Նրանք կփորձեն նոր տերեր գտնել, դա նրանց տեսակին բնորոշ է

Նրանք կփորձեն նոր տերեր գտնել, դա նրանց տեսակին բնորոշ է

Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ն պայքարի է հանել իր «ծանր հրետանին»՝ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյան եւ այլք, որոնք տեղ են գտել ռեյտինգային ցուցակում։

Հենց այդ պատճառով է մարզում առավել կենտրոնացել իշխանության ուշադրությունը, մի քանի օր է՝ մամուլն ահազանգում է, որ ոստիկանությունն ընդդիմության համակիրների շրջանում «որս» է սկսել՝ վախի մթնոլորտ հաստատելով մարզում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու Քրիստ Մարուքյանի հետ, ի դեպ, որի եղբայրը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, այս անգամ առաջադրվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։

- Պարոն Մարուքյան, հեղափոխությունից հետո ձեր մարզում իրավիճակ փոխվե՞լ է Ձեր նկատմամբ, վերջին ընտրություններում Դուք հարազատ մարզից բավականին լավ ձայներ եք հավաքել, Վանաձորի ընտրություններում գրեթե հաղթել էիք։

- Վերջին երկու-երեք տարում քաղաքական ակտիվ պրոցեսներ են եղել, եւ բոլորն ամեն ինչից կարծես տեղյակ են, որեւէ մեկին որեւէ նորություն դժվար թե կարողանաս ասել։ Մարդիկ մեր ընտրարշավի ընթացքում շատ են հարցնում ընտրակարգի մասին, որովհետեւ նախորդ անգամ՝ փողի առկայության փաստով պայմանավորված, չեն ֆիքսվել ընտրակարգի վրա։

- Ես նկատի ունեի ձեր՝ Մարուքյանների, «լուսավորների» նկատմամբ «սերն ու համակրանքը» տեղի՞ է տվել, թե՞ մնացել է նույնը, գուցե ավելացե՞լ է։ Մենք տեսնում ենք, թե հեղափոխությունից հետ ինչպիսի պաշտամունք է Նիկոլ Փաշինյանի, իր թիմի նկատմամբ։

- Սերը չափելու չափիչ չունենք, ճիշտն ասած, բայց միեւնույն ժամանակ այն, որ մարդկանց պետք չէ ներկայացնել, թե մենք ով ենք, թե ինչ անցած ճանապարհ ունենք, դա արդեն ոգեւորիչ է, քանի որ մարդիկ հավելյալ հարցեր չեն տեսել։ Մարդիկ տեսել են Էդմոն Մարուքյանի աշխատանքը վերջին յոթ տարիների ընթացքում ԱԺ-ում, տեսել են մեր աշխատանքն ավագանիում, տեսել են գործադիրում մեր տված նախարարի աշխատանքը։ Այսինքն՝ բոլոր հարթություններում մարդկանց մեր ունեցած ներկայությունը ցույց է տվել, թե մենք ինչ ռեսուրսների ենք տիրապետում, ինչ սկզբունքներով ենք աշխատում։

- Բայց քանի որ էյֆորիան տեղի չի տվել, մարդիկ ձեզ չե՞ն «մեղադրում» հեղափոխությանը չմիանալու կամ վերջին պահին միանալու համար։

- Ոչ թե մեղադրանք, ես կասեի՝ որոշակի չհասկացվածության պահ կա, որն այս ընթացքում Էդմոն Մարուքյանի ելույթներով եւ հարցազրույցներով պարզաբանվել է, եւ մարդկանց մոտ չհասկացվածությունը շատ ավելի քիչ է նկատվում։ Բայց էլի լինում են հարցեր, եւ բացատրում ենք, որ ցանկացած պրոցես ունի մի քանի բաղադրիչ, մենք մեր դերակատարությունն ենք ունեցել, բնականաբար, չենք հավակնում դափնիների եւ այլն, բայց այնպես էլ չէ, որ մենք որեւէ կերպ չենք օժանդակել այդ պրոցեսին եւ անմասն ենք մնացել։ 
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, այստեղ կենտրոնացած նախկին իշխանավորները, եթե անգամ ծանրակշիռ ձայներ են հավաքել, հիմա խայտառակվելու փաստի առաջ են կանգնած, ամեն գնով փորձում են վերահաստատել, ցույց տալ, որ իրենք գործոն են ներկայացնում, բավականին աջակցություն ունեն եւ այլն։ Փորձում են մարդկանց վրա բանեցնել էն լծակները, որ իրենք կարողացել են օգտագործել։ Ինչ-որ լավություններ են բերում, որ իբր առաջ արել են, ու հիմա պարտավոր են  ընտրել…

- Լոռվա մարզից նախորդ ընտրություններին մասնակցած երկու խոշոր ՀՀԿ-ականներն այս անգամ չեն մասնակցում, խոսքը Կարեն Կարապետյանի եւ Արկադի Համբարձումյանի մասին է, տեղյա՞կ եք՝ իրենք քողարկված պաշտպանո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ նախընտրած այլ թեկնածուներ ունեն։

- Այդ մարդկանց անձամբ ներգրավված չլինելու հանգամանքը որոշակի ազատություն է տվել, իհարկե, հեղափոխությունից հետո էլ է որոշակի ազատություն առաջացել, մարդիկ որեւէ բանով կաշկանդված չեն, նույնիսկ այն լծակները, որ ես նշեցի, չեմ կարծում, թե այս ընտրություններին կաշխատեն։ Հնարավոր է Ձեր նշած մարդիկ որեւէ թեկնածուի նկատմամբ սիմպատիա ունեն, բայց դժվար է այս 12 օրերի ընթացքում կռահել՝ ով ում կողմից է աջակցություն ստանում, մանավանդ որ թեկնածուների պակաս էլ չկա։

- Իշխանափոխությունից հետո նկատելի է, թե ինչպես են նախորդ իշխանություններին ծառայություն մատուցած գործարարները եւ այլ անձինք իրենց ծառայությունն առաջարկում նորերին։ Ձեր մարզում նկատելի՞ է հնի եւ նորի «համագործակցությունը»։

- Նկատելի է, այն, որ նրանք կփորձեն նոր տերեր գտնել, դա նրանց տեսակին բնորոշ է, բայց երբ նոր տերեր փորձում են գտնել նոր իշխանությունների շարքերում, արդեն մտավախության տեղիք է տալիս․ այդ տեսակը չպետք է գոյություն ունենա նոր Հայաստանում։ Մի քանի դրվագներով, այո, տեղեկատվություն կա, բայց փորձում եմ ես դրանք լուրջ չընդունել, եթե դրանք հաստատվեն, ես շատ կցավամ։

- Օրինակ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մասին էլ են ասում, որ ՔՊ-ին է աջակցում, ջերմ հարաբերություններ կան։

- Այո, ես չէի ուզենա, որ մենք հերթական հնարավորությունը չօգտագործեինք, եւ այդ հնարավորությունն էլի ծառայեր այն մարդկանց, ովքեր սիրում են տերեր փնտրել ու ծառայել այդ մարդկանց՝ օգտագործելով իրենց հանրային դիրքը։

- Նոր իշխանությունների կողմից վարչական լծակների, ռեսուրսների օգտագործում նկատելի՞ է ձեզ մոտ։

- Չէի ասի ըտենց միանշանակ, մարզպետը, գիտեք, արձակուրդում է, պարզապես փողոցների պաստառապատումն է անխնա եւ աննկարագրելի չափերի հասնում, որը հիմնականում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն են անում։ Իհարկե, մենք էլ ունենք, բայց քաղաքապետարանի կողմից հատկացված տեղերը, սահմանված վայրերն այլեւս որեւէ մեկին չեն հետաքրքրում, որովհետեւ ցանկացած պատին, ցանկացած անկյուն անխնա օգտագործված է։ Հույս ունեմ, որ ընտրություններից հետո դրանք կմաքրվեն, ես դա ոչ թե վարչական ռեսուրսի օգտագործում եմ համարում, այլ մարդկանց թվում է, որ ժամանակը կարճ  է, հնարավորինս շատ տեղեկատվություն պետք է տարածել։ Բայց դա նաեւ հակառակ էֆեկտ է ունենում, մարդիկ զզվում են ամեն քայլափոխի այդ պաստառները տեսնելուց՝ անկախ նրանից, թե դա ում պաստառն է։

- Մարզում կա՞ վախի մթնոլորտ, մենք լսում ենք, որ ոստիկանությունն է ակտիվ աշխատում, ընդդիմադիրների համակիրներ են բաժանմունքներ հրավիրվում։

- Երկու օր առաջ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր եկել մարզ, հանդիպում խնդրել մարզի ռեյտինգային թեկնածուների եւ շտաբների պետերի հետ, որպեսզի մեկ անգամ եւս ուղիղ տեքստով հասցնի այն տեղեկությունը, որ իրենք անողոք են լինելու, որեւէ նման դեպք չի հանդուրժվելու, անկախ նրանից, թե դա ում կողմից է իրականացվելու։ Մենք հույս ունենք, որ այդ ճնշումներն ու լծակները չեն գործադրվի, բայց միեւնույն ժամանակ զուգահեռաբար ստանում ենք տեղեկատվություն, որ ծածուկ ինչ-որ ազդեցության լծակներ են փորձում օգտագործել նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց վստահելի ընտրողն են, այսինքն՝ իրենք իրենց ընտրողների նկատմամբ պատրաստ են դրամական ինչ-որ բաներ առաջարկել, ինչ-որ լծակներ կիրառել՝ հույս ունենալով, որ դա իրենց մարդիկ են, եւ իրենց մարդկանցից այդ ինֆորմացիան դուրս չի գալու։ Երեկ նման ինֆորմացիա դուրս է եկել, հիմա փորձում ենք հասկանալ, գտնել թելեր, որոնք կոնկրետ անունների կհանգեցնեն։ Հիմա քանի որ չճշտված ինֆորմացիա է, չեմ ուզում կենտրոնանալ, բայց մյուս կողմից էլ՝ անկրակ ծուխ չի լինում։

- Եթե ամփոփենք, կարո՞ղ եք այս ընտրություններին դուք՝ ձեր փափուկ քարոզարշավով ձեր մարզում պահպանել ստատուս քվոն, կրկնել վանաձորյան մոդելը։

- Իրավիճակի փոփոխության առումով բոլորիդ է հասկանալի, որ հեղափոխական ուժն ունի մեծամասնություն, մարդիկ լավ են տրամադրված, եւ դա բնական է, այո, ոչ մեկին մենք չենք հետ համոզում, որ մի ընտրեք հեղափոխական ուժին, որովհետեւ դա հեղափոխության տրամաբանությունն է։ Բայց քանի որ մենք միակուսակցական համակարգ չենք կարող լինել, մենք մարդկանց ներկայանում ենք, որ կարող ենք երկրորդ ուժը լինել ԱԺ-ում, լինել փոխզսպող եւ հակակշռող ընդդիմություն։ Դա փափուկ քարոզարշավ չէ, որովհետեւ մենք գործ չունենք հանցագործների բանդայի հետ։ Եթե նախկիններին ուղիղ տեքստով կարելի էր մեղադրել հանցանքների մեջ, այս պահին Փաշինյանի բերած մարդկանց մեջ չկան հանրային շահն օգտագործելու միջոցով հարստացած մարդիկ, որոնք կերել են պետական միջոցները։

- Քննադատեք մի քանի ամսվա թույլ տված սխալները։

- Այդպիսի մեղադրանքներ չեն եղել, հետեւաբար, մենք հակված ենք մտածել, որ նոր իշխանությունների հետ գաղափարական ընդդիմության դաշտում ենք կռվելու, մոտեցումների, լուծումների դաշտում ենք տանելու մեր պայքարը, ոչ թե գնալու ենք անձնավորված, մարդկանց երկրի հարստությունը քայքայելու կամ այլ թալանի համար, մենք որակապես այլ խորհրդարան ենք ունենալու։