են, վաճառականությունը աղբ է, իսկ հոգեւորականությունը դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են»,- ժամանակին դառնությամբ գրում էր Րաֆֆին։ Եթե չլիներ թավշյա հեղափոխության հաղթանակը, ես խոսքս կավարտեի «Րաֆֆուց հետո մինչ օրս շատ բան չի փոխվել Հայաստանում» բառերով։