Հանրաճանաչ ֆիլմերի հայտնի շենքերը փլուզվում են. լուսանկարներ 

Հանրաճանաչ ֆիլմերի հայտնի շենքերը փլուզվում են. լուսանկարներ 

«Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք»
«Եռանկյունի» ...եւ այսպես կարելի է թվարկել: Ֆիլմեր, որոնք գուցե  չարտադրվեին , եթե չլիներ Գյումրին: 
Գյումրիի եզակի ճարտարապետական կառույցները  ոչնչացման եզրին են։ Կումայրի պատմական արգելոցում գտնվող  բազմաթիվ շենքեր  ունեն շտապ ամրացման ու վերակառուցման խնդիր։ Գյումրեցիների խոսքերով՝ գնորդներ եւ ներդնողներ  ժամանակ առ ժամանակ հայտնվում են, սակայն սեփականատերերն այնքան թանկ են գնահատում , որ մարդիկ թողնում, գնում են։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվիստ Դերենիկ Մալխասյանը նախաձեռնություն է սկսել, լուսանկարում է վտանգված կառույցները,   ներկայացնում վիճակը,  եւ առաջարկում   համախմբվել ու  փրկել գյումրվա պատմական արժեքները: 

«Երևանում ԽՍՀՄ շրջանի շենքերի քանդելու վրա ենք կենտրոնացել, իսկ Գյումրիում բոլորի աչքի առաջ վերանում ու քայքայվում են մեկ դարից ավելի պատմություն ունեցող շենքեր»,-նշում է  օգտատերը՝ նկատելով. «Վերջին շրջանում Գյումրու պատմական կենտրոնի պահպանման խնդրի շուրջ ծավալված քննարկումների ընթացքում նկատել եմ, որ հանրային ընկալում կա , որ  150 տարուց ավել պատմություն ունեցեող Գյումրում պատմական կենտրոնի խնդիրը ավելի շատ Գյումրու ու գյումերեցիների խնդիրն է։

Այն մշակութային անգնահատելի ժառանությունը, որը պահպանվել է Գյումրիում, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է ու դրա պահպանման հետ կապված անհրաժեշտ է համապետական ու համազգային հոգածություն։ Չենք ասո՞ւմ, չէ, որ Գառնու տաճարի պահպանությունը խնդիրը Գառնի գյուղինն է․․․ »: Ուշագրավ է, որ այդ կառույցները բոլորն  էլ ունեն հուշարձանի կարգավիճակ, բայց մասնավոր սեփականություն են։ Մի բան հստակ է՝  խնդիրն   առանց պետական մոտեցման հնարավոր չի լինի լուծել։   «Առայժմ միայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից ու ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանից եմ տեսել Գյումրու պատմական միջուկի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն։ Պետական մակարդակով դեռ լուրջ ծրագրերի, պատմական միջուկի վերականգման կամ ներդրումների մասին խոսք չկա»,-կարծիք է հայտնում երիտասարդ գյումրեցի Արմեն Մելքոնյանը: 

Երկրաբան Լևոն Մարտիրոսյանն առաջարկում է նախաձեռնող խումբ ստեղծել, փրկել Գյումրու հրաշալիքները: «Գյումրին ոնց որ խորթ էրեխա լինի։
Ժամանակին Կարսն էլ էր խորթ էրեխու նման, դրա համար էլ կորցրեցին։
Կորցնելուց հետո նոր զգացին, բայց արդեն ուշ էր: Նույն բանը կրկնվում է... »,-համեմատություն է անում երկրաբանը: Գյումրեցիներն  անգամ  առաջարկում են  ուղիղ եթերով «Սփյուռք-Հայաստան» տեսաուղերձ անել,   դրամահավաք կազմակերպել: 

Ինչևէ, ներկայացնենք մի քանի հայտնի շինություններ, որոնք արդեն իսկ փլուզման եզրին են, եւ նախաձեռնողների մտահոգությունները տեղին են: 

Կումայրի արգելոցում, Գյումրու կենտրոնում  է գտնվում «Բարի լույսի» շենքը, որը   մեծահարուստ Դրամփյան ընտանիքին պատկանող տներից է ՝1880-ական թթ: Շենքը «Բարի լույսի» անվանումն ունի, քանի որ շենքի վրա պատկերված քանդակներն հիշեցնում են հայելի և սրբիչ՝ առավոտյան լվացվելիս օգտագործվող պարագաներ: Շենքը խորհրդային տարիներին հանձնվել է պետական անվտանգության կոմիտեին, որտեղ գնդակահարությունից առաջ պահվել են ստալինյան զոհերը:


Գյումրեցիներին հայտնի «Օժիտի  շենքը» ցարական շրջանում ծառայել է որպես  Գյումրու քաղաքապետարանի շենք։ Մեծահարուստ Դրամբյան ընտանիքի նվերն էր իրենց  դստերը` Ջավահիր Դրամբյանին՝  ամուսնության կապակցությամբ։ Փեսացուն Գեղամ Տեր-Պետրոսյանն էր՝ Գյումրու առաջին քաղաքագլուխը։ Այստեղից է առաջացել  «Օժիտի  շենք» անունը ։ 19-րդ դարի կառույց է, գտնվում է Կումայրի արգելոցում։ 

Գրող Ատրպետի («Տժվժիկ»-ի հեղինակ) տունը Գյումրու պատմական կենտրոնում է ։ 1905թ․ շենք է, մոդեռնիզմի ոճով կառուցված եզակի շինություններից է քաղաքում։ Այն աստիճանաբար քանդվում է: 

«Կտոր մը երկինք» ֆիլմում հայտնի Ֆաբրիկանտի  տունն է՝ քաղաքի կենտրոնում է՝ Շիրակի թեմի առաջնորդարանի կողքին, 19-րդ դարավերջին է կառուցվել։ Գրեթե ամբողջությամբ փլուզված է: 

 
Հանրահայտ երաժիշտ, երաժշտագետ Նիկողայոս Տիգրանյանի  տան դուռը  150 տարեկան է։ Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում տունը:  Ամենափրկիչ եկեղեցու սպասարկման համար է նախատեսված , եւ  քանի դեռ  եկեղեցին ամբողջությամբ չի վերականգնվել Շիրակի թեմը  այն տրամադրել է   Ազգային Արժեք ակումբին՝ ժամանակավոր գործելու համար:  


 
Ցարական շրջանում կառուցված Արաբաջյանի մասնավոր դպրոցն է Ալեքսանդրապոլում։ Առաջին հարկը եղել է դպրոց, որտեղ  անգամ  ռուսերեն են դասավանդել: Դպրոցի հիմնադիրը Ալեքսանդր Արաբաջյանը իր զավակների հետ բնակվել է երկրորդ հարկում: «Եռանկյունի» ֆիլմի Սոֆիկի հայտնի պատշգամբն է։ 

 

Սլաբոդկա թաղամասում է  գյումրվա հանրահայտ շենքային համալիրը, որը եղել է քաղաքի առաջին փոստատունը, նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, նաեւ՝ հայտնի պատշգամբն է, որտեղից Գալյա Նովենցի հերոսուհին   բղավում էր  Ֆրունզի հերոսի վրա: Այս շենքի հետ կապված քննարկումներն ամենից շատ են եղել: Լևոն Բարսեղյանն առաջարկում է վերականգնել այն եւ դարձնել պատկերասրահ, կամ Գյումրվա արհեստների ուսումանաարտադրական կենտրոն, արտադրանքի վաճառք, Գյումրիում նկարված բոլոր ֆիլմերի թանգարան՝ կամերային դահլիճով, կամ մեկ այլ բան, որը  ժողովուրդը  կհուշի: Օրեցօր ավերվող շենքը պետական հաշվեկշռում է: 

 


Ուշագրավ է, որ այս բոլոր կառույցները տեղակայված են Կումայրի արգելոցի տարածքում: Նշենք, որ   Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս՝ փետրվարի 22-ին , նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ «Կումայրի» արգելոց-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական, իսկ այնուհետև՝ հիմնական ցանկում ընդգրկելու համար: