Որտեղից է գալիս Վահան Քերոբյանի` «Մանթաշյանց» ակումբի հանդեպ հատուկ սերը

Որտեղից է գալիս Վահան Քերոբյանի` «Մանթաշյանց» ակումբի հանդեպ հատուկ սերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին այցելել է իր սիրելի «Մանթաշյանց» բիզնես ակումբ, վերջինիս անդամների հետ հանդիպելու։ Այս անգամ նախարարը նրանց հետ քննարկել է տնտեսության ոլորտում առաջիկայում սպասվող բարեփոխումները։ Օրինակ, որ տեղական արտադրությունը խթանելու նպատակով պետությունը կսուբսիդավորի աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններն ավարտած աշխատողների աշխատավարձերը, կամ նրանց, ովքեր աշխատել են միջազգային վարկանիշ ունեցող որևէ կազմակերպությունում։

«Կառավարությունը ընդունել է նաև նոր ներդրումային ծրագրեր, որոնք կխթանեն տնտեսական բարդություն ներկայացնող բիզնես նախագծերի իրականացումը։  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսության զարգացման գործընթացում կարևորեց նաև արցախահայության ներգրավվածությունը՝ նշելով, որ պետությունը ստեղծում է հնարավորինս բարենպաստ պայմաններ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում բարեկեցիկ կյանք ապահովելու համար», - ասված է նախարարության տարածած տեղեկատվական նյութում։ 

Թե ինչ վիճակում են արցախցիները, որոնք անգամ իրենց միանվագ տրամադրվող 100 հազարական դրամները դեռ չեն կարողացել ստանալ, լավ է լռենք, այս մասին բավականաչափ խոսել ենք։ Բայց մեզ հետաքրքրեց այլ հարց. ինչո՞ւ է Վահան Քերոբյանը միշտ նույն ակումբի հետ հանդիպում։ 2020 թվականի օգոստոսին Վահան Քերոբյանը որպես Menu Group միջազգային ընկերության հիմնադիր, որին պատկանում էին առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, միացել է «Մանթաշով» միությանը։ Բայց արդյո՞ք սա բավական հիմք է այսքան հաճախ նրանց  հետ հանդիպելու համար, արդյո՞ք այստեղ չկան կոռուպցիոն ռիսկեր եւ անհավասար վերաբերմունք այլ բիզնեսմենների նկատմամբ։ Ի՞նչ է, Հայաստանում չկա՞ն այլ գործարարների միություններ, արդյո՞ք նրանք ևս կարողանում են` երբ իրենց պետք է, հանդիպել նախարարի հետ։ 

Խաղողագործերի միության նախագահ Արտակ Սարգսյանն այսպես բացատրեց Քերոբյանի սերն առ «Մանթաշյանց»․ «Բիզնես են արել նրանց հետ, հանդիպում են: Խաղողագործին ո՞վ ա բանի տեղ դնում, որ հանդիպեն»։ Մինչդեռ այս տարի խաղողագործները լուրջ խնդիրներ ունեցան։ Միակ մթերողը, որը խաղողն ընդունեց նորմալ գնով՝ 140 դրամով, Երևանի կոնյակի գործարանն է եղել։ «Պետական սուբսիդավորման ծրագրից օգտվողները 110 դրամով են մթերել, բայց մինչև դեկտեմբերի վերջ են փողերը տալու, դեռ չեն տվել, իսկ մի 2-3 ձեռնարկություն էլ 80-90 դրամով` կիլոն վերցրեցին, այսինքն՝ ինքնարժեքից էլ ցածր։ Ինքնարժեքը 110-120 դրամ է», - ասում է Արտակ Սարգսյանը։

Ըստ նրա, այս տարի բնակլիմայական պայմանների պատճառով խաղողի սեղանի սորտերը քիչ են եղել ու շուկայում էլ թանկ են։ Ի՞նչ կարող է անել էկոնոմիկայի նախարարը, պետությունը ձեզ համար, հետաքրքրվեցինք մենք։ Արտակ Սարգսյանը բազմաթիվ քայլեր թվարկեց, որոնք Քերոբյանը կարող էր անել, օգնել, բայց չի անում ոչինչ։ «Խաղողագործին  պետք է սուբսիդավորել։ Եթե գործարարը այսօր կարողանում է 80-90 դրամ տալ, մի 60 դրամ էլ պետությունը պետք է տա, որ խաղողագործը կարողանա իր կռացած մեջքը ուղղել, վարկերը մուծել։ Էկոնոմիկայի նախարարությունը կարող է սուբսիդավորել խաղողագործի վարկի տոկոսը։ 24 տոկոսանոց վարկով կարո՞ղ է այս ճյուղը զարգանալ, իհարկե՝ ոչ։ Պետությունը կարող է պարարտանյութ տալ, կարող է վառելիքի գինը սուբսիդավորել, գյուղտեխնիկա տրամադրել՝ լիզինգ, զրո տոկոսով, և այլն, բայց ոչինչ էլ չեն անում»։  Խաղողագործի ռեակցիան էլ խաղողի այգիները քանդել-ոչնչացնելն է, որն այսօր զանգվածաբար տեղի է ունենում։ 

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների միության նախագահ Էմիլ Ստեփանյանին էլ հարցրեցինք, թե ինչու է Քերոբյանը «Մանթաշյանց»-ի հետ հաճախ հանդիպում, իսկ իրենց հետ, օրինակ, ոչ։ «Սկսենք նրանից, որ պարոն Քերոբյանը որպես «Մենյու էյ էմ»-ի հիմնադիր, դեռ մինչև էկոնոմիկայի նախարար դառնալը այդ ակումբի անդամներից էր։

Որպես գործարար նա, «Մանթաշով» գործարարների միություն էր կոչվում, դրա հիմնադիրներից է եղել, կապը դեռ այն ժամանակվանից է»։ Բայց նա այսօր նախարար է, բոլորի հետ պետք է հանդիպի, ձեզ հետ, օրինակ, հանդիպո՞ւմ է։ «Արտահանողների միջոցառումների ժամանակ մեզ հրավիրում է, այդ կառույցի հետ մենք համագործակցում ենք։ Բայց հիմնականում իրենց օրակարգով։ Մեր օրակարգով առանձնապես հետաքրքրված չեն, ինչը իր բացասական ազդեցությունն ունենում է։ Մեր հարցերին չեն պատասխանում,  նամակները  ստանում են` ձևական պատասխան, բայց երբ որ իրենք ինչ-որ հարց են քննարկում, կամ մի բան ուզում են ճշտել, մեզ հրավիրում են, մենք էլ կամ գնում ենք, կամ չենք ուզում` չենք գնում», - ասաց Էմիլ Ստեփանյանը։ Արտահանողները շատ հարցեր ունեն, բայց պետական կառույցների հետ չեն քննարկում, որովհետև հասկացել են, որ դա անիմաստ է։ «Նոր ասելիք էլ չկա», - ասում է «Էքսպորտ Արմենիայի» նախագահը: