Քաղաքական ուժերի հետաքրքիր, տարօրինակ եւ «զարմանահրաշ» կարգախոսները
Քաղաքական ուժերը մեկը մյուսից ունիկալ կարգախոսներ են մտածել առաջիկա ընտրությունների համար։ Մինչդեռ հայտնի է, որ նախընտրական կարգախոսը պետք է լինի կարճ, դիպուկ եւ մոտիվացնող, ու բնավ պարտադիր չէ, որ արտացոլի նախընտրական ծրագրում առաջ քաշված թեզերը։ Հիշեցնենք մի քանի հայտնի կարգախոսներ․ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ընտրություններին մասնակցում էր «Միասին ամեն ինչ դառնում է հնարավոր» կարգախոսով, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ «Այո, մենք կարող ենք»։ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս «Վերստին Ամերիկան դարձնենք հզոր» կարգախոսով։ Հիշենք նաեւ ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կամ «Ավելի ապահով Հայաստան» կարգախոսները։
Այսօր ՀՀԿ-ն մասնակցում է մի կարգախոսով, որն արդեն իսկ հանրային քննարկումների, հումորի եւ ծաղրի առիթ է տվել․ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»։ Նախկին կարգախոսներից հետո այս մեկը կարելի է համարել ակնհայտ նահանջ։
ԲՀԿ-ն վերադարձել է հին «փիլիսոփայությանը», որով առաջնորդվել է այս տարիներին՝ «Մեր խոսքը գործ է», որին հավելել են եւս մեկը՝ «Հավատա, վստահիր, պահանջիր»։ Մյուս քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի կարգախոսն էլ բխում է իր «հազարամյա» արմատներից․ «Հավատարիմ հողին ու հային», թեեւ «Հին ընկերները չեն դավաճանում»-ը, անշուշտ, շատ ավելի լավն էր։
«Օրինաց երկիր» կուսակցությունն էլ իր անվանումից բխող կարգախոս է մտածել․ «Օրինականություն, արդարություն եւ ապահովություն»։ Ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության կարգախոսն է՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»։ Նորաստեղծ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն ընտրել է առաջին հայացքից տարօրինակ կարգախոս․ «Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ»։ Կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը մեզ բացատրեց, որ իրենք չեն գնում ընդդիմություն դառնալու, այլ լինելու են այլընտրանք։ «Հենա՝ Հանրապետականը, մյուսները հայտարարում են, որ ընդդիմություն են, մենք այլընտրանք ենք լինելու»,- ասաց նա։ Երբ հիշեցրինք, որ ԲՀԿ-ն էր ժամանակին իրեն այլընտրանք համարում, Շիրինյանն ասաց, որ սա տարբեր այլընտրանք է՝ իրենք նույնիսկ այդ այլընտրանքին են այլընտրանք լինելու։
«Մենք» դաշինքն էլ, որն արեւմտամետների դաշինք է՝ «Ազատ դեմոկրատներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միավորմամբ, ընտրություններին կմասնակցի «Առաջինը՝ Հայաստան» կարգախոսով, որով ուզում են ցույց տալ, որ իրենց համար առաջինը Հայաստանն է, Հայաստանի շահը, եւ որ իրենք նախեւառաջ հայամետ են։ Ամենաքննարկվողներից մեկը իշխանական «Իմ քայլը» դաշինքի կարգախոսն է․ սկզբում որոշել էին մասնակցել «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով, սակայն քանի որ այն շատ քննադատվեց, ընտրեցին այլ տարբերակ․ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն»:
Կարծիքներ