Սասուն Խաչատրյանը դատարանին մեսիջներ է ուղարկում

Սասուն Խաչատրյանը դատարանին մեսիջներ է ուղարկում

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արած հայտարարությանը, թե Գրիգորյանին պատկանող 40 անուն գույքը ձեռք է բերվել խախտումներով։

Մկրտչյանի պնդմամբ՝ ՀՔԾ պետն այդ հայտարարություններն անում է Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննություններից օրեր առաջ՝ այդկերպ դատավորներին կոնկրետ մեսիջներ ուղարկելով։ «Ինքը միտումնավոր է անում այդ հայտարարությունները մեր միջնորդությունները դատարանում քննարկելու օրերի նախօրյակին։ Այսինքն՝ այդ հայտարարություններն արվում են ուղղակի նրա համար, որ դատարանը հստակ մեսիջ ստանա՝ հանկարծ Մավել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու։ Քանի որ մեսիջ ստացող դատավորը, իմ կարծիքով, իսպառ զրկված է որեւէ որոշում ընդունելու ունակությունից, հնարավորությունից ու ցանկությունից, բնականաբար, Սասուն Խաչատրյանը ստանում է իր ցանկալի արդյունքը՝ որպես մեղադրանքի կողմ, եւ մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Արսեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝ բոլոր բարենպաստ պայմանները ստեղծվել են, որպեսզի Գրիգորյանի նկատմամբ առաջին ատյանում կայացված որոշումները վերաքննիչում նույնպես մնան ուժի մեջ․ «Խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները մակագրվում են դատավոր Մարինե Մելքոնյանին, մինչդեռ, երբ որ մեզ դատական բարեփոխումներ էին խոստանում, ասում էին, որ պետք է ավտոմատացված լինի, եւ սրա մեջ մարդկային գործոն պետք է չլինի։ Մարդկային գործոնը, ինչպես հասկանում ենք, այլեւս կա, եւ հատկապես Մանվել Գրիգորյանի համար նշանակված է առաջին ատյանում Մարինե Մելքոնյանը, իսկ երբ որ նրա որոշումները բողոքարկում ենք, վերաքննիչ դատարանում Արսեն Նիկողոսյանն է։ Հայտնում եմ իմ անձնական կարծիքը, որ Արսեն Նիկողոսյանին հատուկ նպատակով են տեղափոխել վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նա ուժի մեջ թողնի Մարինե Մելքոնյանի կայացրած որոշումները։ Այլապես վերաքննիչ դատարանի այսօրվա եղած կազմը, որը բավականին ինքնուրույն գործող դատավորական կազմ է, կարող էր եւ, ենթադրաբար եմ ասում, բեկանել Մարինե Մելքոնյանի կողմից կայացված անօրինական որոշումները։ Ըստ հավանականության՝ որպեսզի պրոբլեմի առաջ երկար չկանգնեն, դրա համար Արսեն Նիկողոսյանի տեղափոխումը կատարվել է»։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ անհավասար պայմաններ են ստեղծվել նաեւ մեդիադաշտում։ Մեղադրող կողմն ամեն ինչ անում է, որ հանրության շրջանում Մանվել Գրիգորյանի դեմքով բացասական կերպար ձեւավորվի, մինչդեռ Գրիգորյանը զրկված է հայտարարություններ անելու եւ հակադարձելու հնարավորությունից։ «Ամսի 28-ին 5-րդ բրիգադի կազմավորման օրն էր։

Կազմավորման օրվա հետ կապված մասնավորապես կարծիք հնչեց, որ 5-րդ բրիգադն ավելի շատ հաղթանակներ է տարել Մանվել Գրիգորյանի հրամանատարության օրոք։ Հասկանալի է, որ կառավարվող մամուլն այդ լուրը շատ ցավալի կտաներ, եւ դա ոչ մի տեղ չերեւաց, մինչդեռ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները, ԵԿՄ-ն շնորհավորական ուղերձներ էին հղել Մանվել Գրիգորյանին, որոնք պաշտպանական կողմից փոխանցվել են իրեն, եւ կարծիք էին հայտնել, որ նրան շուտափույթ ապաքինում են ցանկանում ու իրենց հետ հանդիպում։ Այս կարծիքները, չգիտես ինչու, կորչում են լրատվական միջոցների դաշտում եւ չեն լուսաբանվում՝ այն դեպքում, երբ որ ՀՔԾ պետի հայտարարությունները՝ 40 միավոր գույքը խախտումներով ձեռք բերելու մասին, բոլոր լրատվամիջոցները տարածեցին։ Թողենք մի կողմ, որ դրանք ՀՔԾ պետի ենթադրություններն են ու սեփական մեկնաբանությունը․ ո՛չ դատական ակտ կա դրա վերաբերյալ, ո՛չ այլ որոշում, ո՛չ էլ Մանվել Գրիգորյանը համաձայն է դրա հետ, որ դրանք խախտումներով են ձեռք բերվել։ Իրենք սեփական կարծիքները, սեփական ենթադրությունները բաց են թողնում բնակչության լայն զանգվածի մոտ՝ բացասական կերպար ստեղծելու համար։ Սա, իմ կարծիքով, անազնիվ է, դնում է սեղմ պայմանների մեջ, եւ հաշվի առնելով հատկապես Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, ինձ թվում է՝ նաեւ ոչ բարոյական է։ Այսինքն՝ մարդուն տարել փակել են, զրկել են հայտարարություն անելու հնարավորությունից, օգտվում են նրանից, որ նրա՝ տղամարդու կերպարը, հերոսի կերպարը առանձնապես բլբլալու հակում չունի, ինչ ասես, ինչ ուզես՝ գրում ու տարածում են։ Իրականությունն այդպիսին չէ, եւ հանրությունը պետք է իմանա, որ այդպես չէ։ Եվ ես կարծում եմ, որ ամենագլխավոր պատճառը, որը մամուլը շահարկում է՝ այլ անձանց հետ կապված ցուցմունք տալ-չտալը, ապա ես ասեմ, որ Մանվել Գրիգորյանը ոչ մեկի դեմ ցուցմունք չի տվել, թեեւ նրան չի էլ առաջարկվել նման ցուցմունք տալ։ Գլխավոր եւ հիմնական պատճառը նրանում է՝ Մանվել Գրիգորյանին ազատ չարձակելու, որ նրա ձայնը լսելի չդառնա, որ նա չասի, թե էս ինչ եք ասում։ Գրիգորյանին պահում են կալանքի տակ միայն նրա համար, որպեսզի նրա պաշտպանությունը դարձնեն ավելի խոցելի։ Եթե մարդը դուրսը լինի, մի լրագրող հնարավորություն կունենա մոտենալու եւ կհարցնի՝ պարոն Գրիգորյան, նման բան կա՞, թե՞ չէ, ի՞նչ է ասում ՀՔԾ պետը, եւ դուք երեւի ակնկալում եք, չէ՞, Մանվել Գրիգորյանի պատասխանները։

Մանվել Գրիգորյանը մնում  է կալանքի տակ՝ նույնիսկ հաշվի չառնելով նրա ծանր առողջական վիճակը։ Երբ որ 6 ամսվա մեջ արդեն 3-րդ բժշկական փորձաքննությունն է նշանակվում, եւ ես չգիտեմ, թե այդ բժշկական փորձաքննությունը որքան կտեւի։ Բժշկական փորձաքննությունների վերաբերյալ մի կարեւոր բան էլ․ եթե մեղադրանքի կողմն իրեն թույլ է տալիս մեկնաբանություններ անել, ուրեմն ես էլ կարող եմ կիսվել, թե ինչ պայմաններում են անցկացվել 1-ին փորձաքննության հետ կապված միջոցառումները։ Երբ որ բժիշկներին պահում էին լարված վիճակի մեջ, առնվազն 6-8 ավտոմատավորներ հիվանդասենյակից դուրս չէին գալիս, ինչը որ ավելի էր ծանրացնում եւ վատացնում Մանվել Գրիգորյանի վիճակը, եւ բժիշկը հենց մտնում էր Գրիգորյանի սենյակ, անպայման իրեն վերեւից մի հատ զանգ էին տալիս, նաեւ հեռախոսով էին հսկում, որպեսզի հանկարծ ու հանկարծ իրականությանը մոտ եզրակացություններ չտա։ Բոլոր եզրակացությունները բժիշկները տվել են՝ փաստացի եղած հիվանդություններն ավելի թեթեւացնելով։ Չնայած որ այս եղած եզրակացությունները բավարար են իրական ծանր պատկերը տեսնելու համար, բայց փորձաքննությունն անցել է շատ լարված իրավիճակում։ Ես վստահ եմ, որ նույն ճնշման տակ, քանի որ նույն փորձագիտական կենտրոնին է նշանակվել 2-րդ փորձաքննությունը, նույն բարոյական ճնշումների տակ էլ անցնելու է 2-րդը։ Սա ուղղակի զավեշտի է մոտենում։ Արդեն մասնագետներն արձանագրում են, որ առաջին փորձաքննությունից առայսօր կա վիճակի վատթարացում, եւ այդ վատթարացման հետ մեկտեղ նորից նույն կենտրոնին է նշանակված փորձաքննությունը, որն աչքի ընկավ նրանով, որ տարրական բժշկական միջոցառումներն իրականացվեցին 40 օրվա ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։