Յունիբանկի նոր՝ «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Յունիբանկի նոր՝ «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ԱՄՕ բեռնային համալիրում: Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային եւ վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:

«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ` սպասարկվելու հենց տեղում, եւ մենք ապահովեցինք այդ հնարավորությունը»,- նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: «Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ եւ վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:
Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երեւանում, այլ նաեւ` մարզերում: Մինչեւ տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս եւ Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49: