Զուրաբիշվիլին հանրաքվե է հայտարարել. նախագահն անզիջում է

Զուրաբիշվիլին հանրաքվե է հայտարարել. նախագահն անզիջում է

Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի վետոն հաղթահարելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին այս նախաձեռնությանը դեմ հանդես եկող ցուցարարներին կոչ է արել նախապատրաստվել եվրոպական ապագայի թեմայով հանրաքվեի։  Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Մենք պետք է իրական հանրաքվե պատրաստենք: Այս էներգիան, որն այսօր կա ձեր մեջ, պետք է ծախսվի ստորագրություններ հավաքելու և ինձ տրամադրելու վրա: Ես հրամանագիր կստորագրեմ հանրաքվեի մասին. կամ ցանկանում ենք եվրոպական ապագա կամ ռուսական ստրկություն»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ ցուցարարներին ուղղված ուղերձում։

Համաձայն «Հանրաքվեի մասին» Վրաստանի օրենքի՝ հանրաքվեն անցկացվում է հանրապետության ողջ տարածքում, նախագահն իրավասու է հայտարարել դրա անցկացման մասին, եթե դա պահանջեն կառավարությունը, խորհրդարանը կամ առնվազն 200 հազար քաղաքացի։ Հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանը պահանջում է վարչապետի հակաստորագրություն։