Իսրայելը գաղտնալսել է ՄՔԴ-ի դատախազների հեռախոսները. The Guardian 

Իսրայելը գաղտնալսել է ՄՔԴ-ի դատախազների հեռախոսները. The Guardian 

Վերջին տասը տարիների ընթացքում Իսրայելը Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատակիցների դեմ «ահաբեկման և ոտնձգությունների» արշավ է իրականացրել: Այս մասին հետաքննական հոդվածում գրում է բրիտանական The Guardian հրատարակությունը։

Հոդվածում ասվում է, որ իսրայելական հետախուզությունը ոչ միայն հսկել և սպառնացել է նախկին դատախազ Ֆաթու Բենսուդային, այլև գաղտնալսել է նրա հեռախոսները, ինչպես նաև նրա իրավահաջորդ Քարիմ Խանի և Իսրայելի դեմ հետաքննության հետ կապված տասնյակ այլ մարդկանց՝ իրավաբանների, դիվանագետների և պաղեստինցի ակտիվիստների կապի գծերը։ 

Բացի այդ, ենթադրվում է, որ Նեթանյահուի գրասենյակը խորապես ներգրավված է եղել լրտեսական գործողության մեջ և տվել է հետախուզական տվյալների հավաքագրման հրահանգներ, իսկ վարչապետն ինքը, իբր, «տարված» է եղել տեղեկատվություն ստանալու հարցով։ Հաղորդվել է նաև, որ որոշ տվյալներ թույլ են տվել Իսրայելին նախապես պատրաստվել դատարանի առաջիկա գործողություններին՝ փորձելով դրանք տորպեդահարել։

Իսրայելի հետախուզական ծառայությունները ձեռք են բերել Միջազգային քրեական դատարանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներկայիս դատախազ Խանի և նրա նախորդ Բենսուդայի կոնտակտային տվյալները, որի շնորհիվ կարողացել են գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, մուտք ունենալ տեքստային հաղորդագրություններին, էլ. նամակներին և փաստաթղթերին:

Հետաքննության համաձայն՝ վերջին ամիսներին հսկողությունը շարունակվել է՝ իբր վարչապետ Նեթանյահուին հնարավորություն ընձեռելով նախնական տեղեկություններ ձեռք բերել դատախազ Խանի մտադրությունների մասին՝ կապված նրա և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամանների հետ:
Հետաքննությունը պնդում է, որ վարչապետի ազգային անվտանգության խորհրդականները վերահսկել են լրտեսական գործողությունը, և որ Անվտանգության գլխավոր ծառայությունը, ռազմական հետախուզությունը և ՑԱԽԱԼ 8200 ստորաբաժանումը անմիջականորեն ներգրավված են եղել այդ գործընթացում:

The Guardian-ն ընդգծում է, որ վարչապետ Նեթանյահուն, Իսրայելի հետախուզական գործակալությունների ղեկավարները և տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հավանություն են տվել լրտեսական գործողությանը, անձնական շահագրգռվածություն են ունեցել դրա արդյունքների հարցում: