Ալեն Սիմոնյանին հաջողվեց կաթողիկոսի «վախը բռնել»

Ալեն Սիմոնյանին հաջողվեց կաթողիկոսի «վախը բռնել»

Այս իշխանությունների զենքերից մեկն էլ սպառնալն է եւ վախ ներշնչելը։ Իսկ սովորաբար ո՞ւմ են վախեցնում․ նրանց, ովքեր ինչ-բան ունեն կորցնելու, եւ ում վրա կոմպրոմատներ ունեն, որոնք կարող են գործարկել։ Ինչո՞ւ են բիզնեսմենները, որպես կանոն, վախկոտ եւ իշխանություններին հլու-հնազանդ՝ որպեսզի իրենց ունեցվածքը չկորցնեն, չվտանգեն։ Ինչո՞ւ են նախկին պաշտոնյաները դավաճանում իրենց թիմակիցներին՝ անցնելով նոր իշխանությունների կողմը, որպեսզի քրեական հետապնդումների չենթարկվեն, բանտ չընկնեն, ունեցվածքը չկորցնեն։ Շատ պարզ եւ շատ աշխատող բանաձեւ է, եւ այս բանաձեւը շատ լավ յուրացրել են մեծ ժողովրդավար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։

Նախօրեին ՔՊ թիմի ծանր հրետանին հենց այս բանաձեւը կիրառեց․ Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից սկսեց հրահանգներ տալ գլխավոր դատախազին, թե՝ գույքի բռնագանձումն ուշացնում եք, եւ այդ գույքով են հիմա «ճանապարհներ փակում»։

Ապա գործի անցավ Փաշինյանի գլխավոր խոսափող Ալեն Սիմոնյանը եւ սկսեց սպառնալ հոգեւորականներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին․ «Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սեւ քողերի տակից հանել։ Մենք ենք մեղավոր՝ ոչինչ, հետեւություններ կարվեն»: Բանն այն է, որ բողոքի ակցիաներին նաեւ հատուկենտ հոգեւորականներ են մասնակցում, իսկ իշխանությունը խոշորացույցով հետեւում է եւ արձանագրում, թե ովքեր են մասնակցում։ Եվ, առհասարակ, հատ-հատ աշխատում են միտինգավորների վրա ու հայտնաբերելով՝ փորձում վախեցնել, հետ կանգնեցնել մասնակցելուց։

Եվ այսօր տեղեկացանք, որ ոմանք արդեն «հետեւություններ» արել են։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդեց․ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատեւ այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ»։

Պարզ է, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին այս նեղ մաջալին, երբ երկրում լարված իրավիճակ է, եւ հազարավոր խնդիրներ են կուտակված, անգամ ոմանք բախումներ ու քաղաքացիական պատերազմ են կանխատեսում, ոչինչ չէր կարող երկրից դուրս բերել, եթե չլիներ վախը։ Այնպես որ, Ալեն Սիմոնյանին, փաստորեն, հաջողվել է Գարեգին Բ-ի «վախը բռնել», եւ նա նախընտրել է մեկնել Հայաստանից՝ շառից-փորձանքից հեռու սկզբունքով։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ գործ ունի հայոց եկեղեցու առաջնորդը հեռավոր Էմիրություններում, որտեղ ո՛չ հայկական համայնք ունենք, ո՛չ հավատացյալ ժողովուրդ, ո՛չ էլ քրիստոնեական հավատքի եկեղեցական կառույցներ կան, որ ասենք՝ մեկնել է քույր կառույցների հետ հանդիպելու։ Մի հայկական եկեղեցի կա Աբու Դաբիում, այն էլ Անթիլիասին է ենթակա։