Այս իշխանությունների օրոք է՞լ են ռուսները մեզ «խալաթ հագցնում»

Այս իշխանությունների օրոք է՞լ են ռուսները մեզ «խալաթ հագցնում»
Պերմյակով

Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ հայերի ու Հայաստանի անվտանգությունն ապահովելու «առաքելությամբ» Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից Գյումրիում զոհվեց հերթական հայը՝ Ջուլիետա Ղազարյանը: Այս ռազմաբազայի կողմից գյումրեցիները զոհեր ունեցել են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունների օրոք:

1992 թվականի հուլիսի 11-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի խումբ ռուս զինծառայողներ փորձել էին տեղափոխել գողացված կամ անօրինական կերպով ձեռք բերված հատուկ կապի ռազմական կայանքներ: Մաքսատանը ռուս զինվորներին առաջարկվել էր ներկայացնել բեռի փաստաթղթեր, ինչից հետո նրանք ավտոմեքենայով փորձել էին թաքնվել: Նրանց եւ հետապնդող իրավապահների միջեւ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով զոհվել էին ՀՀ ոստիկանության 3 աշխատակից, ՀՀ 3 քաղաքացիական անձ եւ 5 ռուս զինծառայող:
1999 թվականի ապրիլի 17-ին սահմանապահ ջոկատի զինծառայողներ Դենիս Պոպովը եւ Ալեքսանդր Կամենեւը լքել էին զորամասը եւ ինչ-ինչ ճանապարհով հայթայթած ինքնաձիգով անկանոն կրակահերթ բացել անցորդների ուղղությամբ։ Կատարվածի արդյունքում զոհվել էր 2 եւ տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել 14 մարդ։ Նրանք եղել էին հարբած վիճակում:

Ռուս զինվորների դատավարությունը կատարվեց Հայաստանում, Պոպովը դատապարտվեց 14, իսկ Կամենեւը՝ 15 տարվա ազատազրկման։ Զինվորականների՝ պատժի ժամկետի լիարժեք կրումը որոշ փորձագետների շրջանում կասկածների առիթ է տվել։
 2013 թ․ ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում, ականի պայթյունից զոհվեցին երկու անչափահաս՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը։ Դաշտը ցանկապատված չէր եղել, ինչպես նաեւ բացակայել էին զգուշացնող նշանները։ Դեպքի առնչությամբ ոչ ոք չպատժվեց։

Նախկինում նման միջադեպերի մասին ինֆորմացիան զգուշորեն քողարկվում էր, չէին բարձրաձայնում, եւ նման գործերին հնչեղություն չէր տրվում: Ամենահնչեղ ողբերգությունը տեղի ունեցավ 4 տարի առաջ՝ Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդը՝ նույն ռազմաբազայի զինծառայող Վալերի Պրեմյակովի ձեռքով: Այնուհետեւ Պերմյակովը հանձնվեց ռուսական կողմին, եւ նրա դատավարությունը տեղի ունեցավ ռուսական օրենսդրությամբ, ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչը հարուցեց թե՛ Ավետիսյանների հարազատների եւ թե՛ հայ հասարակության դժգոհությունը, մարդիկ դուրս եկան բողոքի ակցիաների: Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպեց  ակցիայի մասնակիցների հետ եւ «տղամարդու խոսք» տվեց, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու խնդրանքով: Սակայն հետագա իրողություններն այլ բան փաստեցին…:

Այդ սպանդը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք: Պերմյակովի թե՛ դատավճիռը, թե՛ նախաքննության ընթացքը եւ թե՛ պատիժը կրելու վայրը բավականին մութ ու անպատասխան հարցեր են թողել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների մոտ: 

2018թ․ հուլիսին Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներն ակամայից հայտնվել էին «ռազմական» գործողությունների կիզակետում. գլխավոր «հերոսը» դարձյալ 102-րդ ռուսական ռազմաբազան էր, որը որոշել էր առանց ազգաբնակչությանը տեղեկացնելու, ուսումնառազմական վարժանք իրականացնել համայնքի տարածքում՝ կրակոցներով ու պայթյուններով ահուսարսափի մեջ գցելով անակնկալի եկած ազգաբնակչությանը: Այդ «զորավարժություն» կոչվածի արդյունքում վնասվել, քարուքանդ էին եղել նաեւ Փանիկ համայնքի ասֆալտապատ ճանապարհները: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ վաղ անցյալում ավելի հստակ վերաբերմունք էր արտահայտում երեւույթների ու մարդկանց հանդեպ, բավականին կոշտ արձագանքեց կատարվածին. «Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթակարգերով պետք է այս միջադեպը քննարկվի:

Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, եւ հույս ունեմ՝ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»: Մինչ այդ ռուսաստանյան կողմը ներողություն էր խնդրել կատարվածի համար եւ հավաստիացրել, որ հետայսու հետեւողական կլինի նման միջոցառումների պալանավորման եւ իրազեկման հարցերում: Ամեն ինչ ներվեց-գնաց ի նշան բարեկամության՝ ռազմաբազայի կողմից Փանիկում կազմակերպված համերգային միջոցառմամբ:
 Մի քանի ամիս անց տեղի ունեցավ Ջուլիետա Ղազարյանի դեպքը: Դեպքից հետո ռուսական կողմը սկսեց հերքել ռուս զինծառայողի առնչությունն այս սպանությանը, եւ դա վերագրեցին հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու լրատվամիջոցների մոլուցքին: Հետագայում հաստատվեց լուրը, որ ծեծողը եղել է ռազմաբազայի զինծառայող, որի ինքնությունը, սակայն, չէին ուզում բացահայտել: Գլխավոր դատախազությունը շատ ժլատ ինֆորմացիա էր տրամադրում, որտեղ ընդամենն ասվում էր, որ ռուս զինծառայողը՝ որպես կասկածյալ, ձերբակալված է:

Հայ հասարակությունը, իրավապաշտպանները հստակ ինֆորմացիա ունեին, որ զինծառայողը ձերբակալվել է հայ իրավապահների կողմից եւ անհասկանալի հիմնավորմամբ հանձնվել ռազմաբազային, ինչը ՀՀ պետական օրենսդրության կոպիտ խախտում է: Օրերս Ջուլիետա Ղազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հայտարարություն տարածեցին. «Գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է»: Իրավահաջորդները դեկտեմբերի 21-ին միջնորդել էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել: Հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թ․ օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց եւ այդ անձանց ընտանիքների անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Մինչդեռ համաձայնագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը:  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: 

Հիշենք 2013թ. Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարը, երբ բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, եւ 18 մարդ էր զոհվել, 60 մարդ՝ վնասվածքներ ստացել: Վարորդը՝ հայազգի Հրաչյա Հարությունյանը, Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նա ո՛չ մարդասպան էր, ո՛չ էլ բռնություն էր գործադրել, պարզապես, դժբախտ պատահարի զոհերից մեկն էր: Իսկ այդպիսի պատահարներ լինում են ամենուր: Մինչդեռ ռուս իրավապահները Հարությունյանի հանդեպ աննախադեպ դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունք դրսեւորեցին. բացի կտտանքները, որոնց ենթարկել էին, նրան հագցրել էին կանացի խալաթ եւ դրանով բերել դատարան: Դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում էր, իսկ հայկական կողմը ոչինչ չկարողացավ անել՝ իր քաղաքացու ոտնահարված իրավունքները պաշտպանելու եւ նման արարքի հեղինակներին պատժելու համար՝ հավանաբար, հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» չսասանելու  մտավախությամբ: 

Ջուլիետա Ղազարյանի սպանության գործով արդեն տեւական ժամանակ է՝ իրավապաշտպանները եւ քաղհասարակությունը ՀՀ դատախազությունից եւ իշխանություններից մեկնաբանություններ են պահանջում ռուս զինծառայողի հանձնման առնչությամբ, սակայն դրանց չի արձագանքում ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ ամեն ինչին արագ արձագանքող ՀՀ վարչապետը, ով անգամ ժամանակ է գտնում  խաշի թեմայով հրապարակմանն արագ արձագանքելու՝ համացանցային լեզվակռվի մեջ մտնելով լրատվամիջոցի հետ, ապա «լայվ» է մտնում՝ ասմունքելու համար եւ այլն։ Մինչդեռ լրատվամիջոցների բարձրացրած այս զգայուն թեման անարձագանք է մնում։ Այս լռությունից կարելի է հետեւություն անել, որ ռուսական կողմը շարունակում է հաշվի չնստել հայ հասարակության կարծիքի հետ, կարճ ասած՝ մեզ շարունակում է «խալաթ հագցնել» նաեւ այս իշխանությունների օրոք…