Կենդանական վախը

Կենդանական վախը

Մայիսի 4-ը «Ազգային ժողով-ՀՀ կառավարություն» ձեւաչափով հերթական հարցուպատասխանի օրն էր, եւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ժամանել էր ԱԺ: Ժամանմանը նախորդել էր Ազգային ժողովի շենքի շրջապատումը հսկայական քանակությամբ ոստիկաններով:

Անվտանգության ապահովման նման ուժեղացված կարգ մեկ էլ սահմանվում էր մեկ տարի առաջ: Երբ վերը նշված անձը ստիպված էր լինում տեղից տեղ գնալ ոտքով: Բնականաբար, դա վախի ազդեցության ներքո էր: 

Բազմիցս համոզվել ենք, որ այդ անձը քաջությամբ չի փայլում, եւ 2018-ի գարնանը քաջությանը փոխարինելու էր եկել «դուխով» գրությամբ գլխարկը: Դա թաքնագիտությունից (էզոտերիկայից) հայտնի հնարք է, երբ սեփական խառնվածքում բացակայող հատկանիշը փորձում ես փոխհատուցել դրա առարկայական որեւէ կրիչով: Իհարկե, դա քեզ չի դարձնում իրականում այդպիսին, բայց հոգեբանորեն որոշակիորեն քեզ նմանեցնում ես գլխարկի «դուխով» գրությանը: Եվ քեզ զգում ես ապահով ու կոմֆորտ գոտում: Բայց դա նաեւ ազդում է քո շրջապատի վրա՝ քեզ միանում են քեզ նմանները՝ կրելով միեւնույն գրությամբ գլխարկը: Իսկ հետո, երբ միացածների քանակը վերածվում է որակի, այսինքն՝ թե՛ մասնակիցների եւ թե՛ շրջապատի կողմից ընկալվում է որպես նշանակալից ուժ, միանում են նաեւ մյուսները:  

Ահա, այդպիսի հոգեբանական մեխանիզմով ծնունդ առավ եւ զարգացավ շարժումը՝ հանգեցնելով իշխանափոխության: Ասվածը, իհարկե, չի մերժում այն վարկածը, որ շարժումը նախագծվել եւ ֆինանսավորվել էր դրսից: Բայց դա հենց Նիկոլի առումով բավարար չէր լինի, եթե չգործեր ներկայացված մեխանիզմը: Ի դեպ, այդ մեխանիզմը, ինչպես ռուսերենում է ասվում, «палка о двух концах» (ինչը հայերեն թարգմանվում է որպես «երկսայրի սուր», սակայն չի փոխանցում ռուսական առածի իմաստային նրբերանգը): Հենց երկրորդ սայրն («конец»-ն) է այսօր հարվածում Նիկոլին: Հենց այս տարբերակով էր հնարավոր Նիկոլի հեռացումը, ինչը բազմիցս եմ ասել՝ նա պետք է գնա եւ գնալու է այնպես, ինչպես եկել է: Որպես փորձառու եւ գրագետ ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասկանում է, որ դրա դեմ ինքն անզոր է: Իհարկե, ինքն օգտագործում եւ շարունակելու է օգտագործել ոստիկանությանը, հատկապես՝ կարմիր բերետավորներին: Սակայն դրանք, լինելով ուժային հենարան, չեն վերածվում սոցիալական հենարանի: Եվ, բնականաբար, չեն ապահովում Նիկոլի լեգիտիմությունը: Ինչն այսօր բացակայում է, եւ ինչի կարիքն ինքն ունի:

Այդ երեւույթի նկատմամբ բնական ռեակցիան վախն է: Հատկապես որ իր կողմից է այդ մեխանիզմն օգտագործվել, եւ այն այսօր շուռ է եկել իր դեմ: Ու այդ պատճառով էր Ազգային ժողովի շենքը մայիսի 4-ին շրջապատվել այդքան ոստիկաններով: Համարյա նույնը կրկնվեց մայիսի 6-ին, երբ բողոքավորների մի խումբ սկսեց բարձրանալ Պռոշյան փողոցով, որտեղ գտնվում են կառավարական «դաչաները»: Եվ եթե մայիսի 4-ին անվտանգության միջոցառումներն ընկալելի էին՝ ինքը գտնվելու էր այնտեղ, ապա անհասկանալի էր «դաչաների» շրջափակումը ոստիկանների կողմից: Իմաստը ո՞րն էր՝ ցուցարարները մտնելու էին այնտեղ, որ ի՞նչ անեին: Եթե նույնիսկ տնեցիները տանը լինեին,Նիկոլին հեռացնելու շարժումը պետական օրակարգ է կրում իր մեջ եւ ոչ թե ահաբեկիչների խմբակ է: Ինքն էլ կարող էր նման եզրակացության գալ, սակայն կենդանական վախը, ինչպես հայտնի է, մտածելու ունակության հակոտնյան է: Դա խնդալու կլիներ, եթե մեզ չվերաբերեր: Դրանից ազատվելու հնարը սկսած գործն ավարտելն է: