Ասֆալտին փռելու սպառնալիքն արդյոք համարժե՞ք է

Ասֆալտին փռելու սպառնալիքն արդյոք համարժե՞ք է

Հարցազրույց «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ

- Պարոն Ենիգոմշյան, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը կարծում է, որ «Սասնա  ծռեր»-ի քարոզչությունը սկսվեց շատ ապակառուցողական, եւ անգամ ասաց, որ «Սասնա  ծռեր»-ն արդեն վտանգավոր են։ Ինչո՞ւ, ինչպե՞ս հարաբերություններն այդ աստիճանի հասան։

- Հիմա Ձեզնից եմ իմանում այս մասին, որովհետեւ մինչեւ այս պահն էլ քարոզարշավին ենք եղել եւ նորություններին այդքան օպերատիվ չենք հետեւել։ Չգիտեմ ինչ է ակնարկում, ինչ-որ բան հիշատակո՞ւմ է։

- Մատնանշում է ձեր այդ հայտարարությունը, որ խորհրդարանը 1․5 տարվա կյանք պիտի ունենա, երկիրը կայունության ռելսերից դուրս կհանի, ներդրումներ չեն լինի, նորից անորոշություն եւ այլն։

- Նախ, ե՛ւ տիկին Լենա Նազարյանը, ե՛ւ պարոն Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեն, որ այդ պատկերացումը «Սասնա  ծռեր»-ի մենաշնորհը չէ․ ե՛ւ քաղաքական ուժեր, ե՛ւ քաղաքական անձնավորություններ, փորձագետներ այդ տեսակետը հայտնել են։ Հետեւաբար, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից այս 1,5-2 տարվա ակնարկությանն ի պատասխան միայն «Սասնա  ծռեր»-ին մատնացույց անելը եւ նման տեսակետ ունեցող մյուսներին անտեսելը, մեղմ ասած, հասկանալի չէ։ Ես ստիպված եմ ՔՊ-ի այդպիսի արձագանքը մեկնաբանել հետեւյալ ձեւով․ կա՛մ նրանք տեղյակ չեն, թե ինչ տեսակետներ են արտահայտվում քաղաքական դաշտում, ինչը խիստ կասկածելի է, անհնար է, որ տեղյակ չլինեն, որ միայն մենք չենք նման տեսակետ հայտնել, եւ կա՛մ այդտեղ միտում կա։ Այդ երկուսից մեկը։

Երկրորդը, որն ավելի կարեւոր է։ Ուրեմն՝ «Սասնա ծռեր»-ը շատ հստակ ասել են՝ մենք պատկերացնում ենք, «պատկերացում» բառն ենք օգտագործել, եւ դա կա մեր նախընտրական ծրագրում։ Սա պաշտոնապես, սեւը սպիտակի վրա նշված է։ Մեր պատկերացումին արձագանքում են ասֆալտին փռելու պատասխանով՝ արձագանքով, հակազդեցությամբ։ Ուղղակի հռետորական հարց եմ տալիս՝ ինչ-որ մի պատկերացումին որպես արձագանք ասֆալտին փռելու սպառնալիքն արդյո՞ք համարժեք է։ Հետեւաբար, անգամ ավելորդ եմ համարում այդ՝ «ոչ կառուցողական սկսեցին» արտահայտությանը բանական, ռացիոնալ պատասխան տալ։ Մենք ասում ենք՝ պատկերացնում ենք, իսկ այդ պատկերացումին պատասխանում են ասֆալտին փռելու սպառնալիքով։ Հետեւաբար, չեմ կարծում, որ արդարանալու որեւիցե խնդիր ունենք։ Եթե արդարանան, իրենք է, որ պետք է արդարանան՝ իրենց այդ ոչ համաչափ հակազդեցության համար։

- «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ փակում են զինված պայքարի էջը նոր Հայաստանում, հիմա ինչո՞ւ են հանկարծ ձեզ «ասֆալտին փռում»։

- Այսօր եւս հայտարարել ենք, որ ներկա իշխանությունների դեմ չենք, եւ գլխավոր խնդիրն այն է, որ ձեւավորվելիք խորհրդարանում ռեւանշի ուժերը՝ Մարտի 1-ի կոալիցիան, տեղ չգտնի։ Այսինքն՝ մենք ո՛չ թիրախ ենք դարձրել ՔՊ-ին, ո՛չ մրցակից։ Հետեւաբար, ինչո՞ւ իրե՛նց կողմից նման դիրքորոշում, իրենց պետք է ուղղել։ Իսկ ես իմ բանականության սահմաններում ոչ մի պատասխան չեմ գտնում իրենց այդ համարժեք արձագանքին։

- Ասում են՝ մենք պատկերացնում ենք, իսկ Ձեզ հասկանալի չէ՞, որ այս վիճակում գտնվող երկրի տնտեսությունն իրոք չի կարող դիմանալ անկայունության եւս մեկ շրջանի, իսկ  նոր ընտրությունները հենց դրա համար են, որ կայունություն ապահովեն։

- 1,5 տարվա մեջ նոր խորհրդարան ձեւավորելը ոչ մի ձեւով չի խանգարում այդ 1․5-2 տարիների ընթացքում անհրաժեշտ ներդրումները նախապատաստելու, մթնոլորտն ու միջավայրը ստեղծելու, որ դրանք լինեն։ Մենք պնդում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, դրանից առաջ՝ նոր ԸՕ, կուսակցությունների մասին նոր օրենք, եւ այդ ընթացքում ՀՀ-ում տեղի ունենա անցումային արդարադատություն։ Երկիրն առողջ ձեւով նոր փուլ կարող է մտնել, եթե հանրությունը հաշտություն կնքի անցյալի հետ։ Բայց հաշտություն կնքել՝ չի նշանակում ամեն ինչ մոռանալ։ Նախկին ռեժիմի ամենաօդիոզ ներկայացուցիչներին իրավաքաղաքական գնահատական պետք է տրվի։ Առանց դրա երկիրը չի կարող առողջ փուլ մտնել։ Եվ, ներողություն, Դուք էլ կհիշեք՝ պարոն Փաշինյանն օգոստոսի 17-ին ինքը խոսեց անցումային արդարադատության մասին, մինչ այդ ինքը խոսում էր օլիգարխիան ասֆալտին փռելու մասին, եւ հիմա մեկ էլ ասվում է, որ օլիգարխիա Հայաստանում չկա։ Եվ արդեն չի խոսվում անցումային արդարադատության մասին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ