Անշարժ գույքի շուկայում մինչև 30-40 տոկոս գնանկում է սպասվում 

Անշարժ գույքի շուկայում մինչև 30-40 տոկոս գնանկում է սպասվում 

COVID-19-ը ուժգին ազդեցություն է թողել նաև համաշխարհային անշարժ գույքի շուկայի վրա։ Լուրերը վատն են բնակարաններ վարձակալության տվողների ու վաճառողների, լավը՝ պոտենցիալ գնորդների ու վարձակալողների համար, որովհետև ամենուր գների կտրուկ անկումների կանխատեսումներ են։ Փորձագետները որոշ դեպքերում արձանագրում են 20-30 տոկոս գնանկում եվրոպական անշարժ գույքի համար։ Բայց, չնայած սրան, եվրոպական անշարժ գույքը, հատկապես կուրորտային գոտիներում, Միջերկրական ծովի ափամերձ հատվածում անշարժ գույքը շարունակում է պահանջարկված մնալ։

Հատկապես ռուսաստանյան ազատ շրջանառու միջոցներ ունեցող գնորդների համար, որոնք այսպիսով ապահովագրել են իրենց դրամական միջոցներն արժեզրկումից։ Իջնում են բնակարանների գները նաև Ասիայում ու ԱՄՆ-ում։ Հետխորհրդային տարածքի այն երկրներում, որոնք նավթային տնտեսություններ ունեն, առաջին հերթին Ռուսաստանում, անշարժ գույքի պահանջարկ այս պահին չկա։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչպես վկայում են անշարժ գույքի գործակալներն ու տնտեսագետները, ևս էական տեղաշարժեր են լինելու։

«Ռենթալս» ընկերության տնօրեն Արթուր Հակոբյանն ասաց․ «Իհարկե, գնանկում գոյություն ունի, տնտեսագիտության մեջ «առաջարկ» և «պահանջարկ» հասկացություն, այս պահին պահանջարկ գոյություն չունի, եթե վաճառքը շատ է, պարզ է, որ գնանկում կլինի»։ Ընկերության տնօրենի սպասումներով՝ գնանկումն առնվազն 30-40 տոկոսի սահմաններում է, բայց ավելի շատ վերաբերում է վարձակալություններին, քան բնակարաններին, քանի որ այստեղ անշարժ գույքի գործակալը շատ էական տարբերություններ չի ակնկալում։ Հաշվի առնելով, որ վարձակալությունների դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված, սպասումները մեկ տարվա կտրվածքով են, իսկ վաճառքի դեպքում ոչ այնքան, քանի որ կառուցապատողները սովոր են սպասելու ռեժիմով աշխատել և գները չեն էժանացնի։

2006 թվականից Հայաստանում գործող Aleqs-R ընկերությունից, օրինակ, նախ, հայտնեցին, որ վիճակն այնպես է, ինչպես ամենուր․ գործարքներ չկան (նոտարական գրասենյակներն ու Կադաստրի պետական կոմիտեն չեն աշխատել), գնորդները սպասում են, բանկերը հիպոթեք չեն տրամադրում և այսպես շարունակ։ «Սպասում ենք, որ գնային իջեցում կլինի, քանի որ նման ժամանակներում միշտ էլ իջնում են»,- նշեց ընկերության տնօրեն Ամալյա Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում զանգահարել են վաճառողներին, փորձել են պարզել, թե ինչ գնային սահմաններում են նախակորոնավիրուսային ժամանակներից վաճառվող բնակարանները։ Պարզվել է՝ մարդիկ կան, որ տատանվում են, կան, որ իջեցրել են, «կան, որ անկապ թանկացրել են», ոմանք էլ հետ են կանգնել վաճառքի մտքից։ Նույն կանխատեսումները վերաբերում են վարձակալությանը։ Այս ընթացքում շատ զանգեր են ստացել վարձատուներից, որոնք բողոքել են, որ վարձակալներն ուզում են դուրս գալ՝ ասելով, որ նախկին գներն այլևս իրենց համար թանկ են։ «Իրենք ասում էին, որ վարձակալներն ուզում են գինն իջեցնել, ես էլ ասացի, որ ավելի լավ է մարդիկ մնան ցածր գնով, քան ամիսներով այդ բնակարանները մնան դատարկ»։ Ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում, ըստ էության, ասաց․ սրանք դեռ ծաղիկներն են, որովհետև վարձակալության տվող տնտեսվարողները փաստի առաջ կանգնելու են մայիսի կեսերին, հունիսին։ «Բավականին շատ տնտեսվարողներ չեն աշխատել (անհատներից վարձակալության վերցրած), բայց ունեն հիպոթեքային վճարներ։ Բանկն էլ, բնականաբար, չի զիջել, ընդամենը արձակուրդ է տրամադրել։ Դրանով պայմանավորված՝ առաջանալու են խնդիրներ մայիսին, հունիսին, քանի որ բանկն ուզելու է գումարը, նրանք էլ չեն կարողանալու տալ»,- ասաց ընկերության տնօրենը։