Ով ինչ ուղերձով է գնում ընտրության

Ով ինչ ուղերձով է գնում ընտրության

Ուղերձները, որոնցով հանդես են գալիս ընտրությունների ժամանակ քվեարկության գնացող թեկնածուները, շատ կարեւոր են այն առումով, որ բացահայտում են նրանց պատկերացումներն ընտրության մասին։ Ի՞նչ ուղերձ են հղել պաշտոնյաներն ու թեկնածուները ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելիս։ «Սա կարեւորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետեւաբար՝ տոն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ եւ հզոր Հայաստանի»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի համար կարեւոր է միասնականությունը։ «Եթե ցանկանում ենք, որ ինչ-որ բան լավ լինի, պետք է միասնական լինենք»,- ասել է նա։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անկեղծացել է․ «Լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար եւ աննախադեպ ընտրությունները»։ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նշել է․ «Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»։ «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն «ինքնիշխան, հզոր եւ բոլոր հայերի համար հայրենիք դարձող հանրապետության»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար։ «Մենք» դաշինքում ընդգրկված «Ազատ դեմոկրատներ» կոսւակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է ավելի ինքնավստահ Հայաստանի օգտին։ «Գիտե՞ք ինչքան եմ երազել էս օրվա համար»,- խոստովանել է «Մենք» դաշինքում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։