Դատախազությունը դիմել է ԲԴԽ-ին՝ ձերբակալված դատավորի լիազորությունները կասեցնելու համար

Դատախազությունը դիմել է ԲԴԽ-ին՝ ձերբակալված դատավորի լիազորությունները կասեցնելու համար
Գագիկ Հեբոյան

Երեկ ձերբակալված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ կաշառքի գործով ձերբակալված դատավորը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն է։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։