Միայն պատժի վրա չես կառուցի երկիրը, դա դեռ ծրագիր չէ

Միայն պատժի վրա չես կառուցի երկիրը, դա դեռ ծրագիր չէ

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ուրախ է, որ նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, որովհետեւ ամբողջ այս ընթացքը որոշակի ագրեսիվություն եւ բացասական էմոցիաներ է առաջացրել․ «Ինձ համար դա մի քիչ դիսկոմֆորտ վիճակ է, դրա համար հիմա ուրախ եմ, որ վերջանում է»։ 

Բաբայանի կարծիքով, անգամ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում մարդիկ ընտրում են՝ առաջնորդվելով ոչ միայն ծրագրերով։ «Էլի անձը, նրա անհատական հատկությունները մեծ նշանակություն ունեն, եւ միշտ չէ, որ հաղթում է նա, ում ծրագիրն ավելի հետաքրքիր է, արդիական։ Դրա համար ասում են՝ քաղաքական գործիչ՝ որոշակի խարիզմայով, որը մեծ նշանակություն ունի, որովհետեւ լավ տեսակետից, իհարկե, սա թատրոն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է դերասանի այդ խարիզման ունենա, ներկայանալի լինի հանդիսատեսին, որովհետեւ մեր դատողությունները նաեւ վիզուալ են»,- ասում է նա ու նկատում, որ 11 գործիչների մասնակցությամբ բանավեճը՝ որպես փաստ, փայլուն բան էր․ «Առաջին անգամ բոլոր առաջին դեմքերի մասնակցությամբ տեղի ունեցավ նման դեբատ։ Իհարկե, կարող են լինել բազմաթիվ դժգոհություններ, բայց այդ փաստն արդեն լավ է, ու եթե ամրապնդվի ընտրություններից ընտրություն, սա կդառնա ավելի հետաքրքիր, բովանդակային, որովհետեւ կսկսեն վերլուծվել այն տպավորությունները, որ յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ թողել է լսարանի վրա»։

Այդուհանդերձ, նա չի տեսել առողջ բանավեճ քաղաքական ուժերի միջեւ․ «Կոնցեպտուալ, հետաքրքիր մոտեցումներ չտեսա, ավելի շատ տեսա սպեկուլյատիվ բաներ, օրինակ՝ ինձ համար, միանշանակ, Ղարաբաղի հարցը սպեկուլյացիայի հարց է, հատկապես՝ երբ սկսում է շահարկվել, թե ով է դրա պաշտպանը, ով՝ վաճառողը։ Կարծում եմ՝ կան թեմաներ, որոնց պետք չէ անդրադառնալ։ Եվ երբ նման ցավոտ հարցերին ենք անդրադառնում, մենք իրականում շատ կարեւոր հարցեր մոռանում ենք։ Եթե նկատեցիք, երեկ ընդհանրապես չխոսվեց 3 կարեւոր ոլորտի մասին՝ մշակույթ, կրթություն եւ առողջապահություն, որոնք ազգի ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական առողջությունն են, երեքուկես ժամում որեւէ մի թեկնածու թեկուզ մեկ րոպե չգտավ, որ խոսի դրա մասին։ Երեւի մենք պետք է հասնենք դրան, որ հասկանանք՝ մշակույթը, կրթությունը, առողջապահությունն առանձին ոլորտներ չեն, դրանք ազգի քաղաքակրթական, պետականաշինության ոլորտներն են, որովհետեւ, եթե մենք չենք ուզում, որ երկրում լինի կաշառակերություն, կոռուպցիա, անտեսելով մշակույթը՝ մենք երբեք դրան չենք հասնի, որովհետեւ միայն պատժիչ մեթոդներով ոչինչ չի վերանա։ Սա առաջին հերթին պետք է վերանա ուղեղներում, իսկ դրա համար որոշակի արժեքային համակարգ պետք է ձեւավորվի, իսկ այդ արժեքային համակարգը ձեւավորվում է կրթության, մշակույթի միջոցով»։

Ռուբեն Բաբայանը կգերադասեր, որ ցուցակներում չընդգրկեին մտավորականներին, որովհետեւ դժվար է պատկերացնել մտավորականի, ով գնա եւ 8 ժամ նստի աթոռին․ «Պատկերացնո՞ւմ եք, Փարաջանովը կամ Կոմիտասը գնար եւ 8 ժամ աթոռին նստեր Ազգային ժողովում։ Բայց կարելի է այդ մարդկանց որպես խորհրդական ներգրավել, որովհետեւ սկսել են տարբեր բնույթի խնդիրներ ծագել թատրոններում։ Հիմնականում դա գալիս է նրանից, որ կադրերի նշանակման պարագայում զուտ վարչարարական մեթոդներն են գործում, առանց հաշվի առնելու կոմպետենտ շրջապատի կարծիքը, բոլոր այն ռիսկերը, որ գալիս են այս կամ այն անձը նշանակելուց»։

Ինչ վերաբերում է մասնակցության թվին, որն ավագանու ընտրությունների դեպքում ցածր էր, ապա Բաբայանը կարծում է, որ 50 տոկոսն այնքան էլ ցածր ցուցանիշ չէ․ «Ազգովի զբաղվել քաղաքականությամբ ու մտնել դրա մեջ, այնքան էլ ողջունելի չէ ինձ համար»։

Բաբայանը կարծում է, որ հանրության մեծամասնությունը կողմնորոշվում է հենց  հեռուստաեթերների միջոցով, եւ հնարավոր չէ մարդուն ավելի լավ ներկայացնել, քան ինքն իրեն կարող է ներկայացնել ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերից․ «Դու կարող ես մարդու մասին շատ լավ բաներ ասել, բայց դուրս գա հեռուստաէկրան եւ միանգամից փոխի կարծիքը, եւ այդ պրոցեսի անչափ կարեւոր կետը դա է, որովհետեւ դու անձամբ տեսնում ես այդ մարդուն, լսում ես ոչ միայն իր խոսքը, այլեւ տեսնում ես իր պահվածքը, ներքին կուլտուրան, ինչպես կարող է լսել, միջամտել, սրամտել, իսկ մեր քաղաքական գործիչներին սրամտությունը հաստատ պակասում է»։   

Դերասանուհի Աննա Էլբակյանը կարծում է, որ քննադատության այս մեծ ալիքը չի տալիս ոչ մի տեսողություն ապագայի հանդեպ, այլ հակառակը՝ հոգեբանական ընկճվածություն է առաջացնում․ «Ես միշտ թիմի կողմնակից եմ եղել եւ նայելով այդ բանավեճը՝ մտածում էի՝ ինչքան ռացիոնալ կողմեր կան, եւ ըստ էության չկա մի թիմ, որ չունենա այդ ռացիոնալ հատիկը։ Գուցե որպես ուտոպիա հնչի իմ ասածը, բայց ես որպես թիմ կվերցնեի բոլոր այս կողմերի ներկայացուցիչներին, որովհետեւ այն, ինչ կարծր էր, արդեն շարժվել է։ Ես Նիկոլ Փաշինյանի տեղը կանեի այդպիսի մի բան, սերնդափոխությունն էլ պետք է արվի արհեստավարժ եւ իմաստուն ձեւով, ոչ թե մենք ենք ու վերջ։ Իհարկե, պետք է պատժել, բայց ես թիմի կողմնակից եմ, եւ թիմը պետք է լինի տարբեր ուղղություններով աշխատող թիմ, որտեղ մարդիկ կլինեն անշահախնդիր, երկրի, պետության մասին մտածող»։            

Էլբակյանը կարծում է, որ պետք է նայել եւ ուսումնասիրել քաղաքական ուժերի ու գործիչների ծրագրերը՝ առանց պախարակելու ու ինչ-որ մեկին աստվածացնելու։ «Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր բանիմաց են, չեն վախենա իրենց անձը դրա համար դնել, պետք է ժողովրդին սովորեցնեն մտածել ավելի ծրագրային, միայն պատժի վրա չես կառուցի քո երկիրը, դա մի մասն է, բայց դեռ ծրագիր չէ, իսկ լոզունգներով երկիրը ղեկավարել անհնար է, պետք է լինի համագործակցություն, բաց դիալոգ՝ առանց իրար պախարակելու։ Դրա համար ես կուզենայի ավելի հանգիստ, խոհական, ծրագիր ունեցող մարդկանց հետ գործ ունենալ, քան հեղափոխական։ Հեղափոխությունը, ինչ խոսք, լավ է շարժելու, մաքրելու, պատժելու մեջ»,- նկատում է դերասանուհին։  

Գրականագետ Ազատ Եղիազարյանի վրա այս նախընտրական քարոզարշավը լավ տպավորություն է թողել, ասում է՝ բոլոր կուսակցություններն էլ հնարավորություն ունեցան իրենց ասելիքն ասելու բոլոր հեռուստաընկերությունների եթերում․ «Ոչ մի կուսակցության խոսք չէր խմբագրվում, ես զուգահեռաբար կարդում էի նույն ելույթների տարբեր հրապարակումներ եւ տեսնում էի, որ բոլոր քննադատությունները եթեր են գնում՝ չեն հարմարեցնում, չեն խմբագրում։ Կարծում եմ՝ նախընտրական այս շրջանը բավականին լավ անցավ, եւ չեմ հիշում վերջին 30 տարվա մեջ, որ այսպիսի աշխուժություն լիներ։ Նոր կառավարությունը պետք է շատ խելոք լինի եւ հասկանա, որ նրանց ասածների մեջ շատ ճիշտ բաներ կային, ուրիշ բան է, որ բանավեճի բովանդակությունը ե՛ւ երեկ, ե՛ւ այդ 10 օրվա ընթացքում հիմնականում ինձ չբավարարեց եւ շատ- շատերին չի բավարարել, անմիջապես անցնում էին այդ 2 կողմերի փոխադարձ մեղադրանքներին եւ գրեթե հայհոյական արտահայտությունների, որն ամենեւին հաճելի բան չէր։ Մեր հանրապետության իսկական քաղաքական կյանքը պետք է սկսվի ընտրություններից հետո, մինչեւ այս հարայհրոցը չանցնի, մենք բնականոն կյանքով չենք ապրելու, դրանից հետո կտեսնենք»։

Նոր կուսակցությունները, ըստ գրականագետի դիտարկման, ձգտում էին գաղափարական բանավեճի, բայց «նրանք այնքան նոր են, որ դեռ չէին հասցրել մշակել իրենց տեսակետները։ Նախընտրական այս քարոզարշավը ցույց տվեց, որ կուսակցությունները դեռ չունեն հասունացած գաղափարախոսություններ, բայց իրենց հանդես գալն ինձ համար դրական փաստ է։ Երբ ամեն օր տաքսիով գնում եմ աշխատանքի, զրուցում ենք վարորդների հետ, եւ գիտե՞ք ինձ ինչ են ասում, որ Նիկոլն ինչ ասի, նրա օգտին ենք քվեարկելու։ Ես դրա մեջ շատ վատ բան չեմ տեսնում, Աստված տա՝ այդ հավատը մինչեւ վերջ այդպես մնա»։