Թվայնացնելու են դատարանների արխիվները

Թվայնացնելու են դատարանների արխիվները

Տարիներ շարունակ խոսվել է դատավորների գերծանրաբեռնվածության մասին, սակայն հիմա դա հսկայական չափերի է հասել՝ գործերի քանակը շեշտակի ավելացել է, դատավորներինը՝ ոչ։ Մեկ դատավորի վարույթում քննվում է 1500 կամ 1800 գործ, ինչի պատճառով դատական պրոցեսները երկարում են, վճիռների ու դատավճիռների որակն է ընկնում, դատավորները չեն հասցնում ծանոթանալ գործերի հանգամանքներին, պատճառաբանված որոշումներ գրել եւ այլն։ Անգամ դատական գործերը վարելու, արխիվացման հետ կապված խնդիրներ են առաջանում՝ դատավորներն ու նրանց օգնական-քարտուղարները ֆիզիկապես չեն հասցնում այդքան գործ անել։ Դատավորներից մեկը մասնավոր զրույցում բողոքել է, թե ինքը 300 հազար դրամ է տվել՝ մասնագետ բերել, որ «գործերը կարի-արխիվացնի»։

 Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց․ «Դատական գործերը կարելու գործառույթը դատական կազմինն է, այլ ոչ թե դատավորինը։ Եվ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել, որով սահմանել է ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ։ Այդ հայեցակարգի առանցքային ուղղություններից մեկն էլեկտրոնային արդարադատության ներդրման գաղափարն է, որի ուղղությամբ բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվում ամբողջ դատական համակարգում։ Էլեկտրոնային արդարադատության հասնելու ճանապարհին մենք պլանավորելու ենք թվայնացնել մեր բոլոր արխիվները, ինչպես նաեւ այն բոլոր փաստաթղթերը, որոնք մուտք են լինելու դատական համակարգ։ Այսինքն՝ տանում ենք նրան, որ արդարադատության ծախսատարությունը նվազեցնենք կամ գրեթե հնարավորինս կրճատենք, հասցնենք նվազագույնին։ Այդ պատճառով մենք աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ։ Նպատակ ունենալով կրճատել ե՛ւ գործերի քննության ժամկետները ե՛ւ թե կրճատել արդարադատության ծախսատարությունը»։ 

Հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի դա, Կարեն Փոլադյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել՝ ամեն օր էդ ուղղությամբ մենք աշխատում ենք եւ մենք ենք առաջին հերթին շահագրգռված էդ ամենը րոպե առաջ կյանքի կոչելու համար։ Եթե ասեմ՝ վաղը չէ, մյուս օրը իրականություն ենք դարձնելու, վաղը Դուք ինձ մեղադրելու եք ոչ ճիշտ տեղեկատվություն Ձեզ տրամադրելու հարցում։ Բայց մենք ուզում ենք անել ամեն ինչ՝ վաղը չէ, մյուս օրն այդ ամենն ունենալու, եւ վստահեցնում եմ Ձեզ՝ մենք ունենալու ենք»։