Ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ հակամարտությունը ցցուն է

Ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ հակամարտությունը ցցուն է

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցում որեւէ կուսակցության ցուցակով։ Վարդան Բոստանջյանին խնդրեցինք իր դիտարկումները ներկայացնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչության, քաղաքական ծրագրերի մասին։

«Մասնակից քաղաքական ուժերի առատությունն ինձ ավելորդ լավատեսություն չի ներշնչում։ Առանց չափազանցության՝ ես տեսնում եմ, որ երիտասարդներն ավելի տիրապետող են, կարողանում են բարդ իրավիճակների վերաբերյալ հետաքրքիր վերլուծություններ ներկայացնել։ Կան, իհարկե, սուբյեկտներ, որոնք ակնհայտորեն պետք է քաղաքական դաշտում չունենան հավակնություններ։ Ես իշխանափոխությունը համարում եմ նվաճում, դա թռիչք էր մեր հասարակության համար։ Իմ մտահոգությունները, սակայն, կապված են այն բանի հետ, որ նոր իշխանությունները չեն կարողանա դժվար խնդիրները լուծելու համար փնտրել ուղիներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, որ բացի կառավարող «Իմ քայլը» դաշինքից եւ նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ից, կարծես թե մյուս քաղաքական ուժերը մղված են հետին պլան։ Իսկ «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն զբաղված են լեզվական փոխհրաձգություններով։

«Դա բնական է։ Նախկին իշխանության մեջ կան մեծ պոտենցիալ ունեցողներ, որոնք ծանոթ են պետական կառավարման համակարգի նրբություններին ու առանձնահատկություններին։ Բնական է, որ նախկին եւ ներկա իշխանությունների մեջ հակամարտությունը պետք է ավելի ցցուն լիներ»,- նշեց Վարդան Բոստանջյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի շահարկումներին, ապա տնտեսագետը կարծում է, որ Արցախի հարցի լուծումը բարդ խնդիր է, եւ այն չպետք է լուծվի հասարակական քննարկումների արդյունքում։

«Հայաստանի եւ Արցախի իշխանությունները նախ պետք է ունենան մոտեցում, հետո բարձրաձայնեն։ Հակառակ դեպքում հասարակական քննարկումներն առաջացնում են մի վիճակ, որին այսօր ականատես ենք, եւ որը ցանկալի չէ։ Սա վերաբերում է ոչ միայն Արցախին եւ Հայաստանին, այլեւ արտաքին աշխարհին։ Չէ՞ որ մեր՝ ոչ հստակ տեղեկությունների եւ խոսքերի պատճառով դրսում էլ ձեւավորվում է ոչ համապատասխան վերաբերմունք, որը կարող է ցանկալի չլինել մեզ համար։ Գոնե քարոզարշավի ժամանակ այդպիսի բարդ հարցի արծարծումը, կարծում եմ, ցանկալի չէ»,- ասաց մեր զրուցակիցը։