«Այս ի՞նչ են անում մեր գլխին»՝ վարկի տոկոսները գումարել են մայր գումարին

«Այս ի՞նչ են անում մեր գլխին»՝ վարկի տոկոսները գումարել են մայր գումարին

«Հրապարակի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Սիրանուշ Գրիգորյանը, որը խնդրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, թե ինչ խաղեր է խաղում իրենց գլխին «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը, որի տնօրենը, ի դեպ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է։ Քաղաքացին արտասվելով պատմում էր, որ դիմել է վարկային կազմակերպությանը՝ վարկային արձակուրդ ստանալու նպատակով, սակայն ամսական տոկոսադրույքները գումարել են մայր գումարին եւ սկսել նորից տոկոսներ հաշվել։

«Ես դիմել եմ, գնացել դիմում ենք գրել, բռնել են 2 ամսվա տոկոսներս բաժանել են մայր գումարի վրա ու նորից տոկոսի վրա տոկոս են հաշվում։ Ինձ անընդհատ զանգում են վարկի համար, թե բեր-մարիր, ես ամսական 62 հազար էի մարում, իբր ընդառաջեցին, որ կեսը մարեմ, ասացի՝ եթե ես կարողանայի մարել, 62 հազարը կմարեի։ Ես զանգել եմ Կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկը միջամտել է, որ լավության կարգով երկարացնեն։ 2 ամսվա տոկոսը, որը կազմում է 104 հազար, բերել-բաշխել են ամբողջ մայր գումարի վրա ու հիմա նորից վրաս տոկոս են հաշվում։ Ես վերցրել եմ 1 մլն 500 հազար դրամ վարկ, արդեն 3-րդ տարին է, որ փակում եմ, լրիվ մաքուր փակել եմ եւ ընդամենը մարել եմ 150 հազար մայր գումարից, հիմա մարտ ամսին ես վճարում եմ արել, ապրիլ ամսին ես ի վիճակի չեմ վճարում անելու, հիմա այդ 2 ամսվա տոկոսը գումարել են մայր գումարին, դարձրել են 1 մլն 430 հազար։ Լավ, բա ես հիմա ի՞նչ անեմ, որտե՞ղ դիմեմ, սա անտեր պետությո՞ւն է՝ ես չեմ հասկանում, ես որտեղ գնամ դիմեմ, այս ի՞նչ են անում։ Հազիվ 2 տարվա մեջ ես 150 հազար դրամ մայր գումարից մարել եմ, հիմա 66 հազար պիտի վճարեմ՝ գումարած դրա տոկոսները։ Ես ուզում եմ, որ սա հասնի վարչապետին, որ այդպես բարձրաձայն խոսում է, թող իր տեղակալին ասի՝ վերանայեն, էս ի՞նչ են անում մեր գլխին»,- ասաց քաղաքացին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիներից բողոքներ ենք ստանում այս վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Նախկինում կրկին մեզ դիմել էին՝ նշելով, որ վարկային կազմակերպությունը պահանջում է, որ վարկառուներն ամսական վճարումներն իրականացնեն սահմանված ժամանակին, այսինքն՝ վարկային արձակուրդ չեն տրամադրում, մինչդեռ մարդիկ հիմա չեն աշխատում եւ գումար չունեն վարկերը փակելու։ Ընկերությունը ուշացնելու դեպքում տուգանում է՝ ամեն չվճարված օրվա համար մայր գումարի 1 տոկոսի չափով։ Թեմայի առնչությամբ նախորդ անգամ մեզ հետ կապվել էր ՈւՎԿ-ի հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Աիդա Գրիգորյանը, ով վստահեցնում էր, որ քաղաքացիների դիմելու դեպքում ընդառաջումներ կլինեն։ «Մեզ պետք է դիմել, մենք արդեն ունենք հաստատված ստանդարտ, որ, կախված իրենց վարկի տեսակից, մենք պետք է իրենց օգնենք»,- մեզ հետ զրույցում ասել էր ընկերության աշխատակիցը։ Փաստորեն, այս սկզբունքը չի աշխատում, կամ միայն խոսքով են ընդառաջում, իրականում փորձում են ավելի մեծ պարտքերի տակ գցել վարկառուներին։