«Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել ՌՈ պետի «զավեշտալի» հանձնարարականը (ֆոտո)

«Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել ՌՈ պետի «զավեշտալի» հանձնարարականը (ֆոտո)

Մեր ձեռքի տակ հայտնվել է մի փաստաթուղթ, ըստ որի, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարական է տվել իր տեղակալներին, շտաբի պետին, կենտրոնական ապարատի բաժինների ու առանձին բաժանմունքների պետերին, ՌՈ տարածքային բաժինների ու բաժանմունքների պետերին՝ ներկայացնել իրենց ենթակա անձնակազմի այն զինծառայողների տվյալները, որոնք միմյանց հետ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու սահմանված կարգով քավոր-սանիկի, ամուսնության կամ մկրտության կարգավիճակում։

Այդ տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի տոնական առիթներին Պնախարարի կողից խրախուսվեն նման կարգավիճակում գտնվող զինծառայողները։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռազմական ոստիկանությունից, սակայն այդտեղից մեզ ուղղորդեցին ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն։ Այդտեղից էլ մեզնից գրավոր հարցում պահանջեցին։

Ի վերջո, հանձնարարականը մեզ պարզաբանեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման կապ ունեցող զինծառայողները չեն խրախուսվելու, նրանք խրախուսվում են բարեխիղճ աշխատանքի համար․ «Անձնակազմի վարչությունը փորձել է գտնել կապը, թե զորամասերում կա՞ արդյոք քավորսանիկական հարաբերություններ։ Մնացածը Ռազմական ոստիկանության սխալն է։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ռազմական ոստիկանության պետի սխալն է։ Սխալ է հասկացել գրության իմաստը։ Չեն կարող իրենց խրախուսել դրան համար»։

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ավելացրեց, որ սրա հետ կապված դիմելու են Ազգային անվտանգության ծառայությանը՝ իմանալու, թե ո՞վ է հանրայնացնում անձնակազմին վերաբերող փաստաթուղթը։ 

Պարոն Հովհաննիսյանի համար նշենք, որ, եթե նման կարգավիճակ ունեցող անձինք խրախուսվեին, այսպես թե այնպես այն հանրայնացվելու է։