Վարկային ընկերությունից պնդում են՝ բողոքող քաղաքացին իրենց վարկառուն չէ

Վարկային ընկերությունից պնդում են՝ բողոքող քաղաքացին իրենց վարկառուն չէ

Մենք այսօր գրել էինք, որ «Հրապարակի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Սիրանուշ Գրիգորյանը, որը խնդրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, թե ինչ խաղեր է խաղում իրենց գլխին «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը, որի տնօրենը, ի դեպ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է։ Քաղաքացին արտասվելով պատմում էր, որ դիմել է վարկային կազմակերպությանը՝ վարկային արձակուրդ ստանալու նպատակով, սակայն ամսական տոկոսադրույքները գումարել են մայր գումարին եւ սկսել նորից տոկոսներ հաշվել․

«Ես դիմել եմ, գնացել դիմում ենք գրել, բռնել են 2 ամսվա տոկոսներս բաժանել են մայր գումարի վրա ու նորից տոկոսի վրա տոկոս են հաշվում։ Ինձ անընդհատ զանգում են վարկի համար, թե բեր-մարիր, ես ամսական 62 հազար էի մարում, իբր ընդառաջեցին, որ կեսը մարեմ, ասացի՝ եթե ես կարողանայի մարել, 62 հազարը կմարեի։ Ես զանգել եմ Կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկը միջամտել է, որ լավության կարգով երկարացնեն։ 2 ամսվա տոկոսը, որը կազմում է 104 հազար, բերել-բաշխել են ամբողջ մայր գումարի վրա ու հիմա նորից վրաս տոկոս են հաշվում։ Ես վերցրել եմ 1 մլն 500 հազար դրամ վարկ, արդեն 3-րդ տարին է, որ փակում եմ, լրիվ մաքուր փակել եմ եւ ընդամենը մարել եմ 150 հազար մայր գումարից, հիմա մարտ ամսին ես վճարում եմ արել, ապրիլ ամսին ես ի վիճակի չեմ վճարում անելու, հիմա այդ 2 ամսվա տոկոսը գումարել են մայր գումարին, դարձրել են 1 մլն 430 հազար։ Լավ, բա ես հիմա ի՞նչ անեմ, որտե՞ղ դիմեմ, սա անտեր պետությո՞ւն է՝ ես չեմ հասկանում, ես որտեղ գնամ դիմեմ, այս ի՞նչ են անում։ Հազիվ 2 տարվա մեջ ես 150 հազար դրամ մայր գումարից մարել եմ, հիմա 66 հազար պիտի վճարեմ՝ գումարած դրա տոկոսները։ Ես ուզում եմ, որ սա հասնի վարչապետին, որ այդպես բարձրաձայն խոսում է, թող իր տեղակալին ասի՝ վերանայեն, էս ի՞նչ են անում մեր գլխին»,- մեզ հետ զրույցում ասել էր քաղաքացին։

Թեմայի առնչությամբ մեզ հետ կապվեց վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հակոբ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Սիրանուշ Գրիգորյանը իրենց մոտ ոչ մի ավտովարկ չունի,  և եթե նա կարողանա փաստաթղթեր ներկայացնել, որ ինքը վարկառու է և ունի 1 մլն 500 հազար դրամի վարկ, ապա պատրաստ են դա զրոյացնել։ Մենք կրկին կապվեցինք Սիրանուշ Գրիգորյանի հետ, և պարզեցինք, որ վարկը, իսկապես, իր անունով չի ձևակերպված, այլ հորաքրոջ որդու՝ Կարեն Սևանյանի անունով, սակայն վերցվել է իր համար և վճարումներն արել է ինքը։ Սրա վերաբերյալ Հակոբ Մանուկյանն ասաց, որ Սիրանուշ Գրիգորյանը իրենց վարկառուն չէ, ․

«Մենք տեղյակ չենք, որ ինքն է մարումներ իրականացնում, մենք դա ԿԲ-ի գրությունից ենք իմացել, բայց նա մեր հաճախորդը չէ, եթե մեր հաճախորդը ինչ-որ դժգոհություն ունի, առաջինը պետք է վարկառուն դիմի։ Մեր տեղեկություններով՝ վարկառուն դժգոհություններ չունի։ Հիմա հարցն այն է, որ մեր վարկառուն դժգոհություն չի ներկայացրել, մենք վստահ չենք, որ մեր հաճախորդը դժգոհ է։ Ինչ վերաբերում է տոկոսները մայր գումարին գումարելուն, ապա դա սովորական կապիտալացման գործընթաց է, իրենց դեպքում եթե  հաճախորդը դժգոհություն ունի, թող հաճախորդը դիմի, իսկ այն մարդը, որն այդ մասին հրապարակումներ է անում, մեր վարկառուն չէ, իր տված ինֆորմացիան սխալ է, Սիրանուշ Գրիգորյանը կեղծ ինֆորմացիա է, տրամադրել, նա մեզ մոտ վարկ չունի, իսկ վարկառուին մենք արդեն աջակցել ենք, եթե էլի կարիք ունի, թող ներկայանա, մենք իր հետ կաշխատենք»,- պատասխանեց ընկերության փոխտնօրենը։

Փաստորեն ընկերության համար կարևորը ոչ թե քաղաքացու բերած տվյալներն են, այլ այն, թե ով է վարկառուն փաստաթղթով։