Լիկբեզ ՌԴ պետդումայի պատգամավորին

Լիկբեզ ՌԴ պետդումայի պատգամավորին

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին եւ ասել, որ Արցախը չի կարող լինել բանակցային գործընթացի մասնակից, քանի որ միջազգայնորեն ճանաչված չէ, իսկ ԵԱՀԽ Նախարարների խորհրդի 1992 թ. Հելսինկիի նիստում բանակցությունների մասնակից են համարվել Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ շահագրգիռ կողմեր՝ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքները»:

Սա ադրբեջանական կողմի ձեւակերպում է, որը կամ ռուսաստանցի պատգամավորը կրկնել է , կամ դա նրան վերագրվել է հիշյալ լրատվամիջոցի կողմից: Ինչ էլ որ եղած լինի, հարկ ենք համարում ՌԴ պետդումայի պատգամավորի համար հատուկ պարզաբանել, որ ԵԱՀԽ Նախարարների խորհրդի՝ նրա կողմից հիշատակված նիստի որոշման մեջ չկա «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքներ» ձեւակերպումը: Այնտեղ արձանագրված է, որ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում շահագրգիռ կողմ են «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»:

Իսկ դա նշանակում է, որ ԵԱՀԽ Նախարարների խորհուրդը փաստացի ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ընտրված իշխանություն, որի ներկայացուցիչները շահագրգիռ կողմի կարգավիճակով պետք է մասնակցեն բանակցություններին: Նույն տարվա ամռանը Հռոմում գումարվել է Մինսկի խմբի առաջին խորհրդաժողովը, որի նախագահն Իտալիայի ներկայացուցիչ Մարիո Ռաֆայելին էր: Ի կատարումն ԵԱՀԽ Նախարարների խորհրդի որոշման, խորհրդաժողովի նախագահը բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի անունով, եւ արցախյան պատվիրակությունը մեկնել է Հռոմ, ներկա գտնվել խորհրդաժողովի բացմանը:

Հետագայում եւս Արցախի ընտրյալ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին: Սա է իրողությունը, որն աղավաղելու առաքելություն է վերցրել ՌԴ պետդումայի պատգամավոր Սավելեւը: Ի դեպ, նա նաեւ առաջարկում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը վերադառնա եւ «անցկացվի օրինական հանրաքվե» բայց Հայաստանը դրան դեմ է: Դա նույնպես իրականության նենգափոխում է: Այդ պաշտոնական Բաքուն է պատանդի կարգավիճակում պահում նախկինում ԼՂ-ում բնակված ադրբեջանցիներին, որպեսզի նրանց հարցը դարձնի քաղաքական շահարկումների առարկա: Դա վկայում է, որ Արցախում էթնիկ զտումներ չեն իրականացվել, Բաքվի իշխանություններն են ԼՂ ադրբեջանական բնակչությունը տարհանել, որպեսզի պատերազմական գործողությունների ժամանակ նա չտուժի: