20 տոկոսը սթափ է, իսկ մյուս 80 տոկո՞սը

20 տոկոսը սթափ է, իսկ մյուս 80 տոկո՞սը

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Արկադի Մեհրաբյանն է:

- Ո՞ր դեպքում է հասարակությունը հեղափոխություն անում, ի՞նչ հոգեվիճակ է հարկավոր, եւ եթե համեմատենք այսօրվա պայքարը 2018 թվականի հետ, հանրության շերտերն ի՞նչ հուզական վիճակում են, ի՞նչ տարբերություններ կան:

- Ոչ մի տարբերություն՝ հուզական ու հոգեբանական առումով, ես չեմ նկատում: Մարդիկ թե՛ առաջ, թե՛ այսօր դժգոհ են իրավիճակից, պարզապես կա համախմբման հարց: 2018-ին տեղի ունեցածը հոգեբանական տեսանկյունից գոնե ինձ համար անկեղծ չի եղել: Խոսվում էր սիրո, հանդուրժողականության ու բարության մասին, բայց ամբոխին առաջնորդում էր մեկը` իր անձնական ջարդել-փշրելու սկզբունքներով: Բարի, խաղաղ թավշյա հեղափոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Առհասարակ, եթե հեղափոխությունների մասին ենք խոսում, Հայաստանում պարտադիր ինչ-որ մեկի շահը ստորադասվում է վերջում «մենք»-ին: Ազգային շահերը մշտապես մղվել են հետին պլան: Մեր առաջնորդների գիտակցության մեջ չի եղել թիմային հոգեբանության դրսեւորում, տեսնենք, թե այս անգամ ինչ կլինի: Համենայնդեպս ես կարծում եմ, որ այսօր բավարար քանակությամբ մարդիկ փողոց դուրս չեն գալիս:

- Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:

- Մենք սկսել ենք ապրել բնազդներով ու կորցրել ենք մեր արժեհամակարգը: Կոպիտ չեմ ուզում արտահայտվել, բայց մեր ժողովրդին ամենից շատ սկսել են հետաքրքրել փողը, լավ կյանքով ապրելը, վայելքներին տրվելը, իսկ շատ այլ գաղափարներ, որոնք նույնպես շատ կարեւոր են, հետին պլան են մղվել: Այն աստիճան է դեգրադացիան խորացել, որ մարդն իր աչքի տեսածին չի հավատում, ինչ-որ մեկի հորինվածքներին է հավատում: Անգամ կենդանական աշխարհում 100 տոկոս ճշմարտություն համարվում է զգայարաններով տեսածն ու լսածը: Մարդիկ շատ են սիրում ապրել ենթադրություններով՝ մի կողմ թողնելով ակնհայտ փաստերը:

- Բայց մարդիկ նաեւ դժգոհ ու տխուր են: 

- Տխուրի մասով այնքան էլ համաձայն չեմ: Տխուր ազգը ողջ օրը քեֆ չի անի: Ես չեմ ասում, թե լավ կլիներ, որ մեր ժողովուրդը տխուր լիներ, բնավ, բայց այնպես չէ, որ մարդիկ տխուր են, գուցե չնչին մասը տխուր է, բայց չկա ազգային համընդհանուր դեպրեսիա: Հակառակ դեպքում մարդիկ համախմբված փորձ կկատարեին հաղթահարել այդ դեպրեսիան: Մեր ժողովուրդն ավելի շատ դժգոհ է, բայց դա էլ չի հասել այն աստիճանին, որ, ինչպես ասում են, դանակը ոսկորին հասնի: Այդ դժգոհությունն ավելի շատ բանավոր դժգոհություն է:

- Երկրի սահմանները վտանգված են, պատերազմում պարտվեցինք, բավարար չէ՞ հանրային լայն դժգոհություն առաջացնելու համար:

- Չեմ ուզում վիրավորել մարդկանց, բայց ինձ թվում է` շատ-շատերի գիտակցական մակարդակին չի էլ հասնում այդ ամենը: Հենց նոր դրա մասին էի մտածում, որ մարդն ինչպե՞ս կարող է այս աղետալի վիճակում ուրախ ապրել: Ինձ համար անգամ 2 զինվորի մահն է աղետ, ուր մնաց հազարներինը: 

- Բայց տասնյակ հազարավոր մարդիկ, այնուամենայնիվ, հրապարակում էին:

- Այո, կա նաեւ սթափ զանգված, բայց դա, ցավոք, այն բավարար քանակը չէ՝ ինչ-որ բան փոխելու համար: Թող 20 տոկոսը սթափ լինի, ընդունում եմ, իսկ մյուս 80 տոկո՞սը: