Ինձ ասացին՝ տիկին Ղարիբյան, մեր աչքը վախեցած է, այդ կարծիքները ձեւական բնույթ ունեն

Ինձ ասացին՝ տիկին Ղարիբյան, մեր աչքը վախեցած է, այդ կարծիքները ձեւական բնույթ ունեն

Մշակույթի նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ միավորելու մտահղացումը, որն առայժմ արտահայտվում է նախագծի տեսքով, բուռն տարակարծությունների առիթ է դարձել։ Քննարկվում է այն հարցը, թե կրթության եւ գիտության նախարարը ինչպես է կարողանալու ղեկավարել նաեւ մշակույթի ոլորտը, որտեղ, առանց այդ էլ, կան բազում կուտակված խնդիրներ, մշակույթի ոլորտի մարդիկ էլ պարբերաբար հանդես են գալիս տարաբնույթ պահանջներով։ 

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

-Մշակույթի նախարարության նպատակահարմարության հարցն արծարծվել է պարբերաբար, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, որը եղել է նաեւ մշակույթի նախարար, քանիցս, բերելով այլ երկրների օրինակը, նշել է, որ այդ նախարարությունը պետք չէ։

-Նախ ասեմ, որ Հակոբ Մովսեսի հայտարարությունն այդքան էլ չի առնչվում այսօրվա իրավիճակին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա այդպես ասել։ Դա նշանակում է, որ մշակույթի դաշտը պետք է ինքնակարգավորվի, ազատականանա՝ առանց պետական միջամտության։ Իսկ այսօրվա կառավարության նախագիծը վկայում է ոչ այն մասին, որ մեզ ընդհանրապես մշակույթի նախարարություն պետք չէ, այլ ավելի նպատակահարմար է, որ այն միավորվի կրթության եւ գիտության նախարարության հետ։ Հայտնի է նաեւ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ պետք է միավորվի կրթության եւ գիտության նախարարության հետ։ 
Ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է մշակույթի նախարարություն։ Մշակույթի նախարարություն ունենալ՝ նշանակում է պետական հոգածություն եւ աջակցություն եւ վերահսկողություն մշակութային գործընթացներին։ Հայաստանը դեռեւս գտնվում է հետխորհրդային տարածքում, թեեւ 30 տարի է անցել, բայց մշակույթի ոլորտն ամենաքիչն է ազատականացվել։ Մշակույթի ոլորտում դեռեւս կան խորհրդային երեւույթներ, եւ մեր երկիրն այն վիճակում չէ, որպեսզի կարողանանք փակել նախարարությունը։ Այսինքն՝ մենք այնպիսի փուլում ենք, որ մշակույթի նախարարությունն՝ առանձին թե միավորված, մեզ պետք է։ Մենք ունենք նաեւ մասնավոր դաշտ՝ ի դեմս ՀԿ-ների եւ ՍՊԸ-ների, բայց հիմնական հենասյուները մնում են ՊՈԱԿ-ները՝  պետական կառույցները։ Թանգարանները, գրադարաններն, օրինակ, պետական են։ Երկրորդ խնդիրն այն է, որ մեր երկրի տնտեսությունը լավ զարգացած չէ եւ բնակչության կենսամակարդակն այդքան բարձր չէ, որ կարողանանք մշակույթի դաշտն ամբողջությամբ ազատականացնել։ Իսկ ազատականացնելը նշանակում է ուղարկել նրան շուկա, գները բարձրացնել։ Եթե, օրինակ, թանգարանի կամ թատրոնի տոմսի գինը բարձրանա, մեր քաղաքացին կկարողանա՞ այցելել այնտեղ։ Մեր երկիրն այնքան հարուստ չէ, որ մշակույթի ոլորտը թողնենք առանց պետական աջակցության։ Գուցե տարիներ հետո մշակույթի նախարարությունն ընդհանրապես պետք չլինի։ Օրինակ՝ ԱՄՆ-ն չունի մշակույթի նախարարություն, բայց ԱՄՆ-ն հարուստ երկիր է, եւ իրենք ունեն 300 տարուց ավելի կապիտալիստական կարգեր, ազատականացված շուկա։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի մշակույթը չունի պետական հոգածություն։ Երբ, օրինակ, 1927-28թթ․ ճգնաժամի ժամանակ արվեստագետները բառացիորեն սովից մեռնում էին, պետությունը որոշում  կայացրեց պետական պատվերների միջոցով հոնորարներ տրամադրել։ Նրանցից մեկն էլ եղել է Արշիլ Գորկին, որին որմնանկարներ անելու պատվեր են տվել։ Այսինքն՝ ստեղծվել է հանձնախումբ, որպեսզի արվեստագետների խնդիրները լուծվեն պետական մակարդակով։ Օրինակ՝ Ֆրանսիան եւ Իտալիան ունեն մշակույթի նախարարություններ։ Այլ բան է, որ այդ երկրներում մշակույթի  նախարարությունն այլ սկզբունքներով է գործում։ Օրինակ՝ առաջին քայլը, որ արել ենք եւ արդյունքները գրանցում ենք, մրցութային համակարգի ներդրումն է։ Այսօր արդեն հանձնաժողովները հավաքվել են, փաթեթներն էինք բացում, եւ մշակութային բոլոր նախագծերը մրցութային կարգով են ընտրվում։ Կան հանձնաժողովներ, որոնք առաջնորդվում են որոշակի չափորոշիչներով եւ որոշում, թե որ նախագիծը պետք է ֆինանսավորեն, որը՝ ոչ։ 

-Ըստ Ձեզ՝ եթե մի քանի նախարարություններ միանան կրթության եւ գիտության նախարարությանը, կրթության եւ գիտության նախարարն ի զորու կլինի՞ կրելու այդ բեռն իր ուսերին։

-Նախարարությունների միավորման դեպքում նախարարը կլինի կրթության եւ գիտության նախարարը, ինքը լինելու է սուպերնախարար։ Բայց դա չի նշանակում, թե իր ուսերին է նա կրելու ամբողջ բեռը։ Մշակույթի նախարարությունը վերակառուցվելու է եւ այդ վերակառուցված վիճակում միանում է ԿԳՆ-ին։ Իսկ դա նշանակում է, որ կլինի առնվազն մեկ, եթե ոչ երկու փոխնախարար։ Պարզապես կօպտիմալացվեն այն գործառույթները, որոնք չեն վերաբերում մշակույթի ոլորտին։ Կան մի քանի խնդիրներ։ Օրինակ՝ միավորման դեպքում ինչպե՞ս է ներկայացուցչական մակարդակով  համագործակցությունը կայանալու այն երկրների հետ, որոնք ունեն մշակույթի նախարարություններ։ Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք անցյալից եկած խնդիրներ, եւ, եթե միավորվենք, ապա այդ խնդիրների լուծումը կհետաձգվի, դրանք կարող են հետին պլան մղվել։ Ես կցանկանայի, որ միավորվելուց առաջ լուծվեն այդ խնդիրները։ Մեր մշակույթի նախարարությունը չունի  եւ երբեք չի ունեցել  մշակույթի քաղաքականություն եւ ռազմավարական ծրագիր։ Դրանով է նաեւ պայմանավորված մշակույթի նախարարության նկատմամբ վերաբերմունքը։ Փոխնախարար նշանակված առաջին օրվանից ես արծարծել եմ մշակութային քաղաքականություն ունենալու հարցը, եւ մենք դրան լծվել ենք առաջին օրվանից։ Ինձ համար շատ հստակ է, որ մշակույթի նախարարությունը պետք է ունենա իր քաղաքականությունը եւ ռազմավարությունը, եւ, երբ ստանում է պետության միջոցները, դրանք պետք է բաշխի՝ ըստ այդ սկզբունքների։ Եվ այդ հանձնաժողովները, որոնք գործելու են դրամաշնորհային մրցութային համակարգով, այնտեղ կա հստակ չափորոշիչ, որ ծրագիրը պետք է համապատասխանի հայտարարված գերակայություններին եւ կառավարության մշակութային քաղաքականության դրույթներին։ Մենք կազմել ենք փաստաթուղթ՝ հենվելով կառավարության մշակութային քաղաքականության վրա, որոնցում ներառված են առաջիկա հինգ տարվա ռազմավարական գերակայությունները։ Հաջորդ քայլը պետք է լինի «ճանապարհային քարտեզը»։ Դա նշանակում է, թե ինչ ուղղությամբ պետք է Հայաստանում զարգանա մշակութային ոլորտը՝ թանգարան, թատրոն, կերպարվեստ։ Կարծում եմ, որ կան ընթացիկ խնդիրներ, եւ դրանք կարելի է լուծել նաեւ միավորված նախարարության կազմում։ 

-Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիաներ արեցին նախարարությունների միավորման դեմ, նրանք ներկայացրեցի՞ն ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու չպետք է միավորվեն նախարարությունները։

-Ես դրական եմ վերաբերում խոսքի ազատությանը, բայց նախարարության աշխատակիցների բողոքներին դրական չեմ վերաբերել։ Ինչո՞ւ։ Դեռեւս մեկ օր առաջ ստացվել էր կառավարության նախագիծը, այն ուղարկվել էր նախարարություն, որպեսզի կարծիքներ արտահայտվեն։ Իսկ իրենք գնացին այդ քայլին։ Երբ ես ասացի, որ պետք է գրեն, ներկայացնեն կարծիքներ, իրենք հակադարձեցին՝ մեր աչքը վախեցած է, տիկին Ղարիբյան, մենք տեսել ենք, որ դրանք ձեւական բնույթ ունեն։ Իրենք, իրենց նախկին փորձից ելնելով, ունեին մտավախություն, որ ամեն ինչ կանխորոշված է։ Ինչ վերաբերում է աշխատակիցների մտահոգություններին, ապա վարչապետը եւ կառավարությունը անցած ամիսների ընթացքում ցույց են տվել, որ իրենք իրոք մտահոգ են երկրի զարգացմամբ, եւ, եթե մենք կարողանանք ներկայացնել ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու չպետք է միավորվեն այդ նախարարությունները, միգուցե կառավարության նիստերի արդյունքում որոշեն, որ պետք չէ միավորել։  Չէ՞ որ այս ամենը նախագիծ է։