Պետք է աղբյուրներ գտնենք, գուցե հիմնադրամների դիմենք հուշարձանների վերանորոգման համար

Պետք է աղբյուրներ գտնենք,  գուցե հիմնադրամների դիմենք հուշարձանների վերանորոգման համար

 

Հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» պղնձաձույլ քանդակը, որը գտնվում էր Երևան-Սևան ճանապարհի վրա, երկու տարի առաջ տեղափոխել էին Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք, իսկ մյուս մասը` Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք: Նույն ճակատագրին արժանացել էր նաեւ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը նույնպես տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով:

Դեռ մեկ տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոտայքի նախկին մարզպետը հայտարարել էին, որ քանդակն անպայման կվերականգնվի և կտեղադրվի նախկին տեղում, սակայն այս ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկվեց: Վերջերս մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ հուշարձանների վերանորոգման համար դրամահավաք կկազմակերպվի:

Դրամահավաք այդպես էլ չկազմակերպվեց: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում վնասված հուշարձաններին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Հուշարձանները գտնվում են կիսաքանդ, վնասված վիճակում: Նրանց վերականգման համար նախարարությունը դրամահավաք էր պլանավորել, բայց չի արվել: Պետք է աղբյուրներ գտնենք, գուցե հիմնադրամների դիմենք: «Արձագանք» կոչվող քանդակի վերականգնման համար պահանջվում է 12,5 միլիոն դրամ, մյուսի համար՝ 180 մլն դրամ: Ասեմ, որ «Արձագանք» կոչվող քանդակի տարածքը տևական ժամանակ պատկանում է քաղաքացու, ով 2006 թվականից մինչ օրս աճուրդային վաճառքի պայմանագրի համաձայն՝ «հողատարածքի» հետ կապված շահագործման և քաղաքաշինական բնույթի պարտավորությունները չի կատարել, չի պահպանել տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը, բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել, համայնքային բյուջե չեն մուտքագրվել սահմանված հարկերը: Հողատարածքի գնման փաստաթղթերում առկա են անճշտություններ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում, որ դրանք կարող են կեղծված լինել։

Ըստ հողն օտարելու որոշումը ստորագրությամբ հաստատած ավագանու անդամներից մեկի պնդման՝ նա այդ որոշման մասին տեղյակ չէ, իսկ ստորագրությունը կեղծված է որևէ այլ անձի կողմից։ Մենք իրականացնելու ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ առերևույթ ապօրինի կերպով մասնավորեցված հողատարածքը համայնքին վերադարձնելու և արձանն ու հարակից տարածքը պահպանելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ հիմնավորվել է, որ նյութում առկա են ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանին առաջարկել է համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարական տալ՝ ներկայացված փաստաթղթերի հիմքով, որպես դատավարության մասնակից՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Նշենք, որ այդ տարածքը պատկանում է Առինջ գյուղի բնակիչ Վահագն Գուլոյանին, ով Կոտայքի նախկին մարզպետ՝ Կարապետ Գուլոյանի հորեղբայրն է: Դեռ 2 տարի առաջ Վահագն Գուլոյանը պատրաստվում էր այդ հատվածում ռեստորանային համալիր կառուցել եւ այն անվանակոչել քանդակի անունով՝ «Արձագանք»:

Նելլի Կարապետյան