Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցն Արագածոտնի մարզ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցն Արագածոտնի մարզ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ սկսել է ճամփորդել Հայաստանի մարզերով։ Երկուշաբթի օրը նա Գեղարքունիքում էր, երեկ՝ Արագածոտնում՝ հանդիպելու համայնքապետերի, մարզի բնակիչների հետ։ Հանդիպումն անվանում են «աշխատանքային», սակայն պարզից պարզ է, որ այն քարոզչական բնույթ ունի՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որը պաշտոնապես մեկնարկելու է նոյեմբերի 26-ից։

Ժամը 12։00-ին նախատեսված հանդիպումն Արագածոտնի համայնքապետերի հետ սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով։ Բանն այն է, որ Փաշինյանը Բաղրամյան 26-ում հանդիպում ուներ գործարարների հետ, իսկ այդ ընթացքում Արագածոտնի կիսավեր մարզպետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչները, համայնքապետերը եւ այլ հյուրեր հերթ էին կանգնել՝ զննություն անցնելու համար։ Ինչպես Գեղարքունիքում, Արագածոտնում եւս անվանական ցուցակները ձեռքներին՝ անվտանգության աշխատակիցները ներս էին թողնում մարդկանց, բոլորն անխտիր ոտքից գլուխ զննություն էին անցնում, ապա մուտք գործում համապատասխան դահլիճ։ Հետաքրքիր է, որ այս «զննությունը» կատարում էին թե՛ ներսում, թե՛ դրսում։ Մարզի բնակիչներից մեկը, որը ժամանակին մասնակցել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, զարմացած ասաց, որ նման բան երբեւէ չի եղել։ Հասկանալի չէ, թե ինչու չի վստահում ժողովրդի թեկնածուն ժողովրդին, գուցե ինչ-որ ահազանգեր, անհանգստության հիմքեր կան։

Համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետը նախ խոսեց ընտրություններին ընտրակաշառքը եւ ճնշումները բացառելու մասին․ «Քաղաքականությունը հրապարակային է, լսում են նրանց, եւ իրենք կարող են որոշում կայացնել։ Մեր խնդիրն է` քարոզարշավը տեղի ունենա հավասար պայմաններում։ Եթե մի դահլիճ հասանելի է մի քաղաքական ուժի համար, պետք է մյուսի համար էլ հասանելի լինի։ Ես կարծում եմ` եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, ինտերնետի մասին չեմ ուզում ասել»։

Հետո Փաշինյանը խոսեց տնտեսական ակտիվության մասին՝ նշելով, որ նախորդ ամսվա համեմատ 3 տոկոս տնտեսական ցուցանիշի աճ կա, որ սպասվում է 500 միլիոն դոլարի ներդրում՝ գործարաններ կառուցելու համար։ Այնուհետեւ լսեց 1-2 գյուղապետի, «դուխ» տվեց նրանց, անգամ Աստվածաշնչից մեջբերում արեց, հիշեց Եվայի եւ Ադամի՝ դրախտից վտարվելու պատմությունը․ «Սա ինչ-որ տեղ դատավճիռ է, բայց ինչ-որ տեղ նաեւ մարդկության առաջընթացի բանաձեւ։ Որովհետեւ եթե մենք մինչեւ հիմա եդեմական այգում լինեինք, տերեւներով ծածկված կլինեինք եւ երջանիկ կվազվզեինք ծառերի արանքում»։ Հետո դուրս եկավ՝ ժողովրդի հետ շփվելու։

Աշտարակի հրապարակում հավաքված քաղաքացիները «Նիկոլ-Նիկոլ» վանկարկումով դիմավորեցին վարչապետի պաշտոնակատարին, ապա հեղափոխական բառապաշարով խոսք ասաց մարզպետ Դավիթ Գեւորգյանը։ Նա ողջունեց ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ հայտարարելով, թե տոն է, որ Փաշինյանն այցելել է իրենց մարզ։ Հետո խոսքը փոխանցեց «մեծարգո վարչապետին»։ Վերջինս ասաց այն, ինչ ասել էր նախորդ օրը Գեղարքունքի մարզում. որ մենք ոչ թե փոքր ժողովուրդ ենք, այլ փոքրաթիվ, բայց միաժամանակ՝ մեծ։ Նշեց՝ ստեղծելու են բարեկեցիկ պայմաններ, որ քաղաքացին սեփական քրտինքով վաստակի իր հացը, հարստությունը։ Կարճ ելույթից հետո Փաշինյանը հեռացավ, սակայն ներքեւից կանչեցին, եւ նա մոտեցավ առաջին շարքում կանգնածներին։ Մի քանի սոցիալական խնդիրների մասին լսեց, բողոքեցին մարզպետից, թե իրենց չի ընդունում, ապա նստեց մեքենան եւ ուղիղ՝ Ապարան։

Հաջորդ կանգառը Ապարան քաղաքում էր։ Երկրի ղեկավարին ապարանցիները նույնպես դիմավորեցին դհոլ-զուռնայով եւ ոչ պակաս ջերմությամբ, քան Աշտարակում։ Այստեղ կարճ տեւեց հանդիպումը՝ մոտ 30 րոպե։ Փաշինյանը կրկին ելույթ ունեցավ ՝ կրկնելով այն, ինչ ասել էր Աշտարակում. «Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի, դա բացարձակ արժեք է։ Եվ թույլ չտաք որեւէ մեկն ասի, թե դուք ում ընտրեք։ Դուք ընտրեք, որովհետեւ ում ընտրեք, նա կընտրվի։ Հայաստանում չի լինելու այլեւս այնպես, որ դուք ընտրեք, եւ ընտրվի մեկ ուրիշը։

Էսօր ասում են, թե մենք ենք արել հեղափոխությունը կամ մեր քաղաքական թիմը, կամ ես։ Հեղափոխությունն արել եք դուք։ Այն պահին, երբ դուք չուզեք ես լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ «Իշխանությունը պահել» հասկացություն չկա, որովհետեւ իշխանությունը մերը չի, որ պահենք կամ չպահենք, իշխանությունը ձերն է»։ Երբ պատրաստվում էր բեմից իջնել, հիշեց, որ մի բան մոռացել է, հետ եկավ ու գոռաց բաղձալի այդ բառը. «Դուխո՜վ»։ Հեռանալիս էլ նա անցավ հոծ բազմության միջով՝ աղմուկի մեջ մեկի ասածը լսելով, մյուսինը՝ չլսելով։