ԱՄՆ Պետքարտուղարը հանդես է եկել Ղարաբաղի մասին հայտարարությամբ 

ԱՄՆ Պետքարտուղարը հանդես է եկել Ղարաբաղի մասին հայտարարությամբ 

ԱՄՆ-ն  ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր իր երկիրը մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ դատապարտել հակամարտության ռազմական էսկալացիան, որը բերել է մեծ թվով խաղաղ բնակիչների զոհվելուն։ Նա կոչ է արել կողմերին հարգել միջազգային իրավունքով, հատկապես միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Այդուհանդերձ, մարտական գործողությունների ավարտը նա համարել է միայն առաջին քայլը, ուղղված ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Նա նաեւ հորդորել է հնարավորինս արագ սկսել համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որպեսզի հնարավոր լինի հասնել հակամարտության տեւական եւ կայուն քաղաքական լուծմանը՝  հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին: Նա հավաստիացրել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում: Միաժամանակ նաեւ, ԱՄՆ-ն տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, այլ գործընկերների՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու համար:  Նոր օգնությունը կտրամադրվի ԱՄՆ Պետդեպի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից, որը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, բուժօգնություն, կացարան և այլ շտապ օգնություն տրամադրելուն: