Ինչո՞ւ շիկացավ դատարանի դահլիճը

Ինչո՞ւ շիկացավ դատարանի դահլիճը

Երեկ մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը «Սասնա ծռերի» աղմկոտ դատավարության առիթով գրել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայնդեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա: Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա եւ մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր…»։ Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը․․․ Նրան այս խոսքերը Ն. Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսում եք, շատ իզուր…»: 

Այս հրապարակումը մեսիջ էր թե՛ հասարակությանը, թե՛ «ծռերին», որ իշխանությունը պատրաստվում է ուղղել իր «սխալը» եւ «ծռերին» նորից ուղարկել այնտեղ, որտեղից հանել էր՝ բանտեր: Թեեւ ժամանակին ավելի հեռատեսները կանխատեսում էին, որ «ծռերի»՝ ազատության մեջ լինելը ժամանակավոր երեւույթ է, եւ Փաշինյանն ԱԺ ընտրություններից հետո նրանց նորից ուղարկելու է բանտ: Դա կանխատեսելի էր հատկապես, երբ տեղի ունեցավ համաներումը, եւ «ծռերի» հետ կապված՝ «պոչից» մի նախադասություն ավելացրին. «Եթե տուժածների հարազատները դեմ չեն»:

Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք համաներմանը, ապա բոլոր հանցագործություններից տուժածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Բոլորին է հասկանալի, որ ՊՊԾ գնդում տեղի ունեցածի հետեւանքով զոհվածների հարազատները դեմ կլինեն: Ուստի կարելի էր ենթադրել, որ այս համաներումը չէր տարածվում «Սասնա ծռերի» վրա: Դրան իրենց վարքագծով նպաստում են նաեւ «ծռերը». Փաշինյանը բոլորին բառացի հրահանգել էր. «Հանգիստ նստե՛ք տեղներդ»: Մինչդեռ «ծռերը» «հանդգնում» են «հանգիստ չնստել» եւ կարծիք էին արտահայտել Արցախի հարցում: Այն ժամանակ, երբ Փաշինյանը «պատահաբար» հանդիպում էր Ալիեւին, մտածում էր, թե ինչպես երկու ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, «ծռերը» հայտարարություն էին տարածում. «Առաջնայինը Արցախի՝ օր առաջ դե յուրե միացումն է ՀՀ-ին: Մեր համոզմամբ, այդ ժամանակը եկել է։ Ավելին, կարող եմ ասել՝ բավականին երկար ժամանակ ենք կորցրել՝ առնվազն 20-25 տարի: Այս գաղափարի շուրջ է, որ մենք ուզում ենք Արցախում միավորում ստեղծել:

Որոշում ունենք՝ առաջիկա ժամանակահատվածում շփվել ոչ իշխանական բոլոր շրջանակների հետ․․․ եւ այս գաղափարն առաջ տանելու նպատակով ձեւավորել մի առաջնորդող խումբ»: Իսկ սա նշանակում է չենթարկվել Փաշինյանի՝ «հանգիստ նստելու» հրահանգին եւ ինքնուրույն արտաքին քաղաքական օրակարգ թելադրել: «Ծռերն» ԱԺ ընտրություններին «հանդգնեցին» դուրս գալ ընտրապայքարի եւ, լինելով մի քանի օրվա կուսակցություն, որոշակի թվով քվեներ հավաքեցին՝ առանց որեւէ լծակների: Իսկ այս ռեսուրսը գնալով կարող է մեծանալ՝ երիտկառավարության վարկանիշի անկմանը զուգընթաց: «Տեղում հանգիստ չի նստում» հատկապես ապարանցի Պավլիկը, ով ֆեյսբուքյան զորահավաք է անում՝ պարբերաբար հիշեցնելով, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք էլի կապստամբեն: Էլ չենք խոսում 2016 թ․ ՊՊԾ գնդի օպերացիայի ժամանակ Նիկոլին մերժելու եւ «զիբիլի վեդրոն գցելու» պատմական հորդորը: Փաշինյանը հեշտությամբ դա կուլ չէր տա: 

իշեցնում է այդ «սխալի» մասին, հետեւաբար, եկել է սխալն ուղղելու ժամանակը: Դատական նիստերի քննության ժամանակ ՊՊԾ գնդում բուժօգնություն իրականացրած բուժաշխատողները դեմ չեն «ծռերի» համաներմանը: Իսկ սա արդեն խնդիր է: Ուստի օրերս գործի դրվեց ծանր հրետանին. հարցաքննության կանչվեց Վալերի Օսիպյանը, որի քննությունը հարթ չանցավ, եղավ լեզվակռիվ, Գեւորգ Սաֆարյանը նրան «լակոտ» անվանեց: Չքննարկենք այն հակասությունը, որ կա կողմերի ներկայացրածի ու պատմածի միջեւ. «ծռերն» ասում են, որ նրա հանդեպ բռնություն չեն կիրառել, իսկ Օսիպյանն այլ բան է ներկայացնում: Միայն մի դրվագ, կարծես թե, շատ բան է ջրի երես հանում. Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճում հարց ուղղեց Օսիպյանին. «Պարոն գնդապետ, մենք մտերմիկ զրուցել ենք, Ձեր տեղեկություններով՝ Սաշիկը քցել էր ախպորդ․ որ դուրս եկաք գնդից, քցածը ետ վերադարձրե՞ց»: Դատավորը հանեց այդ հարցը, քանի որ այն չէր վերաբերում քրեական գործին: Բայց սրանից կարելի է ենթադրել, որ Օսիպյանն ու «ծռերն» այդ օրերին իրար հետ մտերմացել են, անկեղծացել, Օսիպյանն էլ իր սիրտն է բացել, իր դարդը կիսել, որ Սաշիկը «քցել» է իր եղբորը: Իսկ հնարավո՞ր էր, որ «ծռերը» նրա նկատմամբ բռնություններ կիրառեին, ինչպես ներկայացնում է Օսիպյանը, եւ նա անկեղծանար իրենց մոտ: Իհարկե՝ ոչ: Սա, ինչպես ասում են, մանրուք է, բայց՝ կարեւոր: 

  Ի վերջո, ինչո՞ւ շիկացավ դատարանի դահլիճը, ինչո՞ւ բորբոքվեց Գեւորգ Սաֆարյանը։ Հիշենք 2016 թ․ Ամանորի գիշերվա դեպքերը, երբ «Նոր Հայաստան» շարժման անդամները որոշել էին Ամանորի գիշերն անցկացնել Ազատության հրապարակում եւ շարժման անդամներից մեկին տոնածառի հանդերձանք էին տվել, մյուսը ձմեռ պապի էր դարձել:

Նրանց տոնական ակցիան, սակայն, հարամել էին ոստիկան «հրեշտակները», ովքեր քաշքշել, տոնածառը խլել էին, գցել գետնին եւ բռնության ենթարկել խաղաղ ակցիայի կազմակերպիչներին, նրանցից 5-ին, այդ թվում՝ Սաֆարյանին, բերման ենթարկել: Այդ ժամանակ Վալերի Օսիպյանը Երեւանի փոխոստիկանապետն էր, եւ երբ Սաֆարյանն Օսիպյանին տեղեկացնում է նրա ենթակաների կողմից բռնություն եւ ծեծ գործադրելու մասին, Օսիպյանը հերքում է դրանք: Տոնածառի միջադեպը ճակատագրական եղավ Գեւորգ Սաֆարյանի համար. ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2017-ի հունվարին նա դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Մեղադրանքի հիմքում ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքն էր: Հիշեցնենք, որ Խաչատրյանը ոստիկանության այն աշխատակիցն է, որի ցուցմունքով մեղադրանք ներկայացվեց նաեւ Շանթ Հարությունյանին:

Այդ ժամանակ Օսիպյանը դարձյալ Երեւանի փոխոստիկանապետն էր: Կարելի է բերել բազում օրինակներ, թե ինչպես Օսիպյանը, լինելով նախկին իշխանությունների նշանակած ոստիկանության պաշտոնյան, բռնություններ է կիրառել կամ իր ենթականերին է թույլ տվել, որ քաղակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառեն, կեղծ ցուցմունքներ տան, գործեր թխեն եւ խաղան մարդկանց ճակատագրերի հետ: Որքան էլ այսօր Օսիպյանը ներկայացվում է որպես «թավշյա» ոստիկանապետ, հասարակության մոտ նա մնում է որպես նախորդ ռեժիմի ձեռքի մահակ, որով ում գլխին երբ պետք է եղել, հարվածել են: Թե՛ Օսիպյանը, թե՛ Հունան Պողոսյանը իրենց մեջ խտացրել են նախորդ ռեժիմի բռնարարներին, ուստի նրանց ցանկացած ցուցմունք չի կարող արժանահավատ լինել: Երեկ դատարանում իրար հանդիպեցին նախորդ ռեժիմի բռունցքը, ով այսօր ծառայում է նոր իշխանություններին, եւ քաղաքացին… ուստի բախումն անխուսափելի էր…