Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 21

Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 21

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսաներկուերորդ՝ ապրիլի 21:

2018թ․ ապրիլի 21

Երեւանում եւ մարզերում հանրահավաքներ են, փակվել են բազմաթիվ փողոցներ, շրջափակված են պետական գերատեսչությունների շենքերը: Հանրահավաքներում կոչեր են հնչում՝ հանուն Ձեր վայելքների, մի՛ զոհեք ազգին, պարո՛ն Սերժ Սարգսյան: Հետո պիտի պարզվեր, որ թավշյա հեղափոխություն ասելով իշխանության եկած ուժի համար մեկ արժեք կա՝ որ իրենք վայելեն բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները, ծառայողական մեքենաները, հաճախակի գործուղումների մեկնեն եւ այլն, իսկ պետական համակարգը մնա անտեր եւ հիմնահատակ քանդվի։

2019թ․ ապրիլի 21

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Հարության օրը՝ Սուրբ Զատիկը: Facebook-ին հավատարիմ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական գրառում է անում սոցկայքում եւ Աստվածաշնչից մեջբերում անում, որը վերաբերում է ոչ թե Սուրբ Հարությանը, այլ՝ Քրիստոսի Սուրբ Ծննդին:

2020թ․ ապրիլի 21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Արցախի հարցով բանակցությունների առարկան փուլային տարբերակն է, որը ենթադրում է նախ ռազմական գործողությունների բացառում, ապա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով, հարցի կարգավորում, որի մեջ նախեւառաջ մտնում են տարածքների հանձնումը, ապաշրջափակումը եւ այլն։ 

Հայաստանի պետական որեւէ օղակ չի արձագանքում: Արագ արձագանքում է Հանրապետական կուսակցությունը: «Մերժելի է կարգավորման ցանկացած տարբերակ, որն իր հիմքում չի ունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրագործման եւ ճանաչման սկզբունքը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության միջազգային երաշխիքները: Մեր խորին համոզմամբ` խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, եւ այդ փոխզիջումները չեն կարող թվարկվել՝ առանց առաջնահերթորեն ունենալու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հստակ ճանաչման եւ իրագործման երաշխիքները: Այս տարբերակը որեւէ կերպ չի բխում մեր ազգային շահերից եւ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար»,- հայտարարում է ՀՀԿ-ն: Ընդամենը վեց ամիս անց այդպես էլ եղավ՝ ռազմական բախում, տարածքներն անցան Ադրբեջանին:

Տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակցում է ավելի քան 20 մարդ, մինչդեռ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արտակարգ դրության պարետատունը սահմանել է, որ փակ տարածքում արգելված է միաժամանակ 20 հոգուց ավելի հավաքվել: Այս դրույթը խախտելու համար որոշ ձեռնարկություններ արդեն պատժվել էին, իսկ ՔՊ-ն չի պատժվում:

2021թ․ ապրիլի 21

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանըն Facebook սոցկայքում լուսանկարներ է հրապարակում եւ գրում. «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»: Ժամեր անց լրագրողները խոսում են տանտիրոջ հետ, եւ պարզվում է, որ օրվա մութ ժամին ոստիկաններն ու ԱԱԾ-ականները, առանց տանտիրոջը հարցնելու, շրջապատում են տունը, որ Նիկոլ Փաշինյանը գա: Նա էլ գալիս ու առանց թույլտվության ներս է մտնում: Շուռնուխում նրան վատ են ընդունում։ Իսկ օրվա լույս ժամերին Սյունիքի համայնքներում Նիկոլ Փաշինյանին մերժում են՝ փողոցային հայհոյանքներով, «դավաճան», «կապիտուլյանտ» ու նման որակումներով: Դրանից հետո կալանավորվում են Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարներն ու մի քանի հայտնի սյունեցիներ: Նիկոլ Փաշինյանը չներեց Սյունիքի պահվածքը։

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ