Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի աշխատանքները․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի աշխատանքները․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ եռակողմ աշխատանքային խումբը Ղարաբաղի հարցով կվերսկսի իր աշխատանքները մոտակա ժամանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նա մանրամասնել է, որ Հարավային Կովկասում տնտեսական կապերի ապաշրջափակումը առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրն է, որի իրականացմամբ հետաքրքրված են ռեգիոնի երկրները։ Այս ուղղությամբ աշխատանքների իրականացումը հանձնարարված է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում երեք երկրների փոխվարչապետներին։

«Ոլորտային փորձագետնրի կողմից իրականացվել է մասնագիտական վերլուծություն այն անհրաժեշտ միջոցների, որոնք հարկավոր են հաղորդակցության ուղիների վերականգնման համար, ինչը մոտակա ժամանակներում արդեն թույլ կտա անցնել փուլային տարբերակով համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման։ Մենք հույս ունենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտակա ժամանակներս կվերսկսի իր աշխատանքը։ Ընդ որում առանձին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին չեն նպաստում հարաբերությունների ընդհանուր ֆոնի նորմալացմանը։ Մենք զսպվածության կոչ ենք անում կողմերին, եւ հորդորում լարվածությունը դե-էսկալացնել եւ հակասությունները լուծել խաղաղ՝ բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան։