Յոթ շրջան հանձնողի անունը Փաշինյան Նիկոլ չէր

Յոթ շրջան հանձնողի անունը Փաշինյան Նիկոլ չէր

Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

- Պարոն Բաբայան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ սկսեց շահարկվել Արցախի հարցը, կա՞ն իրոք մտահոգության լուրջ հիմքեր։

- Ղարաբաղի հարցի շուրջ ակտիվացած կողմերի 99 տոկոսը ստում է։ Իրենց ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Ես չունեմ մտահոգություն, մտավախություն, որովհետեւ վերջնական որոշողը լինելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մինչեւ այս էլ էին յոթ շրջան հանձնում, բայց ոչ մի բան չի հանձնվել եւ չի էլ հանձնվի։ Դա հեշտ չէ։ Եթե ինչ-որ սեղանի շուրջ թուղթ են ստորագրում, թե հանձնում են, դա չարաչար սխալվել է նշանակում։ Խորհուրդ եմ տալիս դրանով չզբաղվել։

- Իսկ ո՞ւմ նկատի ունեք։

- Բոլորին՝ նախկին իշխանություն, նոր իշխանություն, եթե ցանկություն կունենա նույն ձեւով վարվել։ Բոլորին։ Նախկինն ուզում էր հանձնել, չէ՞, Կազանյան փաստաթուղթ կար, չէ՞, յոթ շրջան պետք է տայինք։ Տվեցի՞նք։ Եթե այս նոր իշխանությունն էլ բռնի այդ ճանապարհը, չի ստացվելու։ Դա՛ եմ ուզում ասել։ Ի՞նչ կա չհասկանալու։

- Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այսպիսի աղմուկ բարձրացավ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչո՞ւ է այդ հարցում ՀՀԿ-ն մեղադրանքներ հնչեցնում նոր իշխանությունների հասցեին։

- Քաղաքական պրոցես է, պետք է իրար փնովեն։ Եթե գոնե ճիշտ ինֆորմացիա ունենան, փնովեն, էլի ոչինչ։ Բայց մարդիկ են խոսում, որոնք ոչ մի կապ չունեն Ղարաբաղի հետ կամ եթե կապ էլ ունեն, ապա մի փոքրիկ ֆունկցիա են կատարել։ Եվ էս աղմուկը նրա համար է, որ դիվիդենտներ հավաքեն։ Պարզ չէ՞, թե ինչի համար են անում։ Հո Ղարաբաղի համար չե՞ն անում։

- Դուք նկատի ունեք Դավիթ Շահնազարյանի՞ն։

- Անունը Դավիթ կլինի, թե Մովսես՝ չգիտեմ, բոլորին է վերաբերում։

- Ըստ Ձեզ՝ չկա՞ն զարգացումներ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ճնշումներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կողմից։ Չէ՞ որ ոչ մի նախընտրական քարոզարշավում այդքան սրությամբ չէր արծարծվել Ղարաբաղի հարցը։

- Նորից եմ ասում՝ որեւիցե ԱՄՆ, ՌԴ չի լուծում այդ հարցը։ Էդ հողի վրա ովքեր ապրում են, նրանք պետք է լուծեն այդ հարցը՝ իրենց ուզած ձեւով։ Մյուս հարցն այն է, որ ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ իր անփոխարինելի դերը, որ մտահոգ է տարածքներով։ Բայց մոռանում են, թե ով էր յոթ շրջաններն ուզում հանձնել։ Կարո՞ղ է դա Փաշինյան Նիկոլն էր ուզում հանձնել։ Նրա անունը Փաշինյան Նիկոլ չէր։ Ա՛յ, այդ յոթ շրջան հանձնողի վիզը պետք է կտրել։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի իրականացրած արտաքին քաղաքականությունը գոհացնո՞ւմ է Ձեզ։

- Ես դեռ չեմ տեսել, թե ինչ արտաքին քաղաքականություն են իրականացնում։ Ընտրությունները կլինեն՝ կերեւա, թե դեպի ուր ենք գնում, ինչ ենք անում, նոր կարտահայտվենք։