Նոխազն իմն է, ինչ ուզեմ՝ կանեմ․․․

Նոխազն իմն է, ինչ ուզեմ՝ կանեմ․․․

2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի նշանակված ցանկացած պաշտոնյա, որի տեղը մինչ այդ ոչ մեկը չգիտեր, քավության նոխազ է նրա համար։ Նույնը վերաբերվում է նրա անունով ազգային ժողով մտած պատգամավորներին՝ առանց բացառության։ Նա բոլորին մի տեղ է հավաքել, որպեսզի հարկ եղած դեպքում, մեկին զոհի, հագեցնի հանրության արդարության հանդեպ ունեցած անհագուրդ քաղցը․․ Երևի շատերդ չգիտեք, թե ինչ է նշանակում քավության նոխազ։ Այս արտահայտության պատմությունը հետևյալն է: Հին հրեաների մոտ մեղքերի թողության այսպիսի արարողություն գոյություն ուներ. հոգևորականը դնում էր ձեռքը կենդանի այծի (նոխազի) գլխին՝ այդպիսով կարծես փոխանցում էր մարդկանց մեղքերը այծին: Դրանից հետո այծին քշում էին անապատներ: Անցել են շատ տարիներ և այդ արարողությունը այլևս չկա, իսկ արտահայտությունը պահպանվել է մինչ օրս: 
Նիկոլ Փաշինյանն իր գահավիժող հեղինակության փշուրները փորձում է պահել՝ զոհաբերելով նոխազներին։ Զոհաբերվողը իրենցից է լինում, որպեսզի կարողանա մեղքը գցել «անխոս, կամովին հեռացող նոխազի վրա», դրանով իրենից հեռացնելով մեղքի պատասխանատվությունը։

Համատարած նոխազների զոհաբերության մեջ Նիկոլ Փաշինյանը չի կարող փոքր ինչ բարձրացնել իր վարկանիշը։ Ինչու՞։ Պատճառն ավելի քան պարզ է։ Զոհաբերությունը թվացյալ է։ Հանրությունը զոհաբերած այծին հանդիպում է մի այլ հողամասում, որը կճղակների տակ տրորում է այլ մարգեր։ Հիշեք զոհաբերած նոխազներին՝ հանձինս կրթության, առողջապահության, պաշտպանության, անվտանգության ոլորտների։ Հիշեք զոհաբերած նոխազներին, որոնք հրամանատարական կազմում էին ու այսօր հանրությունը տեսնում է, որ այծ չի զոհաբերվում։ Նրանք բոլորը հայտնվում են զոհաբերողի կերակրատաշտի շուրջ, թևերի տակ։ Դա կեղծ զոհաբերության ծես է, այլապես համատարած նոխազների զոհաբերության պարագայում զոհաբերողը կհայտնվի նոխազների կճղակի տակ։

Փաշինյանը մարզերից մեկում շրջագայության ժամանակ ասել է․ «Եթե մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»։ Բնական է նույնը վերաբերվում է նոխազներին․ «Եթե նոխազ ենք պահում, պիտի զոհաբերենք, որ մնանք աթոռին, այլապես իմաստ չունի նրանց պահելը»։ Զոհաբերության ծեսը կատարում է զոհաբերողը։ Նոր զոհին փոխարինողը ևս զոհ է։ 

Հիշեցնենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել։ Դրա հետ մեկտեղ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»։ Նոխազն իրենն է, ինքը պիտի որոշի՝ ինչ անի։