Ալավերդիում ով ինչ ուզել, սարքել է, ՏԻ մարմիններն էլ օրինականացրել են

Ջրհեղեղին հաջորդած օրերին Դեբետի մակարդակը հետզհետե սկսեց իջնել, միայն մայիսի 26-ին մոտ 105 սանտիմետրով էր իջել, բայց Լոռու մարզի մի քանի բնակավայրեր՝ Ախթալա եւ Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Բենդիկ, Շնող, Թեղուտ գյուղերը դեռ աղետալի վիճակում են․ որոշները՝ արգելափակված, մյուսները՝ տիղմով ողողված եւ ճանապարհներից զրկված։ Մարդիկ ելումուտ չունեն, չկա վառելիք, հացի ու այլ սննդամթերքի պակաս կա, եւ փրկարարները, տարբեր հասարակական կազմակերպություններ ու անհատներ մեծ գործ են անում՝ աղետի վնասները նվազեցնելու համար։ Առաջին օրերին շրջափակման մեջ էր հայտնվել նաեւ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանը, ով Փոքր Այրումում էր։ «Քարկոփի եւ Ախթալայի կամուրջները փլուզված են, հնարավոր չէ մայրուղիներ մտնել։ Մենք ունենք նաեւ փլուզումներ Շնողի ու Հաղպատի հատվածում եւ համայնքային կենտրոն կամ մարզկենտրոն չենք կարող այցելել»,- նախօրեին մեզ հետ զրույցում ասաց նա։
- Սննդի հարցերն ինչպե՞ս են լուծվում։
- Ոչ մեծ թվով խանութներից մարդիկ գնումներ են կատարել։ Կա ալյուրի գործարան Ախթալայում, որտեղից մարդիկ ալյուր են գնում։ Խնդիր է վառելիքը։ Տեղեկություն ունենք, որ սննդային աջակցություն են հասցրել որոշ համայնքների։ Փոքր Այրումում մոտ 30-40 մարդ է ապրում, իրար օգնում են։ Ալավերդի-Ջիլիզա-Շամլուղ հատվածում հիմա ճանապարհ են մաքրում, որպեսզի անհրաժեշտ սնունդ հասցնեն։
- Շրջափակված գյուղերից հիվանդների տարհանում եղե՞լ է։
- Այո, հղիի ծննդաբերության խնդիր է եղել, հանել են այլընտրանքային ճանապարհով, ամենագնացով։ Ճոճկանի եւ Ախթալայի առողջապահական կենտրոնները գործում են։ ՏԻՄ վարչական ղեկավարներն անընդհատ կարիքների գնահատում են իրականացնում, նաեւ զբոսաշրջիկների, մարդկանց, ովքեր եկել են ու մնացել բարեկամների տները։ Հիմնական խնդիրը կոմունիկացիան է։ Եթե կոմունիկացիան չվերականգնվի, մենք սոցիալական, տնտեսական խնդիրներ կունենանք բնակչության շրջանում։
- Ձեռնարկությունների վիճակը ո՞նց է։
- Քարկոփի ու Ալավերդու տարածքում բազմաթիվ խանութներ, օբյեկտներ են եղել, օֆիսներ, հյուրանոց-մոթելներ, ռեստորաններ, գոմեր, գյուղատնտեսական նշանակության հողեր։ Վնասը մեծ է։ Մենք ունենք ահազանգեր, որ ամբողջ մոթելը, օրինակ, գետի տակ է անցել։
- Ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ պատրաստ չէինք նման աղետին։
- Կլիմայական փոփոխությունների համատեքստում երկիրը պետք է աղետների կանխարգելման սկզբունքով առաջնորդվի, բայց տասնամյակներ շարունակ առափնյա օբյեկտները շատացել են, ինչը հակասության մեջ է համայնքի աղետների եւ ռիսկերի բնութագրերի, դրանց կառավարման հետ։ Դրանց ավելանալու հաշվին գետի հունը բարակել էր։ Հիմա տնտեսական վնասների առաջին պատճառը տեղական քաղաքականությունն է, քաղաքաշինական առումով։ Ով ինչ ուզել` սարքել է։ Տեղական ինքնակառավարման մարմիններն էլ օրինականացրել են կամ թույլտվություն են տվել՝ անտեսելով ռիսկերը, հատկապես որ համայնքի բնակլիմայական կարիքները մի քանի անգամ գնահատվել են, եւ որպես առաջնային վտանգ դիտվել են հնարավոր ջրհեղեղները, գետի հունի բարձրացումը, սողանքները։ Այս ամենը տարիներ, տասնամյակներ շարունակ արհամարհվել է։
- Կենդանիներ են անկել, տեսա, որ անասուններ է քշել ջուրը, փողոցային կենդանիներն ի՞նչ են եղել։ Փրկո՞ւմ են կենդանիներին։
- Անասնագոմերի կենդանիներին գետը տարել է։ Անասնագոմերի, օբյեկտների մոտ շատ էին շները։ Նրանք, որոնք կապված էին, այո, չկան։ Կան կամավորական խմբեր, երիտասարդներ, որոնք աջակցում են, գտնում են կենդանիներին, փրկում են։
- Բջջային կապի օպերատորներն աշխատե՞լ են։
- Համայնքը մեծ է, մի տեղ մեկն է լավ աշխատում, մի տեղ՝ մյուսը։ Մայիսի 26-ին «Ռոստելեկոմի», «Թիմի» կապ չի եղել, «Յուքոմի», հետո վերականգնվել է։ Մեզ մոտ «Վիվասելը» համարյա անխափան եղել է։
Կարծիքներ