Հասանք Սանկտ Պետերբուրգ

Հասանք Սանկտ Պետերբուրգ

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են` Նիկոլ Փաշինյանը, արդյոք, մասնակցելո՞ւ է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին: Դմիտրի Պեսկովն էլ ասել է` այո, մասնակցելու է: Որքան էլ պեղեցինք, մեզ չհաջողվեց պարզել, թե հատկապես ով է այդքան հետաքրքրված եղել ֆորումին Նիկոլ Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու հարցով: Այսուհանդերձ, կարելի է ենթադրել, որ այս տեղեկատվության տողատակում խնամքով թաքցված է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին ոչ հարթ հարաբերությունը, ինչի մասին բացահայտ խոսվեց Նուր Սուլթանում` ԵԱՏՄ գագաթնաժողովի օրերին: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարները Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի հիմնադրման օրվանից միշտ էլ մասնակցել են, եւ երբեք հերթական հավաքից առաջ հարց չի առաջացել` կմասնակցի՞, արդյոք, Հայաստանը: Ուրեմն այդ ի՞նչ է պատահել, որ այդ հարցն այսօր հուզում է օտարներին:
Հայաստանում էլ վարչապետի մամլո քարտուղարն է շտապել լրատվամիջոցներին հայտնել, որ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ֆորումին, բայց դժվարացել է ասել` կհանդիպի՞, արդյոք, ՀՀ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ, թե՞ ոչ:

«Երբ հանդիպումը կհաստատվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը` աչքի առաջ ունենալով նուրսուլթանյան տրագիկոմեդիան, որից հետո նա փորձում էր հայ հանրությանը սեպարատ կարգով համոզել, որ Փաշինյան-Պուտին շփում, այնուամենայնիվ, եղել է եւ այն էլ 2 անգամ:

Չէի ցանկանա, որ մեր այս դիտարկումը մեկնաբանվեր այնպես, թե, իբր, Փաշինյան-Պուտին հարաբերություններով ենք պայմանավորում մեր ամեն ինչը, այդ թվում եւ թավշյա հեղափոխության առաջնորդի «մեծությունը»:  Թե ինչպես է ընկալվել թավշյա հեղափոխությունն աշխարհում, եւ ինչպես են այսօր համաշխարհային առաջնորդները վերաբերվում մեր իշխանությունների քայլերին, գիտենք բոլորս: Պուտինի հետ Փաշինյանի հարաբերություններն էլ մեզ համար հետաքրքիր են այնքանով, որ Հայաստանն ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ պետություն է, կազմակերպություններ, որոնցում Ռուսաստանը, այսպես ասենք, տոն տվող երկիր է: Մյուս կողմից էլ՝ կան հայ-ռուսական ռազմավարական համագործակցության այլ պայմանագրեր եւս, որոնք ուղղակի առնչվում են մեր անվտանգությանը եւ ավելի կարեւոր են, քան ՀԱՊԿ-ի շրջանակներում գործող շատ ու շատ պայմանագրեր:

Ինչեւէ, մենք Փաշինյանին Պուտինի հետ հարաբերություններում իսկական հաջողություններ ենք մաղթում, մանավանդ, որ այս օրերին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվեց, հայկական եւ ռուսական ուժերը համատեղ հետեւում են Նախիջեւանում թուրքական զորքերի կուտակումներին եւ նպատակային զորավարժություններ անցկացնում` ի հակակշիռ թուրք-ադրբեջանական զորավարժությունների:

Հայաստանյան որոշ շրջանակներում, սակայն, Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ կարեւորվում է բոլորովին այլ ասպեկտներով: Մարդիկ կան, որոնց հանգիստ չի տալիս, օրինակ, Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր կեցության կարգավիճակ շնորհելու փաստը: Դա հատուկ մեսիջ է ՌԴ-ի կողմից, Մոսկվան այդկերպ ուզում է միջամտել մեր ներքին գործերին, փորձ են անում խեղդել մեր հեղափոխությունը…

Հայաստանի օդն այսօր լիքն է թվարկված եւ նմանատիպ այլ ձայնարկություններով, որոնց հեղինակների միակ փաստարկն այն է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական միության մեջ անհասկանալի էջ են բացել, եւ, քանի որ դա օտար ու մերժելի էջ է իրենց համար, ԵԱՏՄ գործընկերները չեն հասկանում՝ ինչպես պահել իրենց մեր իշխանությունների հետ հարաբերություններում: Սա կեղծ փաստարկ է, իհարկե, ինչպեսեւ Փաշինյանի ոչ վաղ անցյալի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է ադապտացվի «նոր Հայաստանին» ու թավշյա հեղափոխությանը: Միջազգային հարաբերություններում գործընկերները չեն ադապտացվում մեկը մյուսին, այլ հետապնդում են իրենց շահերն այդ հարաբերություններում: Ի վերջո, ամբողջ աշխարհում է այդպես, եւ եթե դու հարաբերվում ես, օրինակ, Ղազախստանի հետ, պարտավոր չես ադապտացվել այդ երկրի բոլոր ներքին խնդիրներին: Հակառակ պարագայում, մանավանդ եթե տվյալ երկրի ներքին խնդիրներն այնքան շատ են, որ քեզ ուղղակի տակով կանեն, դու չես կարող ընդհանրապես ադապտացվել: Այդկերպ մտածելով` դու չես կարող հարաբերվել նույնիսկ Ֆրանսիայի նման երկրի հետ, որովհետեւ, օրինակ, Ֆրանսիայի հյուսիսի եւ հարավի հակասությունները, հաստատ, քո հագով չեն: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի ներկա իշխանությունների գզվռտոցը սեփական ստվերի հետ, հաստատ, այն լավագույն կռվանը չէ, որ Ռուսաստանի նման գերտերությանն ստիպի ադապտացվել մեզանում ի հայտ եկած նոր իրավիճակին: Այսօր Ռուսաստանը ողջ աշխարհն է ադապտացնում, իսկ մենք, իբր, մի մեծ բան ենք արել, ուզում ենք, որ Ռուսաստանն ադապտացվի մեզ: Ծիծաղելի չէ՞:

Հայաստանում որոշ խելացիներ համոզված են` Արեւմուտքը ծնկի է բերել Ռուսաստանին, եւ այդ պատճառով է, որ Մոսկվան չի կարողանում անել այն, ինչ սովորաբար անում է՝ ռեպրեսիաներ, ջարդել, փշրել, թալանել: Եվ հիմա մի վիճակ է, հավատացնում են մեր քաղաքագետները, որ կա՛մ նրանք կքաղաքակրթվեն մեր հեղափոխությամբ, կա՛մ մենք կվայրենանանք: Հայկական մամուլում կարդալով այս ամենը` համոզվում ես, որ գործ ունես կատարյալ անմեղսունակ «մտածողների» հետ: Քանի՞ անգամ են մեզ Մոսկվայից ասել, որ Հայաստանին ոչ ոք ստիպողաբար ԵԱՏՄ-ում չի պահում: Քանի՞ անգամ եւ ի՞նչ նոր ձեւերով մեզ պետք է հասկացնեն, որ ՀԱՊԿ-ն, առանց Հայաստանի նման խնդրահարույց երկրի, շատ ավելի ստաբիլ կառույց կարող է լինել: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ դնում ստրուկի, զոհի, արհամարհվածի կարգավիճակում: Մենք ի վերջո պե՞տք է հասկանանք, որ մեր այս ներգրավվածությունները հավեսի համար չեն արվել, որ դրանք բխում են ոչ միայն մեր, այլեւ գործընկեր երկրների շահերից:

Գաղտնիք չէ, կարծում եմ, որ Արցախի Հանրապետության ներկա ստատուս քվոն արդյունք է Հայաստանի Հանրապետության այս 30 տարիների վարած արտաքին քաղաքականության, որը, անշուշտ, ի թիվս այլ բաղկացուցիչների, կառուցված է նաեւ տարածաշրջանային առանձին «խաղացողների» հետ շահերի համադրման վրա: Եվ հանկարծ, ոչ դես, ոչ դեն, ՀՀ ԱԺ-ում ստեղծում են Ապրիլյան պատերազմը քննող դիլետանտների մի հանձնաժողով, որը, ով գիտի, բացահայտելու է նաեւ Ռուսաստանի դերն այդ պատերազմում: Այս լուրջ «հաջողությունը» ոմանց ստիպել է հիշել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոստովանությունն այն մասին, որ արբանյակներն այդ պատերազմից առաջ ֆիքսել են ադրբեջանական զորքերի կուտակումները շփման գծում:

Եվ, ահա, մեր առանձին քաղաքագետներ եզրակացնում են, որ Փաշինյանին Մոսկվայում չեն սիրում նաեւ այս հանձնաժողովն ստեղծելու համար, քանի որ այդ հանձնաժողովը, վախ, վախ, վախ, կարող է «լույս սփռել» մեր ռազմավարական գործընկերոջ` այն օրերի «դավաճանական» պահվածքի վրա: Շատ ներողություն, իսկ մեր այդ «чудо-юдо» հանձնաժողովը, ներքին պատճառներից բացի, ուսումնասիրելո՞ւ է, արդյոք, թե ինչ դերակատարություն են ունեցել Արեւմուտքը, ՄԽ անդամ մյուս երկրները եւ մասնավորապես Թուրքիան՝ Ապրիլյան պատերազմի հրահրման գործում, թե՞ արտաքին ազդակներից միայն Ռուսաստանի պահվածքն են քննարկելու: Եթե հասկանում եք, սա իսկապես կարող է վերածվել Ռուսաստանի հանդեպ խայտառակ դեմարշի, ինչի համար կարող են ոչ միայն չհանդիպել Փաշինյանի հետ, այլեւ փորձել Հայաստանը դուրս բերել արցախյան խնդրի կարգավորման գործընթացից: